Բագրատյանը՝ դոլարի արժեվորումը կանխելու մասին
Տնտեսագետ, ՀԱԿ պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի կանխատեսումներով, դոլարի նման արժևորման հետևանքով Հայաստանում կունենանք կենսամակարդակի 30%-ոց անկում և աղքատության ցուցանիշի բարձրացում մինչև 46-50%։
Տնտեսագետն իր ֆեյսբուքյան էջում արտարժույթի շուկայում իրավիճակն էպիկական է որակել։
«Այս պահին (16-ը դեկտեմբերի 2014թ երեկոյան ժամը 23։30) դոլարի արժեքն է 550, իսկ եվրոյինը 690։ Պաշտոնական փոխարժեքներն են՝ 490.34 և 614.2։ Մեկ ամիս առաջ (16.10.2014) դոլարի և եվրոյի փոխարժեքները համապատասխանաբար կազմել են 415.5 և 517.9։ Այսպիսով, մեկ ամսվա ընթացքում դրամը դոլարի նկատմամբ պաշտոնապես արժեզրկվել է 18.6%-ով, իսկ եվրոյի նկատմամբ՝ 18%-ով։ Շուկայական կուրսով՝ համապատասխանաբար 32.5 և 33.2%։ Սա աղետ է։ Միշտ ասում էինք դրամի կուրսն իջեցրեք, հանդարտ ձևով, այլապես գահավիժելու է։ Եվ ահա խնդրեմ։ ԿԲ-ն և Կառավարությունը չգիտեն ինչ անեն։ ԿԲ-ն հայտարարություններ է անում, թե իբր դրսից եկած սպեկուլյատիվ երևույթ է։ Իբր ի՞նչ։ Արժույթային շուկան հենց սպեկուլյատիվ էլ պիտի լինի։ Եթե կա ազատ փոխարժեք, ապա սպեկուլյացիան նրա տարերքն է։ Իրենք են սպեկուլյատիվ, բա դ՞ուք։ Կամ կառավարության մրցակցային քաղաքականության գծով պատասխանատուն հայտարարում է. թույլ չեմ տա, որ տեղական արտադրողը գին բարձրացնի։ Այսինքն, օղի, գազ կամ բենզին ներմուծողը կարող է գին բարձրացնել՝ կապված դրամի արժեզրկման հետ, բայց գյուղացին կարտոֆիլի գին չի կարող բարձրացնել։ Ի՞նչու։ Տնտեսագիտության ո՞ր կանոնի համաձայն։ Այս երկրում, ի վերջո, կան տնտեսագետ-գիտնականներ, հարյուրավոր դոկտորներ, հազարավոր թեկնածուներ, ակադեմիկոսներ կան, մասնագիտացված համալսարան կա։ Ո՞ւր են։ Պետք է չէ ելույթ ունենալ և լուծումներ առաջարկել: Բացառությամբ մի 2-3 հոգու մնացածը պարզապես լռում են։ Մինչդեռ ամեն ինչ խորտակվում է»։
Նախկին վարչապետի համոզմամբ, մեծ հաշվով դրամի արժեզրկումը կապված է 3 գործոնի հետ։ Առաջինը դրա անհասկանալի արժևորումն էր 2004/05-2007/08թթ՝ 595-ից մինչև 305։ Դրամի կտրուկ արժեզրկման երկրորդ գործոնը նավթի գներն են։ Ավելի ճիշտ կլինի ասել .... գլոբալ աշխարհում դրամի մենաշնորհացումը։
«Այո, այո, մեծ հաշվով նավթի գնի խնդիր չկա։ Բանն այն է, որ աշխարհի տնտեսություն գլոբալացել է, իսկ վալյուտան՝ ազգայնացել։ Հիմնականում դոլարն ու մի քիչ էլ եվրոն են սպասարկում շուկան։ Այս պայմաններում, ինչպես ես պնդում եմ Մեգաէկոնոմիկայի իմ հեղինակած տեսության մեջ, գին հասկացությունը հարաբերական է։ Որովհետև գնանշում կատարող արժույթի (տվյալ դեպքում դոլարի) էմիսիան անվերահսկելի է։ Այն հանձնված է արժույթի տիրոջ՝ ԱՄՆ ողորմածությանը։ Այս տերն էլ ինչ ուզում անում է. կարող է մեկ օրում արժեզրկել ձեր դոլարային խնայողությունները և հակառակը, կարող է իր երկրում ներքին պարտք ձևակերպել և հետո այն արտահանել մեկ այլ երկիր, կարող է իր երկրում փոքրիկ տնտեսական ցնցում առաջացնել, բայց հիմնովին քանդել ձեր տնտեսությունը»:
Բագրատյանի ներկայացմամբ, և վերջապես, դրամի կտրուկ արժեզրկման երրորդ պատճառը ԿԲ և մյուս մարմինների պրոֆեսինալ գործունեության անբավարար մակարդակն է։
«Տրանսֆերտներն ու Ռուսաստանի վիճակն ընդհանուր ֆոնն են, որը բերում է դոլարի թանկացմանը: Բայց մենք սպասում էինք կառավարելի, սահուն թանկացում, իսկ դա ԿԲ-ի մոտ ակնհայտ չի ստացվում: Կարծում եմ, այստեղ պրոֆեսիոնալ խնդիրներ կան, կապված Կենտրոնական բանկի գոծունեության հետ: Ոչ-ոք չունի մոգական լուծումներ։ Բայց մի քանի քայլ կարող էին վիճակը մեղմել։ Պետք է նկատի ունենալ հետևյալը։
- Ինչպիսի՞ն է վերջին երկու ամսում ամեն օր դրամի զանգվածի և մասսայի դինամիկան, ինչպես նաև դոլարի զանգվածի և մասսայի դինամիկան: Մենք այդպես էլ ԿԲ-ից չլսեցինք, թե ինչքան դոլար կա:
- Այնուհետև, ի՞նչու են մարտ-սեպտեմբեր ամիսներին ԿԲ միջազգային պահուստները պակասել ավելի քան 20 տոկոսով։
- Երրորդ հարցը ևս կա, որը նույնպես, եթե մենք իմանանք, կհասկանանք, թե ԿԲ-ն ճիշտ է աշխատել, թե չէ, որը պատասխանում է, թե ինչու սահուն չի լինում: Մասնավորապես, արվել են արդյոք ԿԲ-ի կողմից խոշոր վճարումներ, ասենք, վարկերի գծով:
- Չորրորդ՝ ԿԲ-ն փորձե՞լ է արդյոք կանոնակարգել դոլարի և արտարժույթի կանխիկն ո ւանկանխիկը բանկերում:
- Հաջորդը՝ փորձել է արդյո՞ք ԿԲ-ն կարգավորել վալյուտայի և դրամի հարաբերակցությունը բանկերում: Խոսքը արտարժույթի բաց և փակ դրությունների նորմատիվի մասին է:
- Վեցերորդ՝ ի՞նչպես են իրենց պահել մի շարք կարևորագույն, համակարգային ընկերություններ և բանկեր, այդ թվում ռուսական կամ օտարերկրյա։ Արդյոք չ՞են փորձել Հայաստանի միջոցով կանխիկ արտահանել:
- Յոթերորդ՝ դոլարի փոխարժեքի այս բարձրացումը կանխիկի պակասի հետևանք է, թե ընդհանրապես դոլարի պակասի հետևանք է:
- Ութերորդ, քանի անգամ ասել ենք, որ մեգաէկոնոմիկայի դարում ճիշտ կլինի, որպեսզի բնակչությունը ԿԲ-ում անմիջականորեն դեպոզիտներ դնելու հնարավորություն ունենա։ Չի արվել։
- Իներորդ, մեգաէկոնոմիկայի դարում ԿԲ-ն պետք տնտեսավարող սուբյեկտներին վարկավորելու հնարավորություն ունենա։ Չի արվել։ Մոռացեք երկհարկանի բանկային համակարգի մասին դասական պատկերացումները։ Ձեր հիշողությունից ջնջեք դասական դիխոտոմիան։
- Տասերորդ, ի՞նչու պետական պարտատոմսերի վաճառքը շեշտակիորեն չեն ավելացրել։ Ավելի վերջին սակարկությունները պարզապես ձախողել են։ Ի՞նչու։ Մեծացնեիք տոկոսը կամ պարտատոմսերը գրավիչ դարձնեիք։ Ի դեպ, ի՞նչու դրանք անմիջականորեն բնակչությանը չեն վաճառվում։
- Տասնմեկերորդ, ի՞նչու է դոլար-դրամ սակարկությունն իրականացվում միայն մեկ հարթակում (Nasdaq Omx)։ Ահա սրան են բերում մենաշնորհները։
- Տասներկուերորդ, ի՞նչու կտրուկ չի բարձրացվել վերաֆինանսավորման տոկոսադրույքը (ընդհակառակը վերջին ամիսներին այն իջել է), ի՞նչու միջոցներ չեն նախատեսվել դրամական ներարկումները սահմանափակելու առումով, ի՞նչու են վարկերն, փողի բազայի և զանգվածի ցուցանիշները վերջին շրջանում աճել շատ ավելի արագ տնտեսության աճի տեմպերի համեմատ։
Այս հարցերի պատասխանները մենք չենք ստացել; Միայն սրանց պատասխանը թույլ կտա հասկանալ, թե ինչ կարելի է անել։ Իսկ մինչ այդ, ներեցեք, պետք է շտապ սահմանափակել աշխատավարձի վճարումները, սառեցնել խոշոր արժույթային դեպոզիտները, դադարեցնել դոլարային վարկերը բանկերի կողմից, արգելել բանկերին այսպես կոչված կամավոր հիմունքներով վերաձևակերպել ավանդային պայմանագրերը և այլն։ Կա՞նեք։
P.S. Ավելորդ չէ նշել, որ նման մի իրավիճակ էլ ունեցել ենք 1993-ին, երբ Տ.Սարգսյանի գլխավորած դրամի ներմուծման եռյակը կատարել էր փոխարժեքի սխալ հաշվարկներ և չէր նախատեսել դրամի ու դոլարի ազատ սակարկություն։ Իբրև կառավարություն նախաձեռնեցինք ԳԽ քննարկումներ և հայտարարեցինք, որ պատրաստ ենք մեզ վրա վերցնել նոր ներդրված դրամի փոխանակարժեքը կայունիացնելու պատասխանատվությունը։ Կարծեմ հենց դեկտեմբերի կեսերն էր։ Այդ իրավունքը ստացանք, անմիջապես նախաձեռնեցինք դոլարի բորսային վաճառք միանգամից 3 կետերում և իրավիճակը կայունացրեցինք արդեն դեկտեմբերի վերջին։ Իսկ հ՞իմա։ Մի բան պարզ է։ Կունենանք կենսամակարդակի 30%-ոց անկում և աղքատության ցուցանիշի բարձրացում մինչև 46-50%»,-գրել է Հրանտ Բագրատյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները