«Հրանտ Վարդանյանի ստեղծած կառույցի վրա ամեն օր մի քար ենք ավելացնելու». Կարեն Վարդանյան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Գրանդ Հոլդինգի» կազմի մեջ մտնող ընկերություններ, ծանոթացել գործարանի արտադրական հզորություններին և զարգացման ծրագրերին:
«Գրանդ Տոբակո» ընկերության նախագահ, Հրանտ Վարդանյանի ավագ որդին` Միքայել Վարդանյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ հավատարիմ մնալով Հրանտ Վարդանյանի ձևավորած ավանդույթներին և աշխատաոճին` «Գրանդ Հոլդինգի» կոլեկտիվը, իրենց գլխավորությամբ, իրագործելու են հոլդինգի կազմի մեջ մտնող ձեռնարկությունների տեխնոլոգիական զարգացման հոսքագծերի արդիականացման, նոր աշխատեղերի ստեղծման և արտահանման ծավալների ընդլայնման պլանները:
«Մենք շարունակելու ենք բարձր պահել հայկական արտադրանքի պատիվը Հայաստանում և Հայաստանից դուրս` դառնալով վերազգային կորպորացիա»,- ասաց Մ.Վարդանյանը` հավելելով, որ շարունակելու են մնալ ամենախոշոր հարկատուներից մեկը և պատրասատի արտադրանքի ամենախոշոր արտահանողը:
«Բացի այդ, շարունակելու ենք Հայաստանի սահմանամերձ շրջաններում, ինչպես նաև Արցախում զարգացնել գյուղատնտեսությունը` ավելացնելով ծխախոտի ցանքատարածությունները»,- ընդգծեց նա:
«Այն ինչ այսօր դուք տեսնում եք, Հրանտ Վարդանյանը կյանք է դրել: Նրա ստեղծած կառույցի վրա մենք ամեն օր մի քար ավելացնելու ենք»,-ասաց Հրանտ Վարդանյանի կրտսեր որդին, «Գրանդ Քենդի» ընկերության նախագահ Կարեն Վարդանյանը:
Նրա ներկայացրած տվյալներով` «Գրանդ Հոլդինգ»-ում աշխատում է մոտ 6500 մարդ, սակայն նախատեսում են ստեղծել նոր աշխատատեղեր, տարեցտար ավելացնելու են ներդրումների և արտադրության ծավալները:
«Այսօր մեր ամբողջ կոլեկտիվը առաջնորդվում է տնտեսական հայրենասիրությամբ: Մենք պայքարելու ենք մեր շուկայի համար, աշխատատեղերի համար և անելու ենք ամեն ինչ, որ մեր երկրի տնտեսությունն ավելի զարգանա»,- ասաց Կ.Վարդանյանը:
«Գրանդ Տոբակո» ընկերության գործադիր տնօրեն Սամվել Սահակյանն էլ ներկայացնելով 2014-ի առաջին հինգ ամիսների գրանցված տնտեսական ցուցանիշները, նշեց, որ եթե 2013 թ առաջին հինգ ամիսներին «Գրանդ Հոլդինգի» ձեռնակությունների կողմից արտահանվել է մոտ 249 հազար արկղ ծխախոտ` 28,4 մլն դոլար արժեքով, ապա 2014-ի նույն ժամանակահատվածում արտահանվել է մոտ 402 հզ արկղ` 44 մլն դոլար արժեքով: Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այս տարվա հինգ ամիսներին արտադրության ծավալները կազմել են 61 տոկոս: Ս.Սահակյանը հույս հայտնեց, որ մինչ տարեվերջ կփորձեն պահպանել աճի այդ տեմպերը:
Նա միաժամանակ նշեց, որ իրենց արտադրած ծխախոտն արտահանվում է երեք տասնյակից ավելի երկրներ, այդ թվում` Ռուսաստան, Շվեդիա, Ֆրանսիա, Ճապոնիա:
Լրագրողները այցելեցին նաև ծխախոտի նոր արտադրամաս, որտեղ տեղադրված են գերմանական ժամանակակից հոսքագծեր, ինչպես նաև իտալական ընկերության կողմից արտադրված փաթեթավորման հոսքագծեր:
Ս.Սահակյանը տեղեկացրեց նաև, որ գործարկման փուլում է ծխախոտի հումքի կտրտման նոր արտադրամասը, որը համալրվել է իտալական ընկերության նորագույն սարքավորումներով: Ըստ նրա` արտադրամասում կիրառվելու է սիգարետի կոթունի պայթեցման և կտրտման տեխնոլոգիա, որի հզորությունը կազմում է ժամում 3.8 տ.:
«Նոր հոսքագիծը, հավանաբար, շահագործման կհանձնվի երկու ամսից: Այն հնարավորություն կտա ծխախոտի հումքում նվազեցնել խեժն ու նիկոտինը: Բացի այդ` նոր հոսքագծի շահագործումից հետո «Գրանդ Տոբակո»-ում կստեղծվի 100-130 նոր աշխատատեղ»,- ասաց Ս.Սահակյանը:
Այնուհետև լրագրողներն այցելեցին «Գրանդ Քենդի» ընկերություն: Նշենք, որ ընկերությունն այս տարվա առաջին հինգ ամիսներին արտահանել է 415 211 կգ քաղցրավենիք, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 198 հազարով ավելի է: Մինչև տարեվերջ ընկերությունում ներդրումների ծավալը կկազմի 5 մլն դոլար: Բացի այդ` մինչև տարեվերջ ընկերությունը արտադրանքի տեսականին կավելացնի 15-ով` հասցնելով 425-ի:
Նախատեսվում է նաև ավելացնել աշխատատեղերի թիվը` մոտ 150-ով. այսօր «Գրանդ Քենդի»-ում աշխատում է 3100 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները