Զուգարանը` ծածկագրերից օգտվելու լավագույն եղանակ. քննությունների ժամանակ արկղերով ծածկագրեր են հավաքել
«Ամեն քննությունից հետո արկղերով ծածկագրեր, շտեմարանների թղթեր ենք հավաքում»: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը` անդրադառնալով միասնական քննությունների ժամանակ ծածկագրերից օգտվելու դեպքերին:
Նշենք, որ ԵՊՀ-ում ֆիզիկա, մաթեմատիկա առարկաների միասնական քննությունների ժամանակ Panorama.am-ի թղթակիցը ականատես էր եղել մի շարք տարօրինակ երևույթների: Քննության մեկնարկից րոպեներ անց որոշ դիմորդներ, կարիքները հոգալու պատրվակով, դուրս էին գալիս և 20-25 րոպե մնում էին զուգարանում: Շատերի մոտ կային ինչ-որ թղթեր, ծածկագրեր, որոնք ձեռքներին կամ գրպաներում մտնում էին զուգարան: Քննությունների ժամանակ զուգարան գնացողների հերթ էր գոյանում և զուգարանը ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս շարունակում էր մնալ ծածկագրերից օգտվելու լավագույն եղանակը:
Մեր այն դիտարկմանը, թե ինչ համար էին քննությունների կազմակերպիչները որոշ դիմորդների թույլ տալիս «զուգարանի ծառայությունից» օգտվել մի քանի անգամ, իսկ որոշներին էլ արգելում էին դուրս գալ քննասենյակից, Ա.Իսպիրյանը նշեց, որ ոչ ոք չի կարող երեխային ասել մի գնա զուգարան կամ այսքան ժամանակ մնա: Իսկ ինչ վերաբերում է թույլ չտալուն, ապա նա կարծում է, որ դա հավանաբար եղել է քննության ավարտից 15 րոպե առաջ: Մեզ մնում է ավելացնել, որ այս դեպքում դժվար թե դիմորդը կարողանար ծածկագրերից օգտվել, իսկ այն դիմորդները, ովքեր քննության ընթացքում մի քանի անգամ էին դուրս գալիս, ապա դժվար չէ կռահել, որ զուգարանը նրանց համար ծածկագրերից օգտվելու լավագույն միջոցն է:
Մինչդեռ, ըստ Ա.Իսպիրյանի, իրենք բավականին խիստ են և այնպես չէ, որ դիմորդները կարողանում են շպարգալկաներից օգտվել: «Այնպես չէ, որ երեխաները կարողանում են զուգարաններում արտագրել, իհարկե շատերն են փորձում օգտվել ծածկագրերից, բայց նրանց թույլ չեն տալիս կամ էլ հեռացնում են»,- ասաց նա:
Ա.Իսպիրյանի խոսքերով` այս տարի միասնական քննությունների ժամանակ գրանցվել է ծածկագրերից, հեռախոսից օգտվելու 15-20 դեպք: «Այդ դիմորդները բողոքել են, որ թույլ տան իրենց երկրորդ անգամ մասնակցել քննություններին, քանի որ դա միամիտ է եղել, կամ չեն օգտվել ծածկագրերից, սակայն կանոնների համաձայն, եթե քննասենյակում գտնում ենք հեռախոս կամ ծածկագիր և եթե դիմորդը դրանից օգտվում է, ապա մենք նրան հեռացնում ենք: Իսկ եթե գրպանում կա, բայց չի օգտվել, դիմորդը նկատողություն է ստանում, նրա ձեռքից վերցնում ենք ծածկագիրը, որից հետո շարունակում է քննությունը»,- նշեց Ա.Իսպիրյանը:
Նախորդող` Ֆիզիկայի քննությունը և որոշ դիմորդների «զուգարանային թուլությունը»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա