«Երկնառաք, անդրենածին, մկունդ…». Շտեմարանների հեղինակները խնդրի առաջ են կանգնացրել աշակերտներին
Կրթության ազգային ինստիտուտի փոխտնօրեն, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը facebook-յան իր էջի միջոցով դիմել է Հայոց լեզվի և գրականության շտեմարանների հեղինակներին` հրապարակելով 12-րդ դասարանի աշակերտ Մուշեղի իրեն հասցեագրված ու անհանգստություն առաջացրած նամակը, որում աշակերտը նշում է, որ «միակ մարդը, ով կլսի ինձ, կարծում եմ` դուք եք».
«Որպես ավագ դպրոցի աշակերտ ու դիմորդ, ուզում եմ բողոքել Հայոց լեզվի և հայ գրականության շտեմարաններից: Հեղինակները բառարաններից այնպիսի բառեր են դուրս գրել ու ավելացրել շտեմարաններում, որ ես անձամբ երբևէ չեմ հանդիպել դասագրքում: Առանց կրկնուսույցի մոտ պարապելու գրեթե անհնար է ընդունվել: Եվ ի՞նչ անի դիմորդը հինգ ամսում (շտեմարանի առաջին մասը հրատարակվել է դեկտեմբերի վերջին շաբաթը, մյուս մասն էլ հունվարին):
Հայոց լեզվի շտեմարանի 1-ին հատորում կան բառեր, որոնք մինչև շտեմարանով պարապելը դասագրքում չէի հանդիպել՝ երկնառաք, անդրենածին, մաշտոց (անասունների մազը սանրելու գործիք), արիշ, նայադ, կնդրուկ, ուրթ, գուպար, գուլ, գուռ, գուղձ, անայգ, հրուտ, հույլ, գուբ, տմույն, բարեմույն, տտիպ, սինլքոր, քսու, խանդակաթ, խույր, մկունդ , շառափ, խանձարուր, կալյակ, պարեխ, ագուգա, ազազուն, գոս, բորոտ, գռուզ, դժնդակ, անոսր, սիգալ, ելուզակ ... : Բացի այս բառերից կան այնպիսի ծիծաղելի հարցեր գրականությունից, որոնք իբրև ստուգում են մեր գիտելիքները գրականությունից... Օրինակ հարց կա, որտեղ պահանջվում է գտնել այն տարբերակը, որում տարբեր պատմավեպերի դայակների և աղախինների անուններն են... »:
Մեջբերելով նամակը Անահիտ Բախշյանը գրառել է.
«Միանալով Մուշեղի բողոքին, առայժմ ընդամենը հրապարակում եմ նրա նամակը և ակնկալում, որ այս աշակերտի բողոքը լսելի կլինի շտեմարանների հեղինակներին, որոնց նպատակը պետք է լինի հնարավորինս հավատարիմ մնալ հանրակրթության չափորոշիչներից բխող առարկայական ծրագրերին»: