Կասեցվել են մասնավոր բուհերի լիցենզիաները
«Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» նախօրեի նիստի ընթացքում գաղտնի քվեարկությամբ որոշվել է ամբողջությամբ կասեցնել Ռուս-հայկական ժամանակակից հումանիտար ինստիտուտի, «Մյուդ» իրավաբանական ինստիտուտի, Արմավիրի «Արարատ» համալսարանի, «ԷյԱյՅու» Արիա միջազգային համալսարանի, «Վանեվան» ինստիտուտի, «Քավենդիշ» համալսարանի, Արտաշատի «Արտաշատ» համալսարանի բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզիաների գործողությունը: Որոշման համար հիմք են հանդիսացել ԿԳ նախարարի հրամաններով ձևավորված աշխատանքային խմբերի ստուգումների արդյունքները և նախարարության աշխատակազմի լիցենզավորման վարչության եզրակացությունները, ինչպես նաև համապատասխան բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների պարզաբանումները:
Հանձնաժողովը որոշել է նաև կասեցնել առանձին մասնագիտությունների մասով ևս վեց կազմակերպությունների բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականցման լիցենզիաների գործողությունը:
Հանձնաժողովը որոշեց նախազգուշացնել Երևանի Կառավարման և ինֆորմացիոն տեխնոլոգիաների համալսարանին, Երևանի հումանիտար ինստիտուտին և «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամին` միաժամանակ պարտավորեցնելով վերացնել բացահայտված թերացումները:
ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչության տեղեկացմամբ, կրթության որակի ապահովմանը միտված ՀՀ կրթության և գիտության նախարարության իրականցրած գործընթացների արդյունքում վերջին շրջանում ամբողջությամբ կասեցվել է 8 կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականցման լիցենզիաների գործողություն / 2010 թվականի մարտին դադարեցվել էր Մոնթե Մելքոնյանի անվան համալսարանի լիցենզիայի գործողությունը/, իսկ մասնակի` 6 կազմակերպության բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիաների գործողություն:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կապահովի տվյալ կրթական ծրագրերում ընդգրկված բոլոր ուսանողների կրթության իրավունքը:
Համաձայն գործող օրենսդրության` հավատարմագրված մասնագիտություններով սովորող ուսանողներին հնարավորություն կտրվի իրենց կրթությունը շարունակել ոչ պետական հավատարմագրված բուհերի և պետական բուհերի նույն կամ հարակից մասնագիտությունների համապատասխան կուրսերում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան