Ռոբերտ Հարությունյան. Հայաստանի և Սերբիայի արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ աճել է
Քիչ առաջ Երևանում մեկնարկեց Հայաստան-Սերբիա գործարար համաժողովը, որին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը, Սերբիայի հանրապետության արտգործնախարար Իվան Մրկիչը, հայ և սերբ գործարարներ:
Ինչպես լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց Զարգացման հայկական գործակալության տնօրեն Ռոբերտ Հարությունյանը, այս համաժողովը հնարավորություն կընձեռնի հայ գործարարներին ներկայացնելու իրենց գործարար առաջարկները, ինչպես նաև կնպաստի երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Նրա խոսքերով, 2013-ին Հայաստանի և Սերբիայի արտաքին առևտրաշրջանառությունը կտրուկ աճել է` ավելի քան 4 անգամ. նախորդ տարի առևտրաշրջանառությունը կազմել 8.5 մլն ԱՄՆ դոլար` ընդորում Հայաստանից Սերբիա արտահանման ծավալը կազմել է 5.6 մլն դոլար, իսկ Սերբիայից Հայաստան ներմուծումը` 2.5 մլն դոլար:
Ըստ Ռ. Հարությունյանի` 2013-ին Հայաստանից Սերբիա է արտահանվել հինականում հանքաքար և պղնձի խտանյութ, իսկ Սերբիայից ներմուծվել է դեղամիջոցներ, մեքենա, մեխանիզմ և այլն:
«Մենք ուրախ ենք, որ նման համաժողով է կազմակերպվել Հայասանում: Սա առաջին քայլն է, որ սկսում ենք Սերբիայի հետ համագործակցության եզրեր գտնել: Թեև սերբիական քիչ ընկերություններ են մասնակցում համաժողովին, բայց միևնույն է սա լավ հնարավորություն է սերբ գործարարների համար` բացահայտելու Հայաստանը»,-ընդգծեց Ռ. Հարությունյանը, հավելելով, որ Սերբիայից ժամանել են գործարարներ, որոնք ներկայացնում են տարբեր ոլորտներ` շինարարություն, սննդարդյունաբերություն, փայտամշակում, գովազդ և այլն:
Ռ. Հարությունյանը նշեց նաև, որ Հայաստանի համար ևս Սերբիան բացահայտված չէ և հույս հայտնեց, որ այս համաժողովի շրջանակներում կկարողանան ավելի լուրջ գիտելիքներ ստանալ Սերբիայի տնտեսությունից:
Հայ-սերբական գործարար համաժողովը կազմակերպել են Զարգացման հայկական գործակալությունը` Սերբիայի հանրապետության արտաքին գործերի նախարարի` Հայաստան այցի շրջանակներում: