Եվրամիությունը Հայաստանին լրացուցիչ 41 միլիոն եվրո կհատկացնի
Եվրամիությունը «Եվրոպական հարևանության քաղաքականության» շրջանակում Հայաստանին կհատկացնի 41մլն եվրո՝ աջակցելու Հայաստանում քաղաքացիական հասարակությանը, տարածաշրջանային զարգացմանը և գյուղատնտեսությանը: Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է Եվրամիության պաշտոնական կայքից:
«Եվրամիությունը և Հայաստանը որոշել են փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում շարունակել համագործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր արժեքների վրա: Գյուղատնտեսությանը և գյուղական շրջաններին ուղղվող մեր աջակցությունը, մարզերի համաչափ զարգացումը, ավելի արդյունավետ պետական ծառայությունը և ուժեղ քաղաքացիական հասարակությունը լուրջ խթան կհանդիսանան Հայաստանում բարեփոխումներին և կոնկրետ օգուտներ կբերեն մարդկանց»,-հայտարարել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ ընդհանուր 41մլն եվրոյից 25մլն-ը կուղղվի Հայաստանում գյուղատնտեսության և գյուղական շրջանների աջակցությանը, 10մլն-ը՝ Հայաստանի մարզերի համաչափ սոցիալ-տնտեսական զարգացմանը, իսկ 6մլն-ը՝ Եվրամիության և Հայաստանի միջև ստորագրված վիզային ռեժիմի դյուրացման և հետընդունման համաձայնագրերի, ԵՀՔ գործողությունների ծրագրի կյանքի կոչման հարցում առանցքային ինստիտուտների և քաղաքացիական հասարակության աջակցությանը:
Հիշեցնենք, որ մոտ մեկ շաբաթ առաջ՝ դեկտեմբերի 12-ին, Եվրամիությունը «Արևելյան գործընկերության ինտեգրում և համագործակցություն» ծրագրի շրջանակում Հայաստանին հատկացրել է 25 մլն եվրո, որն ուղղվելու է կոռուպցիայի դեմ պայքարին և քաղաքացիական ծառայության ոլորտում բարեփոխումներին:
Նախորդող՝ Եվրամիությունը Հայաստանին 25 մլն եվրո ֆինանսական օժանդակություն կհատկացնի
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները