ԿԳՆ-ն ներկայացրեց դպրոցների վարկանիշավորման պիլոտային ծրագիրը (Տեսանյութ)
Հայաստանի կրթության և գիտության նախարարությունն այսօր ներկայացրեց հանրակրթական դպրոցների վարկանիշավորման պիլոտային ծրագիրը:
Նախարար Արմեն Աշոտյանն ընդգծեց, որ ուսումնական հաստատությունների գործունեության որակը պետք է չափագրվի ըստ օբյեկտիվ չափանիշների: Նա նշեց, որ համակարգը մշակվել է նախորդ տարի, իսկ մեթոդաբանությունը դեռ փորձարկվում է:
«Վարկանիշավորման համակարգի նպատակն է ծնողներին, աշակերտներին, հասարակությանն օբյեկտիվ ինֆորմացիա տրամադրել հաստատություններում կրթական գործընթացի կազմակերպման և որակի մասին: Շատերն են խոսում` լավ դպրոց, վատ դպրոց, երեխաներին որտե՞ղ տանենք… Մենք չենք ուզում որ այդ տեղեկությունները լինեն բամբասանքի կամ տարիների ընթացքում ձևավորված իմիջային մակարդակի վրա, մենք աշխատում ենք, որ մեր ծնողներն ու աշակերտներն ունենան հնարավորինս օբյեկտիվ և ամփոփ տեղեկատվություն»,- ասաց նա:
Ըստ Արմեն Աշոտյանի` մեթոդաբանությունը թույլ է տալիս բացահայտել ուժեղ և թույլ դպրոցները, հասկանալ, թե կրթական հաստատություններում ինչ խնդիրներ կան, որ բաղադրիչն է կաղում, որն է ուժեղ:
«Այստեղ վատերին պատժելու միտում չկա և չի կարող լինել: Սա նաև ախտորոշիչ մեթոդ է` հասկանալու որտեղ են մեր թույլ և ուժեղ կողմերը»,- ասաց նա:
Կրթության և գիտության փոխնախարար Կարինե Հարությունյանը ներկայացրեց համակարգը: Անդրադառնալով վարկանիշավորման համակարգերի քննադատությանը, նա նշեց, որ դա հիմնականում հնչում է երկու շահառու խմբերից՝ ուսումնական հաստատությունների և գիտնականների կողմից: Նա ներկայացրեց հաճախ հնչող քննադատությունները.
«Վարկանիշները խորացնում են բևեռացումը դպրոցների միջև և մեծացնում անհավասարությունները: Պարզունակ և բացառապես քանակական ցուցանիշների օգտագործումը չի արտահայտում դպրոցի ապահոված կրթության իրական որակը: Վարկանիշային աղյուսակների կազմումը և հրապարակումը դպրոցների մի մասի համար ծառայում է որպես գովազդ և «դպրոցի բրենդի տարածում» և այլն»:
Նշենք, որ վարկանիշավորումը հետագայում արվելու է անկախ կազմակերպության կողմից: Համակարգը փորձարկման ընթացքում կմշակվի և արդեն հաջորդ տարի կներկայացվի վերջնական տեսքով: Երկուշաբթի օրվանից արդեն կգործի կայք, որտեղ ներկայացված կլինեն վարկանիշավորման պիլոտային ծրագրով իրականացված արդյունքները: Աշխատանքներն իրականացրել է ԿԳՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները