«Հայաստանը կրթված մարդկանց պակաս չունի. խնդիրներն արմատապես կապված են որակի հետ»
Ի-Վի Քոնսալթինգ ընկերությունը և «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը հրապարակել են 2013-2014թթ. Հայաստանի ազգային մրցունակության հինգերորդ զեկույցը` «Աճի հրամայականը և խոչընդոտները» թեմայով:
Ինչպես զեկույցի շնորհանդեսին նշեց «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնի ղեկավար Մանուկ Հերգնյանը, զեկույցի հիմնական թեման երկարաժամկետ և կայուն աճը զսպող առանցքային սահմանափակումների բացահայտումն է: Այն նպատակաուղղված է պետական և մասնավոր հատվածների միջև երկխոսության ձևավորմանը` նպաստելով աճի առանցքային սահմանափակումների վերացմանն ուղղված օրակարգի մշակմանը:
Ըստ Մ. Հերգնյանի` արդյունավետ կառավարման հրամայականը ստիպում է առաջնահերթություններ սահմանել և առաջին հերթին կենտրոնանալ առանցքային սահմանափակումների վրա:
«Դրանք այն սահմանափակումներն են, որոնք մինչև չվերացվեն, այլ գործոնների բարելավմանն ուղղված ջանքերն անարդյունավետ կլինեն»,- ասաց նա` հավելելով, որ զեկույցը վեր է հանել նմանատիպ սահմանափակումներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է անհապաղ և արդյունավետ միջամտություն:
Առաջինը, Մ.Հերգնյանի խոսքերով, վերաբերում է մարդկային կապիտալի ցածր որակին: Ըստ նրա` քանակական առումով Հայաստանը կրթված մարդկանց պակաս չունի. բնակչության 50 և ավելի տոկոսն ունի բարձրագույն կրթություն:
«Աշխատուժի հետ կապված խնդիրներն արմատապես կապված են որակի հետ, քանի որ տնտեսության կողմից պահանջվող և ներկայիս կրթական համակարգի կողմից փաստացի առաջարկվող աշխատուժի որկաների միջև էական ճեղքվածք կա»,- ասաց Մ.Հերգնյանը` հավելելով, որ աշխատուժի 25 %-ն ու գործազորւկների 27 %-ը բարձրագոույն կրթություն ունեն:
Հաջորդ սահմանափակումը վերաբերում է անկատար մրցակցային միջավայրին: Կենտրոնի ղեկավարի խոսքերով` անարդար մրցակցային դաշտը և ստվերային տնտեսությունը ստեղծում են բազմաշերտ անբարենպաստ ազդեցություններ և ընկերությունների, և երկրի մակարդակով: Մինչդեռ մրցակցային դաշտի առողջացումն ու բոլոր ընկերությունների համար հավասար դաշտի ստեղծումը կխթանեն Հայաստանում ձեռներեցության զարգացումը»,- ընդգծեց Մ.Հերգնյանը:
Երրորդը սահմանափակումը, ըստ նրա, կապված է հնարավորությունների բացահայտման պակասի հետ: Հայաստանի աճի հեռանկարներն անխուսափելիորեն կապված են արտահանման հետ, մինչդեռ, ինչպես նշեց Մ.Հերգնյանը, արտահանման և ներմուծման ներկա կառուցվածքը չեն նպաստում արտահանման նոր հնարավորությունների բացահայտմանը և նորարարությունների խթանմանը: «Արդյունավետ արդյունաբերական քաղաքականությունը պետք է միտված լինի նմանատիպ հնարավորությունների ստեղծմանը»,- նշեց Մ.Հերգնայնը:
Չորրորդ սահմանափակումն էլ կապված է միաչափ ֆինանսական համակարգի հետ: Հայաստանում աճի հիմնական խոչընդոտը ֆինանսական համակարգի միակողմանիությունն է, ինչը թույլ չի տալիս ունենալ տնտեսության տարբեր հատվածների կարիքներին հարմարեցված բազմատեսական գործիքներ: Ուստի, ըստ Մ.Հերգնյանի, տնտեսության աճի համար անհրաժեշտ է ունենալ արդյունավետ և դիվերսիֆիկացված ֆինանսական համակարգ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում