Հայաստանում շաքարավազի երկրորդ գործարան կառուցելու անհրաժեշտություն չկա. ՏՄՊՊՀ նախագահ
«Ձեր հայտարարությունները բացարձակապես իրականությանը չեն համապատասխանում, դրանք անիմաստ են ու անհեթեթ»,- այսօր Ազգային ժողովում Տնտեսական մրցակցային պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) գործունեության 2015 թվականի ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ պատասխանելով ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի մի քանի հարցերին:
Իսկ դրանք վերաբերում էին բանանի ու շաքարավազի ներմուծման ոլորտում գերիշխող դիրքեր զբաղեցնող համապատասխանաբար՝ «Քեթրին» և «Ալեքս Գրիգ» ընկերություններին:
Պատգամավորը հայտարարեց, որ եթե Երևանում շաքարավազը 395 դրամ է, ապա հարևան Թբիլիսում` 262 դրամին համարժեք է և հետաքրքրվեց, թե Շաբոյանի կարծիքով` ի՞նչ կապ ունի սա այն իրողության հետ, որ Հայաստան շաքարավազ ներկրում է մեկ անձ՝ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը:
Նույնն էր հարցը նաև բանանի ներկրման վերաբերյալ. «Ավստրիայում բանանն արժե 500 դրամ, իսկ ՀՀ-ում` 1300 դրամ: Այստեղ ևս կա մենաշնորհ, որը, ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, տիրապետում է ԱՆ ԴԱՀԿ ղեկավար Միհրան Պողոսյանը: Այս փաստերը ուսումնասիրե՞լ եք ու արե՞լ եք համապատասխան հետևություններ: Հայտնի է, որ առանց Միհրան Պողոսյանի դաբրոյի Հայաստան բանան չեն ներկրում կամ առանց Սերժ Սարգսյանի դաբրոյի շաքարավազ չի ներկրվում: Որքանո՞վ են այդ տեղեկությունները իրականությանը համապատասխանում»:
Շաբոյանը համաձայնեց, որ այդ երկու ապրանքների ներկրման ոլորտում կան խոշոր ընկերություններ և վստահեցրեց, որ իրենց համար «բացարձակապես նշանակություն չունի տնտեսվարողների սեփականատերերի կարգավիճակը»:
Անդրադառնալով շաքարավազի շուկային, նա տեղեկացրեց, որ «Ալեքս Գրիգ» ընկերությունը (պատկանում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին) շաքարավազի հումք է ներմուծում Հայաստան և տեղում իր գործարանում արտադրում է շաքարավազ:
«Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ երկրի ներսում արտադրելը ավելի ձեռնտու է ու շահավետ: Իսկ որ ասում եք թե ինչու երկրորդ ընկերություն էլ չկա, ապա նույնն էլ ինքը պետք է ներմուծեր հումք ու տեղում արտադրեր: Բայց ասեմ, որ գործարանի առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը. տարվա մեծ մասը գործարանը չի աշխատում: Շաքարավազի շուկայում երկրորդ մասնակիցը պետք է երկրորդ գործարանը կառուցի, բայց դա տնտեսագիտորեն անտրամաբանական է ու անիմաստ: Այժմ գործող գործարանը տնտեսական մեծ հզորութուններ ունի և նրա առաջարկն ավելի շատ է, քան պահանջարկը»,-շաքարավազի վերաբերյալ հարցին պատասխանեց Շաբոյանը:
Ինչ վերաբերում է բանան ներկրող «Քեթրին» ընկերությանը, ապա ըստ ՏՄՊՊՀ նախագահի, իրենք ուսումնասիրություն իրականացնելիս գերիշխող դիրքի չարաշահում նկատել են ու այդ ընկերությանը ենթարկել պատասխանատվության:
«Եթե կլինեն չարաշահումներ նորից պատասխանատվության կենթարկենք»,-վստահեցրեց Շաբոյանը:
Իր արձագանքի հնարավորության ժամանակ Փաշինյանն ասաց, որ կողքից լսողի համար «անիմաստ ու անհեթեթը» հենց Շաբոյանի հայտարարություններն են. «Հիմա ձեզ թույլ եք տալիս որակում տալ` անիմաստ, անհեթեթ, իսկ եթե ձեր պատասխանները կողքից լսեիք, կիմանայիք` որն է անհեթեթն ու անիմաստը: Նույնը վերաբերում է ձեր գործողություններին: Ինչպես նաև` ձեզ նշանակող մարդիկ են անիմաստ ու անհեթեթ»:
Շաբոյանն իր հերթին Փաշինյանին կոչ արեց պահպանել էթիկայի կանոնները և խոսել տնտեսագիտական լեզվով. «Պարոն Փաշինյան, ես ձեզ կոչ եմ անում պահպանել էթիկայի կանոնները ու մնալ չափի մեջ, խոսել տնտեսագիտական լեզվով, այլ ոչ թե պոպուլիստական հայտարարություններ անել: Երևանի ամենամեծ հաճախելիություն ունեցող խանութում շաքարավազի մանրածախ գինը 369 դրամ է: Դուք հիմա ինչ-որ թվեր եք ներկայացնում այլ երկրներից, որոնց իրականության հետ համապատասխանության վրա ես շատ կասկածում եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում շատ են աշխատում, քիչ վճարվում. Աշխատանքի օրը՝ աշխատավորների խնդիրների մասին