ԱՆ. Ռեկտորի պնդումը, որ բուհական ինքնավարության պայմաններում նախարարն իրավունք չունի հանձնարարական տալ, զուրկ է իրավական հիմքից
«Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը իր տարակուսանքն է հայտնում առանձին լրատվամիջոցներով տարածված` ԵՊԼՀ ռեկտոր Ս. Զոլյանի հարցով նախարարության այսպես կոչված «մեկնաբանության» առթիվ»,-նման հայտարարությամբ է հանդես եկել Արդարադատության նախարարությունը, ի պատասխան մի քանի լրատվամիջոցներում որպես նախարարության պարզաբանում ներկայացված հրապարակումների վերաբերյալ:
Նշենք, որ պարզաբանումները վերաբերում էին Սուրեն Զոլյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ ԿԳ նախարարի հրամանի իրավաչափությանը: Այդ հրապարակումներից հետո Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանը հանդես եկավ հայտարարությամբ, որ պարզաբանման հեղինակը ոչ թե արդարադատության նախարարությունն է, այլ անկախ փորձագետներ են:
Արդարադատության նախարարության տարածած հայտարարության մեջ ասված է. «Արդարադատության նախարարությունը անհրաժեշտ է համարում հայտարարել, որ այդ «մեկնաբանությունն» ապատեղեկատվություն է, քանի որ ոչ որպես դրանց աղբյուր հիշատակվող նախարարության լրատվական ծառայությունը, ոչ էլ նախարարության որևէ այլ ստորաբաժանում չէին կարող նման տեղեկատվություն տրամադրել այն պարզ պատճառով, որ նախարարությունը ՀՀ կառավարությանը վերջինիս հարցմամբ ուղղված գրության մեջ եզրակացություն է ներկայացրել Ս. Զոլյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու իրավաչափության հարցի վերաբերյալ, որը լիովին հակադրվում է այն «փաստարկներին», «որոնք իբրև թե նախարարության անունից վկայակոչվում են այդ «մեկնաբանություններում» (գրության տեքստը կցվում է):
Նախարարության եզրակացությունում, մասնավորապես, նշվում է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության և համալսարանի` որպես պետական ոչ առևտևային կազմակերպության միջև առկա են ենթակայության հարաբերությւոններ` համաձայն «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվբածի 3-րդ մասի: Բացի այդ, համաձայն այդ դրույթի, Կրթության և գիտության նախարարությունը հանդես է գալիս որպես իր ենթակայությանը հանձնված ՊՈԱԿ-ի, տվյալ դեպքում` ԵՊԼՀ-ի կառավարումն իրականողնող` ՀՀ կառավարության լիազորած կառավարման մարմին:
ՀՀ կառավարության` ի դեմս Գիտության և կրթության նախարարի (գործատու), և Ս. Զոլյանի (աշխատող) միջև 2008 թ. մարտի 17-ին կնքվել է թիվ 134 աշխատանքային պայմանագիրը, որով կողմերի միջև ծագել են աշխատանքային իրավահարաբերություններ: Աշխատանքային իրավահարաբերությունները կարգավորվում են ՀՀ աշխատանքային օրենսգրքով, որն ուղղակիորեն նախատեսում է գործատուի իրավունքը` աշխատողի նկատմամբ կիրառելու կարգապահական պատասխանատվության միջոցներ:
Աշխատանքային օրենսգրքին հղում է կատարվում նաև հիշյալ աշխատանքային պայմանագրում (կետ 2.7): Դրանով միանշանակ փաստվում է ոչ թե վարչաիրավական, այլ «սովորական» աշխատանքային իրավահարաբերությունների առկայության փաստը, հետևաբար, ռեկտորի նկատմամբ կիրառված կարգապահական պատասխանատվության միջոցների, ինչպես նաև այդ հիմքով նրան աշխատանքից ազատելու իրավաչափության հարցն ընդդատյա է ընդհանուր իրավասության դատարանին, այլ ոչ թե վարչական դատարանին, որը քննում է հանրային կամ այլընտրանքային ծառայության անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ): Ս. Զոլյանը որպես աշխատանքային օրենսդրության իմաստով աշխատող չէր կարող լինել հանրային ծառայող (տես նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը): Այս հիմքով նրա և նախարարի միջև վեճը չէր կարող լուծվել վարչական վարույթի շրջանակներում, քանի որ նախարարի հրամանները ոչ թե վարչական ակտեր են, այլ անհատական ակտեր, որոնք ընդունվել են բացառապես աշխատանքային օրենսդրության, աշխատանքային պայմանագրի և ՊՈԱԿ-երի մասին օրենքի շրջանակներում»:
Արդարադատության նախարարության մամուլի ծառայությունից նաև տրամադրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանի հանձնարարականով անցկացրած փորձաքննության արդյունքները: Հաշվի առնելով հարցի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը` այն ներկայացնում ենք ամբողջությամբ.
« ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար
պարոն Դ. ՍԱՐԳՍՅԱՆԻՆ
Ի կատարումն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 13-ի
թիվ 02/13.9/5420-12 հանձնարարականի
Հարգելի պարոն Սարգսյան
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ուսումնասիրվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ռեկտորի կողմից Հայաստանի Հանրապետության վարչապետին ուղղված գրությունը, որի վերաբերյալ հայտնում ենք հետևյալը.
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Պետական կազմակերպությունն ստեղծվում է հիմնադրի որոշմամբ: Պետական կազմակերպության հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ սահմանվում են պետական կազմակերպության անվանումը, նրա գործունեության առարկան եւ նպատակները, այդ թվում՝ նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակները, պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող եւ (կամ) ամրացվող գույքի կազմն ու արժեքը, պետական կազմակերպության կառավարումն իրականացնող այն լիազորված պետական մարմինը, որի ենթակայությանը հանձնվում է պետական կազմակերպությունը, լիազորված պետական մարմնի լիազորությունները, ինչպես նաեւ օրենքին չհակասող այլ դրույթներ»: Այս դրույթից միանշանակ պարզ է, որ պետական կազմակերպությունը (պետական ոչ առևտրային կազմակերպություն) ոչ միայն հիմնադրվում է ՀՀ կառավարության կողմից, այլև վերջինիս որոշմամբ է սահմանվում պետական կազմակերպության վերադաս պետական մարմինը, որի ենթակայությանն է հանձնվում պետական ոչ առևտրային կազմակերպությունը և որը իրականացնում է պետական կազմակերպության կառավարումը:
Իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին» թիվ 174-Ն հրամանագրի (այսուհետ՝ Հրամանագիր) 12-րդ կետի համաձայն.
«Հայաստանի Հանրապետության նախարարությունը (այսուհետ` նախարարություն) իր համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների նկատմամբ վերադաս մարմին է»:
Հրամանագրի 13-րդ կետի համաձայն` «Նախարարության համակարգը կազմված է նաև նախարարության ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններից»:
ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1929-Ն որոշմամբ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական հիմնարկը վերակազմավորման ձևով վերակազմակերպվել է «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության և ընդգրկվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կազմում:
Նշված նորմերի համադրումից ակնհայտ է դառնում, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը՝ ի դեմս կրթության և գիտության նախարարի, «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ ի դեմս գործադիր մարմնի ղեկավարի` ռեկտորի վերադասն է:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.
«Պետական կազմակերպության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրում սահմանվում են նրա իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի, պետական կազմակերպության կառավարման այլ մարմինների հետ, նրա աշխատանքի վարձատրման պայմանները, պայմանագրի դադարման` սույն օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերը կգտնեն անհրաժեշտ»:
Հիշյալ օրենքի պահանջներին համապատասխան 2008 թվականի մարտի 17-ին կնքվել է թիվ 134 աշխատանքային պայմանագիրը, որի կողմեր են հանդիսացել ՀՀ կառավարությունը՝ ի դեմս ՀՀ կրթության ու գիտության նախարարության (լիազորված պետական մարմին) (Գործատու) և ռեկտորը՝ կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում ընտրված (նշանակված) անձ՝ Սուրեն Տիգրանի Զոլյանը (Աշխատող): Հիշյալ պայմանագրով՝ գործատուն կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումը հանձնում է ռեկտորին, իսկ ռեկտորը, իր իրավունքներն իրականացնելիս և պարտականությունները կատարելիս, պարտավորվում է պահպանել ՀՀ օրենսդրությունը, լինել բարեխիղճ և ողջամիտ, կազմակերպության գործադիր մարմնի գործառույթներն իրականացնել ՀՀ քաղաքացիական և աշխատանքային օրենսգրքերին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներին, կազմակերպության կանոնադրությանը, այլ իրավական ակտերին և աշխատանքային պայմանագրին համապատասխան:
N 134 աշխատանքային պայմանագրով սահմանվում են նաև ռեկտորի նկատմամբ գործատուի կողմից կարգապահական և նյութական պատասխանատվության ենթարկելու առանձին հիմքեր, իսկ 2.7-րդ կետի համաձայն՝ գործատուն և ռեկտորը կարող են ունենալ աշխատանքային օրենսդրությամբ սահմանված այլ իրավունքներ և կրել պարտականություններ: Բացի այդ, պայմանագրի 2.5-րդ կետի համաձայն՝ ռեկտորը պարտավոր է կատարել լիազորված պետական մարմնի օրինական հանձնարարությունները:
Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն.
« Աշխատանքային հարաբերությունները աշխատողի և գործատուի փոխադարձ համաձայնության վրա հիմնված հարաբերություններն են, ըստ որի` աշխատողն անձամբ, որոշակի վարձատրությամբ կատարում է աշխատանքային գործառույթներ (որոշակի մասնագիտությամբ, որակավորմամբ կամ պաշտոնում աշխատանք)` ենթարկվելով ներքին կարգապահական կանոններին, իսկ գործատուն ապահովում է աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով նախատեսված աշխատանքի պայմաններ»:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 14-րդ հոդվածի համաձայն.
«Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են oրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով»:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 215-րդ հոդվածի համաձայն.
«աշխատանքային կարգապահությունը խախտող աշխատողների նկատմամբ կարող են կիրառվել կարգապահական ներգործության միջոցներ»:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 220-րդ հոդվածի համաձայն.
«Աշխատանքային կարգապահության խախտում է համարվում աշխատողի մեղքով աշխատանքային պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը»:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի 223-րդ հոդվածի համաձայն.
«Աշխատանքային կարգապահությունը խախտելու համար կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն
3) օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ, 6-րդ, 8-10-րդ կետերի հիմքերով աշխատանքային պայմանագրի լուծում»:
Վերոգրյալից բխում է, որ ռեկտորը և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը գտնվել են աշխատանքային իրավահարաբերությունների մեջ, ուստի նախարարը ռեկտորի կողմից աշխատանքային պարտականությունները խախտելու դեպքում իրավասու է աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի պահպանմամբ կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերջինիս:
ՀՀ աշխատանքային օրենսգրքի հոդված 5-ի 3-րդ մասի համաձայն.
«Անհատական աշխատանքային հարաբերությունները կարգավորելու նպատակով գործատուն ընդունում է անհատական իրավական ակտեր»: Այդ իրավական ակտերը ընդունվում են հրամանների կամ կարգադրությունների, իսկ օրենսդրությամբ սահմանված դեպքերում` այլ իրավական ակտերի տեսքով: ՀՀ կրթության և գիտության նախարարի կողմից ընդունված թիվ 160-Ա հրամանը աշխատանքային հարաբերություններից բխող անհատական իրավական ակտ է, որն ընդունվել է աշխատանքային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի պահպանմամբ: Հետևաբար, աշխատանքային իրավահարաբերությունների շրջանակներում ընդունված անհատական իրավական ակտը որևէ առնչություն չունի «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքին համապատասխան բացառապես վարչական վարույթի արդյունքում արձակվող վարչական ակտի հետ, իսկ վարչական վարույթին և վարչական ակտին վերաբերող կարգավորումները չեն տարածվում աշխատանքային հարաբերությունների վրա:
Հարկ է նկատել, որ հանրային ծառայության հետ կապված իրավահարաբերություններն են ընդգրկվում հանրային իրավունքի ոլորտի մեջ, և` որպես հետևանք, հանրային ծառայություն անցնելու կամ այն իրականացնելու հետ կապված վեճերն են, որ առանձնացվում են մասնավոր` աշխատանքային իրավահարաբերություններից ծագող վեճերից և դասվում ՀՀ վարչական դատարանին ընդդատյա հարցերի շարքին (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Հրամանագրի 136-րդ կետի 11-րդ ենթակետի համաձայն «ՀԳՄ-ի (հանրապետական գործադիր մարմնի, կոնկրետ դեպքում՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարը Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է ՀԳՄ-ի համակարգի աշխատողներին, ինչպես նաև նրանց նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ»:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասի 10-րդ պարբերության համաձայն.
«Եթե իրավական ակտում նշված նորմի կիրառումը պայմանավորված է «ինչպես նաև» բառերով բաժանված պայմաններով, ապա «ինչպես նաև» բառերից հետո շարադրված պայմանները համարվում են նախկին պայմանների հետ չկապված պայմաններ»:
ՈՒստի ՀԳՄ-ի համակարգի աշխատողի նկատմամբ խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցների կիրառման համար պարտադիր պայման չէ ՀԳՄ-ի ղեկավարի կողմից տվյալ աշխատողին նշանակած լինելու հանգամանքը:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի համաձայն.
«Պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա լիազորած պետական մարմինը, գործադիր մարմինը (տնօրեն, նախագահ, ռեկտոր եւ այլն)»:
Հրամանագրի 136-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն.
«ՀԳՄ-ի ղեկավարը ղեկավարում, համակարգում և վերահսկում է ՀԳՄ-ի համակարգի մեջ մտնող պետական մարմինների և կազմակերպությունների ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է ՀԳՄ-ի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար»:
ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1929-Ն որոշման 15-րդ կետի համաձայն.
«Լիազոր պետական մարմինը`
ա) իրականացնում է վերահսկողություն համալսարանի գործունեության նկատմամբ,
բ) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում համալսարանի ռեկտորի կամ կոլեգիալ կառավարման մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու որոշումները,
գ) վերահսկողություն է իրականացնում համալսարանին ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանման նկատմամբ,
դ) լսում է համալսարանի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության վերստուգման արդյունքները,
ե) վերահսկողություն է իրականացնում համալսարանի սեփականության պահպանության նկատմամբ,
զ) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ գործառույթներ»:
Նշված հոդվածների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ «Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության նկատմամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը իրականացնում է ոչ միայն վերահսկողություն, այլ նաև կառավարում: Ուստի, հանդիսանալով ռեկտորի վերադասը, իրավունք ունի նաև հանձնարարականներ տալու:
Ռեկտորի այն պնդումը, որ բուհական ինքնավարության պայմաններում նախարարն իրավունք չունի նման հանձնարարական տալ, զուրկ է որևէ իրավական հիմքից:
ՀՀ Սահմանադրության 39-րդ հոդվածի համաձայն.
«Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարության սկզբունքները որոշվում են օրենքով»: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ինքնավարությունը, իրավասությունը և ակադեմիական ազատությունները սահմանվում են «Կրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներով: Նշված օրենքների և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի, Հրամանագրի, ՀՀ կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 1929-Ն որոշման բովանդակությունից պարզ է դառնում, որ բարձրագույն ուսումնական հաստատության ինքնավարությունը բացարձակ չէ: ՀՀ օրենսդրությունը նախատեսում է այդ ինքնավարության սահմանները և պետական մարմինների կողմից վերջինիս գործունեության նկատմամբ վերահսկողության ողջամիտ կառուցակարգեր:
Ինչ վերաբերում է այն պնդմանը, որ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի փորձագետների կոմիտեի 41-րդ նիստին մասնակցելու նպատակով գործուղումը ուղղված է եղել Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրի կատարմանը, ապա միանշանակ է, որ այդ պայմանագրով Հայաստանի Հանրապետությունը ստանձնել է միայն Փորձագետների կոմիտե անդամ առաջադրելու պարտավորություն, ինչն արել է, իսկ իր կողմից նշանակված անդամի բոլոր նիստերին պարտադիր ներկայացվածություն ապահովելու պարտավորություն նախատեսված չէ որևէ պետության, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության համար: Բացի այդ, որևէ բուհի ռեկտոր չի կրում Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության պատասխանատվություն և իրավասու չէ նման պատրվակով չկատարել վերադասի հանձնարարականը:
ԵՊԼՀ-ի ռեկտորը, նախապես գիտակցելով իր վերադասից՝ ՀՀ կրթության և գիտության նախարարից գործուղման համար թույլտվություն ստանալու պահանջը, նման խնդրանքով դիմել է նախարարին և մերժում ստացել: Ռեկտորը պնդում է, որ նախարարը ոչ թե մերժել է դիմումը, այլ գործուղումը համարել է աննպատակահարմար: Անհասկանալի կլիներ, եթե նախարարը գործուղումը համարեր աննպատակահարմար՝ միաժամանակ թույլատրելով ռեկտորին մասնակցել նման գործուղման, ինչպես նաև անհավանական է թվում, որ բուհի ռեկտորը չհասկանար դիմումի մերժման փաստը, ինչը նախարարի կամքի հստակ արտահայտում է, ուստիև՝ հանձնարարական:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն.
«Պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում նրան նշանակած մարմնի գրավոր որոշման համաձայն այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ»:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն.
«Ուսումնական հաստատության կառավարման բարձրագույն և գործադիր մարմինների միջև լիազորությունները սահմանազատվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ»:
Իսկ կանոնադրության համաձայն՝ ռեկտորը ինքն է իր բացակայության ժամանակ իր պարտականությունների կատարումը դնում պրոռեկտորներից մեկի վրա:
Վկայակոչելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասը ( միևնույն մարմնի նոր ընդունած իրավական ակտը չպետք է հակասի նախկինում ընդունված և ուժի մեջ մտած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին: Միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում գործում են ավելի վաղ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը, բացառությամբ մինչև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը՝ 2002 թվականի մայիսի 31-ը, միևնույն մարմնի ընդունած հավասար իրավաբանական ուժ ունեցող այն իրավական ակտերի, որոնց միջև հակասությունների դեպքում գործում են ավելի ուշ ուժի մեջ մտած իրավական ակտի նորմերը)՝ ռեկտորը պնդում է, որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 6-րդ մասի և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի միջև կա հակասություն և պետք է գործեն կանոնադրությունում սահմանված դրույթները: Նախ՝ «Կրթության մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքների միջև հակասություն ինքնին չկա, նման հակասություն կա «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի և կանոնադրության միջև, որի դեպքում գործում է ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտը, այսինքն՝ օրենքը: Բացի այդ, եթե անգամ հակասություն լիներ, միևնույն է, «Կրթության մասին» ՀՀ օրենքի դրույթները չէին գործելու, քանի որ վերոհիշյալ երկու օրենքներն էլ ընդունվել և ուժի մեջ են մտել մինչև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի ուժի մեջ մտնելը՝ 2002 թվականի մայիսի 31-ը, իսկ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը «Կրթության մասին» ՀՀ օրենքի համեմատ ավելի ուշ է ընդունվել և ուժի մեջ մտել, ուստի վերջինիս դրույթներն էլ գործելու են:
Հաշվի առնելով վերոհիշյալը՝ գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 6-ի թիվ 160-Ա հրամանի իրավական հիմքերը և հիմնավորումները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը:
Հարգանքով` Հ. ԹՈՎՄԱՍՅԱՆ:
Կատարող` Օրենսդրության վերլուծության և կատարելագործման վարչություն»:
Նախորդող հրապարակում`
Ո՞վ է արդարադատության նախարարության անունից պարզաբանում տվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան