Երևանում 23 դպրոցում դասերը հետաձգվել են
Երևանում 23 դպրոց մինչև հունվարի 23-ը չի գործի` ի տարբերություն մյուս դպրոցների, որոնք այսօրվանից վերսկսել են դասերը: Դասերի հետաձգման պատճառը` ջեռուցման հետ կապված խնդիրներն են: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը:
Նա նաև տեղեկացրեց, որ Լոռիում, Գյումրիում բոլոր դպրոցներն այսօրվանից սկսել են դասերը, Արարատի, Տավուշի ու Գեղարքունիքի մարզերի դպրոցները կբացվեն մեկ շաբաթից, Արմավիրի, Արագածոտնի մարզերի այն դպրոցները, որոնք ջեռուցման հետ խնդիրներ չունեն, գործում են, իսկ մյուսներն էլ կսկսեն դասերը կրկին մեկ շաբաթից:
Հիշեցնենք, որ հիմք ընդունելով ՀՀ մարզերից ստացված առաջարկությունները` ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը շրջաբերական գրություն է ուղարկել ՀՀ մարզպետներին և Երևանի քաղաքապետին, որում նշվում է, որ ՀՀ ԿԳՆ-ն չի առարկում, որ սովորողների գարնանային արձակուրդները, անհրաժեշտության դեպքում, միացվեն ձմեռային արձակուրդներին: Նկատի ունենալով ձմռանը դպրոցների ջեռուցման կազմակերպման հետ կապված դժվարությունները՝ ուսումնական հաստատությունները կարող են արձակուրդները հունվար ամսին երկարացնել ևս մեկ շաբաթով և բաց թողած դասաժամերը լրացնել լրացուցիչ պարապմունքների կազմակերպման միջոցով:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան