Սերժ Սարգսյան. «Ես ակնկալում եմ 2014թ.-ի համար ավելի մեծ տնտեսական աճ»
«2013թ.-ին տնտեսական աճը մեր երկրում իր չափով զիջել է 2012թ.-ի տնտեսական աճին: 2012թ-ին մենք ունեցանք 7% տնտեսական աճ, իսկ այս տարի ակնկալվում է 3,5%: Այս միտումը ընդհանրապես բնորոշ է համաշխարհային տնտեսությանը և պատահական չէ, որ 2013թ.-ի առաջին կիսամյակից հետո միջազգային կառույցներն ու փորձագետները սկսեցին ավելի համեստ գնահատականներ և կանխատեսումներ անել համաշխարհային տնտեսության և տարբեր երկրների տնտեսությունների աճի վերաբերյալ»,- Երկրապահ կամավորական միության 10-րդ հոբելյանական համագումարում պատասխանելով Հայաստանի տնտեսության իրավիճակի վերաբերյալ հարցին, այս մասին նշեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Երկրի ղեկավարի խոսքով՝ ԱՊՀ-ի համար Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել էր 3,8% տնտեսական աճ, սակայն այսօր իրական աճը գնահատվում է 2,1%, Ռուսաստանի Դաշնության համար կանխատեսվում է 3,7%, իրականը և նախնականը՝ 1,5%, իսկ ահա Եվրագոտու համար կանխատեսվում է -0,2% էր, նախնականը՝ -0,4%:
«Բոլոր տեղերում, կախված և համաշխարհային պրոցեսներից, և երկրի կոնկրետ ներքին խնդիրներից, աճը դանդաղել է: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Եթե համեմատենք ուրիշների հետ՝ լավ է, բայց եթե համեմատենք մեր կարիքների հետ՝ վատ է: Այնպես որ մենք, իհարկե, պետք է այս տարի շատ ավելի լավ աշխատենք, որպեսզի ունենանք լավ արդյունքներ»,- ասաց Սերժ Սարգսյանը:
Նա հավելեց, որ կան անհանգստացնող միտումներ երկրի տնտեսությունում, օրինակ՝ ներդրումների կրճատումը:
«Սա բացատրում են համաշխարհային տենդենցներով, երբ ներդրումները զարգացող երկրներից տեղափոխվում են զարգացած երկրներ, և երկրորդ՝ 2013թ.-ը համարում են մեր երկրում անորոշություններով լի տարի, իսկ որտեղ անորոշություններ, այնտեղ քիչ ներդրումներ: Բայց բոլոր դեպքերում անորոշությունները հաղթահարված են, որոշումները կայացված են, և այս առումով ես ակնկալում եմ 2014թ.-ի համար ավելի մեծ տնտեսական աճ»,- ընդգծեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: