Տնտեսական համաժողովը կրկին կհամախմբի քառյակին
Վաղը Ծաղկաձորում ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի նախաձեռնությամբ տեղի կունենա տնտեսական ֆորում, որին բացի նշված ուժերից` ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, ՀԱԿ-ի և «Ժառանգության» ներկայացուցիչներից կմասնակցեն նաև արտերկրից ժամանած տնտեսագետներ և փորձագետներ: Այս մասին Panorama.am-ին ասաց ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը:
Համաժողովն ընթանալու է «Նոր տնտեսական քաղաքականություն» խորագրի ներքո, քննարկման կներկայացվի Հայաստանի տնտեսական և սոցիալական զարգացման ուժերի համատեղ ծրագիրը, որին կմասնակցեն մասնավորապես Չեխիայից և Լատվիայից հրավիրված ճանաչված տնտեսագետներ և իրավաբաններ:
Ի.Տոնոյանից հետաքրքրվեցինք` վերջին զարգացումները հաշվի առնելով հնարավոր է ուժերից մեկը չմասնակցի համաժողովին, սակայն խոսնակը նշեց, որ նման զարգացում դժվար լինի, քանի որ համաժողովը նվիրված է տնտեսական խնդիրների քննարկմանը, մինչ օրս վարած տնտեսական քաղաքականության սխալների բացահայտմանը, ինչպես նաև հետագայում այդ սխալներից խուսափելուն ուղղված ծրագրի մշակմանը:
Հիշեցնենք նախօրեին երեկոյան կայացել է Գագիկ Ծառուկյան-Լևոն Տեր-Պետրոսյան-Րաֆֆի Հովհաննիսյան հանդիպումը, որին մասնակցել է նաև Ստեփան Դեմիրճյանը ու թեև քառյակի ֆորմատի քննարկումներում միշտ բարձրացվել է ուժերի առաջնորդների հանդիպման անհրաժեշտությունը, բայց ՀՅԴ-ն այդ հանդիպմանը չմասնակցեց:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում