Ուսման և գիտելիքի նկատմամբ եղեք պահանջատեր. 80-ամյա Պոլիտեխնիկն իր դռներն է բացել 1001 առաջին կուրսեցիների առջև
2013 թվականը խորհրդանշական է Պոլիտեխնիկի առաջին կուրսեցիների համար, քանի որ նրանց ուսումնառության մեկնարկը համընկնում է ճարտարագիտական համալսարանի հիմնադրման 80-ամյա տարդարձի հետ:
ԲՈՒՀ-ի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, այդ կապակցությամբ հոբելյանական տարվա միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 2-ին ՀՊՃՀ Մեծ դահլիճում բուհի Ռեկտորատի և Ուսանողական խորհրդի կազմակերպած տոնական հանդիպումն անցավ առավել հանդիսավոր և շքեղ միջավայրում:
Պոլիտեխնիկական կամարների ներքո այսօր հավաքվել էին ՀՊՃՀ ղեկավարությունն ու դասախոսական անձնակազմը, համալսարանի գործընկեր-կազմակերպությունների ղեկավարները, բազմաթիվ ուսանողներ և ծնողներ: Հանդիպումը սկսվեց ՀՀ և ՀՊՃՀ օրհներգերի կատարմամբ:
ՀՊՃՀ ռեկտոր, պրոֆեսոր Արա Ավետիսյանը, շնորհավորելով ներկաներին գիտելիքի օրվա, 2013-2014 ուսումնական տարվա մեկնարկի և պոլիտեխնիկական համայնքին միանալու կապակցությամբ, կոչ արեց լիարժեք օգտվել «պոլիտեխնիկցու» ձեռքբերումներից ու պատվից, միաժամանակ ուժերի ներածի չափով նվիրում ու ներդրում ունենալ այդ ձեռքբերումներն ու փառքը մեծացնելու վեհ գործում: Ռեկտորը հորդորել է նաև հիշել, որ միայն գիտելիքի հարուստ պաշար ունեցող մարդն է կյանքում քայլում հաստատ, հասնում հաջողությունների, գրանցում հաղթանակներ: «Ուսման և գիտելիքի նկատմամբ եղեք պահանջատեր, և միասին կհզորացնենք մեր հայրենիքը»,-եզրափակեց ռեկտորը:
Ավանդույթի համաձայն` առաջին կուրսեցիներին շնորհավորելու էր եկել Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Շրջանավարտների ասոցիացիայի նախագահ, Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի շրջանավարտ, Սինոփսիս Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:
«Կանցնեն տարիներ, բայց այս օրը շատերիդ հիշողության մեջ վառ կմնա, քանի որ այսօրվանից է սկսվում ձեր ուսումնական կենսագրությունը, ծանոթությունն այն հաստատության հետ, որը մեր երկրի տեխնոլոգիական կրթության և տնտեսության զարգացման շարժիչ ուժն է: Վստահ եմ, որ հետագայում ձեզանից շատերը կհամալրեն ասոցիացիայի շարքերը և ներդրումը կունենան մեր հարազատ բուհի զարգացման գործում»,- ընդգծել է Հ. Մուսայելյանը:
Հանդիպմանը ներկա էին նաև Պոլիտեխնիկի այն երախտավորների` ականավոր գիտնականների, Հայաստանում ինժեներական կրթության և գիտության մի շարք դպրոցների հիմնադիրների, բազմավաստակ ինժեներների և բուհի պատմության մեջ նշանակալի դեր ունեցած անձանց ընտանիքների անդամներն ու հարազատները, որոնց անուններով ֆակուլտետներում սահմանված են անվանական կրթաթոշակներ: Եվս 5 անվանական կրթաթոշակ սահմանել է ՀՊՃՀ Շրջանավարտների ասոցիացիան:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին