Տ. Սարգսյան. «Եթե դուք ունեք աշխատանք և եկամուտ, ապա պարտավոր եք մտածել ձեր ապահով ծերության մասին»
«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի բարեփոխման հիմնական բովանդակությունը խարսխված է հետևյալ կարևորագույն քաղաքական սկզբունքի վրա. այսուհետև ապահով ծերության համար պատասխանատվություն է կրում ոչ միայն պետությունը, այլև յուրաքանչյուր աշխատող քաղաքացի: Եթե դուք ունեք աշխատանք և եկամուտ, ապա պարտավոր եք մտածել ձեր ապահով ծերության մասին»,- այսօր տարեկան ամփոփոիչ ասուլիսի ժամանակ պատասխանելով պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելու վերաբերյալ հարցին, նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Նա ասաց, որ կառավարությունը հրաժարվում է սերունդների համերաշխության սկզբունքից, որովհետև այլընտրանք չկա: Վարչապետի համոզմանբ, եթե ցանկանում ենք, որ ՀՀ քաղաքացիները ապահով ծերություն ապրեն, ապա միակ ելքը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին անցնելն է:
«Այսօր մենք ունենք 500 հազար քաղաքացի, որոնք վճարում են միասնական սոցիալական հարկ: Սերունդների համերաշխության սկզբունքի ներքո այդ հարկերը մենք պետք է ուղղենք այսօրվա մեր 550 հազար թոշակառուներին, այնպիսի թոշակ նրանց վճարենք, որպեսզի նրանք իրենց ծերությունը համարեն, որ ապահով է: Այս համակարգը այդ երաշխիքը չի ստեղծում, որովհետև մեր 500 հազար հարկ վճարողների կողմից վճարված գումարները բավարար չեն պատշաճ կենսամակարդակ ապահովելու համար»,- վստահեցրեց Տիգրան Սարգսյանը:
Նա մանրամասնեց, որ այսօր պետությունը վճարում է 33 հազար դրամ միջին թոշակ այն պարագայում, երբ աղքատության շեմը նույնքան դրամ է կազմում, և ստացվում է, որ եթե մարդը ստանում է այդ կենսաթոշակը, նա կարող է միայն լուծել մինիմալ սնունդի պահանջարկը, նշանակում է, որ երբ մարդն անցնում է թոշակի, նա աղքատ է:
«Սա անթույլատրելի համակարգ է: Այսօրվա կենսաթոշակային համակարգը արդար չէ, որովհետև հաշվի չի առնում, թե մարդն ինչ աշխատանքային կենսագրություն է ունեցել, ինչքան հարկ է վճարել իր աշխատանքի ընթացքում, ինչ եկամուտներ է ունեցել: Ունենք միակ հնարավորությունը` անցնել պարտադիր կուտակային համակարգին: 275 հազար քաղաքացի հունվարի 1-ից նոր կյանք է սկսելու, որովհետև մենք նրանց պարտադրում ենք իրականացնել որոշակի գործողություններ օրենքի ուժով: Նրանք նաև դառնալու են պահանջատեր, որովհետև պետությունը ամեն ամիս պարտավորվում է կրկնապատկել իրենց խնայողությունները: Մեր պետությունը ասում է իր երիտասարդներին. սիրելի երիտասարդներ, դուք պետք է ստանձնեք ձեր ապագայի համար այդ սոցիալական պատասխանատվությունը: Դուք պետք է ձեր եկամուտներից 5% կուտակեք, որպեսզի անցնեք ապահով, երաշխավորված կենսաթոշակի, որպեսզի չառնչվեք աղքատության խնդրի հետ 35-40 տարի հետո»,- ասաց Տիգրան Սարգսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում