Մեկնարկեց «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը .ԳԹԿ-ի տնօրենը քննական գործընթացը գնահատում է նորմալ
Այսօր` ժամը 9:30-ին, Հայաստանում մեկնարկեց «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննությունը: Հանրապետությունում քննությունը անցկացնելու համար ձևավորվել է 36 քննական կենտրոն: Քննությանը մասնակցության համար դիմում-հայտ են ներկայացրել 6970 դիմորդ:
Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանն այսօր այցելեց Երևանի պետական համալսարանում ձևավորված քննական կենտրոն` հետևելու միասնական քննության ընթացին:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Գ.Մելիքյանը նշեց, որ շտեմարանների ներդրումով քննական պրոցեսն այս տարի ավելի խաղաղ է ընթանում, քանի որ դիմորդները հստակ պատկերացում ունեն, թե ինչ հարցեր են լինելու քննական թեստերում:
Ընդհանուր առմամբ, ԳԹԿ-ի տնօրենը քննական գործընթացը գնահատում է նորմալ: «Քննական պրոցեսի բարձրացմանը նպաստել է նաև հանրապետության բոլոր մարզերում կազմակերպված փորձնական քննությունները: Կարծում եմ, որ դա էլ իր նպաստավոր ազդեցությունն է ունեցել»,- ասաց Գ.Մելիքյանը:
Ինչ վերաբերում է շտեմարաններին, ապա ԳԹԿ-ի տնօրենը կարծում է, որ շտեմարանների շուրջ կազմակերպված մասնագիտական քննարկումները տվել են իրենց դրական արդյունքը: Ըստ նրա` հայոց լեզու և գրականություն, ռուսաց լեզու և գրականություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն առարկաների քննություններից հետո արձանագրել են, որ այս տարի թեստերը թերություններ չեն ունեցել:
«Շտեմարանների հետ կապված միշտ էլ մասնագիտական վեճեր լինում են, կարծում եմ, որ այդ քննարկումների արդյունքում է, որ այսօր շտեմարաններում բավականին փոփոխություններ կատարվեցին: Այդուհանդերձ, մենք դեռ չենք համարում, որ շտեմարանները իդեալական են»,- նշեց Գ.Մելիքյանը` հավելելով, որ քննարկումները շարունակվելու են և հույս հայտնեց, որ հաջորդ քննությունների ժամանակ ավելի լավ շտեմարաններ են ունենալու:
Անդրադառնալով «Մաթեմատիկա» առարկայի թեստերին, նա հայտնեց, որ եթե թեստերում ծրագրից դուրս հարցադրումներ լինեն, ապա որոշումները կայացվելու են բացառապես հօգուտ դիմորդների:
ԵՊՀ-ի քննական կենտրոնի ղեկավար Կարինե Հայրապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ քննությունը նորմալ է ընթանում, դիմորդներն էլ հանգիստ են: Նրա խոսքերով` ԵՊՀ-ում քննություն պետք է հանձներ 247 դիմորդ, սակայն նրանցից 18-ը չեն ներկայացել քննությանը:
Նշենք, որ 2013-14 թթ. ուսումնական տարում ընդունելության քննություններին մասնակցելու հայտեր են ներկայացրել շուրջ 15 000 դիմորդներ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա