Ի.Իսայան. ՌԴ-ն շատ լավ գիտակցում է, որ կա ինչ-որ շեմ, որն անցնելուց հետո Հայաստանի տնտեսությունը կկանգնի կրախի առաջ
«Ամենամեծ բացասական կողմն այն է, որ գազի պաշարներ ունեն մի քանի երկրներ միայն: Եվ հենց այս հանգամանքով է բացատրվում գազի խնդրի սրությունը, երբ միայն մի քանի երկիր կարող է թելադրել իր պայմանները»,- «Գազի հարցը հայաստանյան տնտեսության համար» խորագրով Եվրասիական փորձագիտական ակումբի կլոր սեղանի ժամանակ հայտարարեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը:
Նա հիշեցրեց Հայաստանում գազի սակագնի փոփոխությունների պատմությունը և նշեց, որ ՌԴ-ն շատ լավ գիտակցում էր, որ կա ինչ-որ շեմ, որից անցնելուց հետո Հայաստանի տնտեսությունը կկանգնի կրախի առաջ:
«Երկու կողմն էլ վստահ էին, որ կկարողանան համաձայնության գալ և արդյունքում կծնվի մի փաստաթուղթ, որը կբավարարի երկու կողմին էլ: Եվ ամենակարևոր ազդեցությունը, որ ունեցավ այդ փաստաթղթի ձևավորման վրա, Մաքսային միությանը միանալու ՀՀ որոշումն էր»,- հայտարարեց փոխնախարարը:
Ի.Իսայանն ասաց, որ համաձայնագրի շնորհիվ Հայաստանը վերադառնում է 2010թ-ի սակագնին, թեև շատերի մոտ հարց է առաջանում` ինչպես է այդպես ստացվում, եթե գազի սակագինը բարձրացել է: Բայց, նշեց փոխնախարարը, դա իսկապեսայդպես է` ընդամենը 9 դոլարի տարբերությամբ և բազային է այսօր 189 դոլար սակագինը սահմանին: Նաև հիշեցրեց, որ գազի գնի հետագա փոփոխությունը կախված է միայն Օրենբուրգում գազի սակագնի փոփոխությունից:
«Հայաստանի համար մատակարարվելիք գազը այդ գնով կարելի է համեմատել միայն Բելառուսի սակագնի հետ»,- շեշտեց նա` խուսափելով անդրադառնալ գազի գնի գոյացման գործըթնացին, միայն ասաց, որ գազի սակագինը սպառողի համար էլ ցածր է համեմատելով այլ երկրների հետ: Որպես օրինակ նշեց, որ եթե Հայաստանում սպառողին գազը մատակարարվում է 156 դրամ/խմ դիմաց, ապա Թուրքիայում 188 դրամով, Շվեցիայում 663 դրամով, Վրաստանում` 88 դրամ-ով և այլն:
Անդրադառնալով ՄՄ-ին անդամակցելու գործընթացին, փոխնախարարն ասաց, որ 18 դրույթներից, որ կոնկրետ էներգետիկայի ոլորտով պետք է կատարվեր ըստ փաստաթղթի, մոտ 70 տոկոսը արդեն կատարվել է: Եվ որ մայիսին դա հստակ հանրությունը կտեսնի:
Նշենք, որ կլոր սեղանը կազմակերպել է «Ինտեգրացիա և զարգացում» հասարակական կազմակերպությունը: