Եվրամիությունը Հայաստանին 25 մլն եվրո ֆինանսական օժանդակություն կհատկացնի
Եվրոպական հանձնաժողովը «Արևելյան գործընկերության ինտեգրում և համագործակցություն» ծրագրի շրջանակում 87 մլն եվրո լրացուցիչ ֆինանսական աջակցություն է տրամադրելու Հայաստանին, Վրաստանին և Մոլդովային: Այս մասին հայտնում է Եվրոպական հանձնաժողովի պաշտոնական կայքը:
Հատկացվող ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է 87 մլն եվրո, որը կբաշխվի երեք երկրների միջև՝ Մոլդովային կհատկացվի 35 մլն եվրո, Վրաստանին՝ 27մլն եվրո, իսկ Հայաստանին՝ 25 մլն եվրո:
«Այս տարի երեք արևելյան գործընկերները խրախուսվեցին ժողովրդավարության վերափոխման գործում իրենց ջանքերի և հիմնարար արժեքներին հավատարիմ լինելու համար: Հույս ունենք, որ այս խումբը հետագայում կընդլայնվի: Լրացուցիչ ֆինանսավորում նշանակում է ավելի մեծ աջակցություն ազգային բարեփոխումներին և համատեղ նախագծերին, որոնք կոնկրետ օգուտներ կբերեն քաղաքացիների կյանքում»,- հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ ասվում է, Վրաստանում ֆինանսական միջոցները կուղղվեն աշխատաշուկայի կառավարման բարելավմանը՝ լավագույնս ապահովելու կրթության, որակավորման և շուկայի պահանջների միջև կապը: Մոլդովայում ֆինանսավորումը կուղղվի գյուղական շրջաններում տնտեսական հնարավորությունների բարձրացմանը: Իսկ Հայաստանում լրացուցիչ ֆինանսական օժանդակությունը կուղղվի կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական ծառայության ոլորտում բարեփոխումներին:
Եվրոպական հանձնաժողովն ընդգծել է, որ ընդլայնվել է Հայաստանում քաղաքացիական հասարակությանը տրամադրվող ուղիղ աջակցությունը՝ ներառյալ «Արևելյան գործընկերության ինտեգրում և համագործակցություն» ծրագրով նախատեսվող ֆինանսավորմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները