«Շնորհավորում եմ բոլորիս, որ հայկական պլանշետը դարձել է իրականություն». Տիգրան Սարգսյան
Երևանում այսօր պաշտոնապես ներկայացվեց հայկական արտադրության առաջին պլանշետը՝ ԱրմԹաբը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը և պաշտոնատար այլ անձիք:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն հայտնեց հայկական պլանշետի հիմնադիրներին, որ այս ծրագիրը դարձել են իրականություն:
Նշենք, որ ԱրմԹաբի արտադրությունն իրականացնում է հայ-ամերիկյան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերությունը: Այն համարվում է Հայաստանում Ազատ տնտեսական գոտում գրանցված առաջին ընկերությունը:
«Շնորհավորում եմ բոլորիս, որ հայկական պլանշետը դարձել է իրականություն, դա մեր հպարտությունն է: Համոզված եմ, որ ցանկացած երիտասարդ, որն օգտվելու է այդ պլանշետից, հպարտ է լինելու, որ ինքը հայկական պլանշետով է աշխատում»,- ասաց Տ.Սարգսյանը:
Ըստ նրա` ընդամենը երկու տարի առաջ քննարկում էին, թե ինչպիսին է լինելու ՀՀ կառավարության նոր ծրագիրը, և որոնք են լինելու առաջնահերթությունները: Բնականաբար շեշտադրվեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մնալու է առաջնահերթություն, իսկ դա նշանակում է, որ ուշադրության կենտրոնում պետք է գտնվի ամբողջ կրթական պրոցեսը: «Տեղեկատվական տեխնոլոգիները փոխել են ժամանակից աշխարհը, տեղի է ունեցել վիրտուալ հեղափոխություն, փոխվել է նաև մտածողությունը: Դա նշանակում է, մենք պետք է կարողանանք արդիական ձևով արձագանքել այդ հեղափոխությանը, կրթական համակարգում օգտագործել նոր տեխնոլոգիաներ, հաշվի առնել վիրտուալ հեղափոխության առանաձնահատակությունը՝ մտածողության փոփոխությունը, և այն ներդնել մեր կրթական համակարգում»,- նշեց Տ. Սարգսյանը:
Նրա խոսքերով` ՀՀ կառավարության ծրագրով, որն արժանացել է հանրության և Ազգային ժողովի հավանությանը, առաջին դասարանցիները պետք է ապահովվեն համակարգչով: Այդ առումով, ըստ Տ.Սարգսյանի, հայկական պլանշետների արտադրության այս ծրագիրը համահունչ է կառավարության ծրագրին:
Կառավարության ղեկավարը սա համարեց լրջագույն հաջողություն, քանի որ Հայաստանը երկարաժամկետ առումով գտնում է իր տնտեսության մասնագիտացման կարևորագույն ոլորտներից մեկը, իսկ վերջին 10 տարիների փորձը ցույց է տվել, որ այս բնագավառում մեր երկիրն ունի հարաբերական առավելություն՝ ինտելեկտուալ ներուժ, երիտասարդ սերնդի կարողություններ:
Տ.Սարգսյանի խոսքերով` ժամանակից աշխարհը չի կարող իրեն պատկերացնել առանց ՏՏ-ի, իսկ տնտեսության ցանկացած ճյուղ առանց ՏՏ-ի կիրառման չի կարող լինել արդյունավետ: Ըստ նրա, եթե մենք կարողանանք քաղել այս ոլորտի բոլոր պտուղները, ապա դա կնշանակի, որ ևս 10 տարի անց ՀՀ տնտեսությունը կլինի արդյունավետ և արտադրողականության տեսակետից կլինենք մրցունակ պետություն:
Minno Tablet ընկերության նախագահ Էրիկ Ռայենը նշեց, որ հայկական պլանշետների արտադրության իրենց ներդրումային ծրագիրը լավագույններից է` թե ՀՀ կառավարության ցուցաբերած աջակցության և թե ներգրավված աշխատակազմի ու գործընկերների առումով:
Նրա խոսքերով՝ Minno Tablet ընկերությունը կապահովի նախագծի արդյունավետ մեկնարկի և զարգացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները, տեխնոլոգիաների փոխանցումը և այլ հնարավոր աջակցություն: «Ես խոնարհվում եմ հայկական տեխնոլոգիական մտքի ու ներուժի առջև և համոզված եմ, որ շատ շուտով նաև մեր աջակցությամբ Հայաստանն իր լայն ճանաչումը կստանա ամբողջ աշխարհում՝ որպես բարձր տեխնոլոգիաների երկիր»,- նշել է Էրիկ Ռայենը:
Նշենք, որ հայկական արտադրության առաջին պլանշետը (Armtab) և առաջին հեռախոսը (Armphone) ներկայացվել էր ՀՀ վարչապետին կից արդյունաբերական խորհրդի նիստում:
Նախատեսվում է, որ «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս»-ն առաջիկա երեք տարվա ընթացքում արտադրության ծավալը 10 հազար պլանշետից կհասցնի 50 հազարի, իսկ մեկ պլանշետի գինը կլինի 180 դոլար, ինքնարժեքը` 135 դոլար:
Պլանշետների ծրագրային և սարքային ապահովման (software և hardware) դիզայնն իրականացվում է Հայաստանում, իսկ հավաքումը` ԱՄՆ–ում և Հոնկոնգում:
Լուսանկարներն` այստեղ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան