«Լույս» հիմնադրամի կրթաթոշակառուները նախագահական նստավայրում էին. «Մեծ մասը վերադառնում են»
«Լույս» հիմնադրամի նախորդ տարվա 75 շրջանավարտներից 10-ն արդեն աշխատում են աշխարհի հզորագույն ընկերություններում՝ Amazon, Google, Bloomberg, Microsoft և այլն, 40-ն աշխատում են Հայաստանում, 25-ը շարունակում են իրենց ուսումն այլ բուհերում: Այս տարվա շրջանավարտների թիվը դեռ հաշվարկման փուլում է:
Իսկ այսօր նախագահ, «Լույս» հիմնադրամի համահիմնադիր Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում ընդունել է 2013-14 թթ. ուսումնական տարվա կրթաթոշակառուներին: Ավանդույթի համաձայն, երկրի ղեկավարը հավաստագրեր է շնորհել այս տարվա «Լույսի» կրթաթոշակառուներին:
Կրթաթոշակառուներից Մարգարիտա Աֆրիկյանն ընդունվել է Լոնդոնի կայսերական քոլերջը, սովորելու է ֆինանսներ, ավարտելուց հետո ստանալու է մագիստրոսի կոչում: «Ուսումնասիրելու եմ ներդրումային բանկային գործը, արևմտյան և արևելյան փորձը: Ավարտելուց հետո իմ գիտելիքները փորձելու եմ բերել ու ներդնել Հայաստանի բանկային համակարգ՝ անցնել սպառողական բանկային պրակտիկայից դեպի ավելի ներդրումային բանկային պրակտիկայի: Զարգացող ոլորտ է: Կա պահանջարկ, սակայն չունենք համապատասխան ձևավորված միջավայր»,- իր ծրագրերի մասին պատմեց նա:
Անահիտ Վարդանովան նույնպես ընդունվել է Լոնդոնի կայսերական քոլեջ, ուսումնասիրելու է բիզնես կառավարում: «Վերադառնալով Հայաստան՝ փորձելու եմ տարբեր դասախոսական ծրագրերի միջոցով իմ գիտելիքները փոխանցել մեր սերունդներին, որպեսզի անօգուտ չլինի իմ՝ այնտեղ սովորելը:
Բացի այդ, պարտադիր նախատեսում եմ ստեղծել ստանդրատ պլատֆորմ՝ փորձելով օգնել այն ձեռնարկատերերին, ովքեր հնարավորությունների պակասի պատճառով չեն կարողանում փորձարկել իրենց մտահղացումները»,- իր հետագա անելիքները ներկայացրեց Անահիտը:
«Լույս» հիմնադրամի կրթական ծրագրի տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը լրագրողներին ասաց, որ իրենց կրթաթոշակառուները Հայաստանում ստեղծում են իրենց կազմակերպությունները, փորձում են տարբեր ձևերով Հայաստանը կապել ողջ աշխարհի հետ: «Մենք չենք ստիպում, որ նրանք վերադառնան, բայց մեծ մասը ուսումն ավարտելուց հետո վերադառնում են: Մենք աշխատում ենք բոլորի հետ, ստեղծում ենք հարթակ, որպեսզի վերադառնան Հայաստան, այստեղ աշխատեն, շփվեն իրենց գործընկերների հետ, հասկանան, որ Հայաստանն իրոք հնարավորությունների երկիր է»,- ասաց նա:
«Լույս» հիմնադրամն ունի երկակի առաքելություն.
1. Ստեղծել ու համախմբել առաջադեմ եւ ստեղծագործ մտածելակերպ ունեցող ուսանողների սերունդ` բազմապատկելով աշխարհի լավագույն համալսարաններ հաճախող հայ ուսանողների թիվը, այդ ուսանողներին տրամադրելով նյութական, մենթորական եւ այլ աջակցություն:
2. Ստեղծել ենթակառուցվածք, որն ի մի կբերի «Լույս»-ի ուսանողների գիտելիքը, փորձառությունն ու կապերը, եւ կառաջարկի ծրագրեր, որոնք կօգնեն ուսումնական ձեռքբերումներից անցում կատարել իրական աշխարհի նվաճումներին` ի բարօրություն Հայաստանի: «Զարգացնենք Հայաստանըե ծրագիրը ծառայում է այս առաքելությանը:
Այս տարի «Լույսի» կրթաթոշակառուները հանդես են եկել 2 կարևոր ստարտ-ափ նախաձեռնությամբ` զարգացնելու տաղանդավոր մասնագետների և ձեռներեցների հայաստանյան շուկան: «Լույսի» կրթաթոշակառուները և մենթիները հայ-թեք աշխատատեղեր են ստեղծում Հայաստանի մարզերում: Մասաչուսեթսի տեխնոլոգիայի ինստիտոտի «Լույսի» կրթաթոշակառու Արմեն Մկրտչյանը պատենտավորել է իր շատ կարևոր նորարարությունը՝ «ԱգրոԴրոն», որը միտված է գյուղատնտեսության զարգացմանը: Ագրոդրոնները նա արտադրելու է Հայաստանում և արտահանելու է միջազգային շուկա: «Լույսի» կրթաթոշակառուներն արժանացել է նաև տարբեր հեղինակավոր մրցանակների:
2009-2013 թթ, «Լույս» հիմնադրամն ունեցել է 315 կենսաթոշակառու (ներառյալ նոր ընդունված ուսանողները), տրամադրել է 545 կրթաթոշակ (ուսանողներից շատերը սովորում են միջինում երկու տարի):
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա