ՀՀ և ԵՄ միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն մինչև տարեվերջ. Մելքոնյան
Հայաստանի և Եվրամիության միջև նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները կսկսվեն մինչև տարեվերջ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Գարեգին Մելքոնյանը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրամիության 28 անդամ պետությունները Լյուքսեմբուրգում մանդատ են տրամադրել Հայաստանի և ԵՄ-ի միջև նոր համաձայնագիր ստորագրելու շուրջ բանակցությունների մեկնարկի համար: Նոր համաձայնագիրը կփոխարինի ներկայումս գործող Հայաստան-ԵՄ Գործընկերության և համագործակցության համաձայնագրին:
Գ.Մելքոնյանը նշեց, որ դեռևս տարեսկզբին տեղի ունեցած մասնագիտական քննարկումների ժամանակ ձևավորվել է հարցերի այն շրջանակը, որոնք բանակցությունների համար հիմք կհանդիսանան:
«Բանակցությունները հիմնականում ընթանալու են մասնագիտական քննարկումների ժամանակ ուրվագծված ուղղությունների շուրջ: Այստեղ մենք չենք ներառելու ազատ առևտրի բաղադրիչը, այսինքն՝ տարիֆների զրոյացումը չի լինելու: Մնացած ոլորտային համագործակցության մասով բազմաթիվ հարցեր կան, որոնք փորձելու ենք հնարավորինս ներառել բանակցություններում»,- ընդգծեց Գ.Մելքոնյանը` հավելելով, որ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով նախատեսվում էր համագործակցություն 28 ոլորտներում, նոր համաձայնագրում ևս կընդգրկվեն բոլոր հնարավոր ոլորտները, որտեղ հնարավոր կլինի համագործակցություն իրականացնել:
Գ.Մելքոնյանը նաև տեղեկացրեց, որ նոյեմբերին 4-ին Հայաստանում կանցկացվի Հայաստան-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստը, իսկ նոյեմբերի 19-20-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի ղեկավարած պատվիրակությունը կմեկնի Բրյուսել, որի ընթացքում նախատեսվում է ստորագրել երկու կարևոր փաստաթուղթ: Փաստաթղթերից մեկը վերաբերում է Եվրոպական միության «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակության» (COSME) ծրագրին ՀՀ մասնակցությանը, երկրորդը վերաբերում է փոքր և միջին բիզնեսի ոլորտում աջակցությանն ուղղված ծրագրին, որի շուրջ արդեն մի քանի ամիս աշխատում են:
«Կարծում եմ, որ Հայաստան-ԵՄ օրակարգի մասով մինչև տարեվերջ հագեցած զարգացումներ կունենանք»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին