Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները նվազել են 8 միլիարդ դոլարով
Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ նախագահ ընտրվելուց հետո առաջին անգամ Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիփ Էրդողանն այսօր այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Թուրքիայի վարչապետն Իրան է մեկնել ԱԳ, էներգետիկայի և բնական պաշարների, տնտեսության և մշակույթի և զբոսաշրջության զարգացման նախարարների ուղեկցությամբ:
Այսօր առավոտյան նրան ընդունել է արդեն ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջհանգիրին. Նախատեսվում է, որ Էրդողանը հանդիպում կունենա նաև ԻԻՀ հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի և նախագահ Հասան Ռոհանիի հետ:
Ըստ իրանական ԶԼՄ-ների՝ Էրդողանի՝ իրանական այցի հիմնական նպատակը տնտեսական հարաբերություններն աշխուժացնելն է:
Եթե Իրանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալները 2012թ. կազմել են 21.8 միլիարդ դոլար, ապա 2013թ. նվազում է արձանագրվել՝ հասնելով 13.5 միլիարդի: Էրդողանն այսօր Թեհրանում հայտարարել է , թե կողմերը նպատակ ունեն մինչև 2015թ. երկկողմ ապրանքաշրջանառության ծավալները հասցնել 30 միլիարդ դոլարի:
Թուրքիան Իրանից հիմնականում ներկրում է գազ և նավթ. Վերջին տարիներին Անկարան պաշտոնական մակարդակով բազմիցս դժգոհել է, որ Իրանը Թուրքիային բավականին թանկ գնով է գազ վաճառում՝ 1000 խմ-ի դիմաց 490 դոլար, և սա այն դեպքում, երբ Թուրքիան Ռուսաստանից գազը գնում է 425, իսկ Ադրբեջանից 335 դոլարով:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա