Երևանի ֆրանսիական մանկապարտեզն ու դպրոցը` մեկ հարկի տակ
Երևանի ֆրանսիական մանկապարտեզն ու դպրոցն այսուհետ գործում են մեկ հարկի տակ, ինչը նպատակ ունի դրանք ավելի տեսանելի դարձնել, ապահովել ֆրանսիական կրթական համակարգի շարունակականությունը, ինչպես նաև ավելի շատ թվով աշակերտներ հյուրընկալել: Ֆրանսիական մանկապարտեզում և դպրոցում շրջայց կատարելուց հետո լրագրողներին ասաց ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն:
Նա նշեց, որ մեկ կառույցում են համախմբվել երեք կրթական առաջնային օղակները՝ մանկապարտեզ, տարրական դպրոց, միջին մակարդակի դպրոց:
«Այս երկու կրթական հաստատություններում անհամետատ ավելի լավ պայմաններ են ապահովված, քան Ֆրանսիայում նմանատիպ կրթական օջախներում»,- ասաց դեսպանը:
Այս պահին մանկապարտեզ և դպրոց միասին հաճախում է 180 սան՝ 87 սան մանակապարտեզ է հաճախում, 67՝ տարրական դասարան, 27 միջին դպրոցում. «Տարեցտարի մենք աճ ենք նկատում: Մեր խնդիրը պետք է լինի պահպանել այդ աճը»:
Մանկապարտեզն ու դպրոցը գործում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան հովանու ներքո:
Նշենք, որ Երևանի ֆրանսիական մանկապարտեզը հիմնադրվել է 2000 թվականին: Այնտեղ ներկայումս դասավանդում է 9 ուսուցիչ և նույնքան էլ օգնականներ, ովքեր 2,5 տարեկանից մինչև 6 տարեկան երեխաներին սովորեցնում են արտերկրում Ֆրանսերենի դասավանդաման գործակալության կողմից ճանաչված կրթական ծրագրով: 2013 թ. ֆրանսիական մանկապարտեզում գրանցված է 87 երեխա, որոնցից 55,1 տոկոսը հայեր են, 22,9 տոկոսը ֆրանսիացիներ և 22 տոկոսը այլազգիներ:
Ֆրանսիական դպրոցը հիմնադրվել է 2007 թվականին, առաջարկում է ֆրանսիական համարժեք հաստատություններում դասավանդվող կրթական ծրագիր: Նախորդ տարի դպրոցում սովորող երեխաների 41,9 տոկոսը եղել է հայ, 35,48 տոկոսը՝ ֆրանսիացիներ և 22,5 տոկոսը՝ այլազգիներ:
Եվ մանկապարտեզը, և դպրոցը վճարովի են: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի և համագործակցության հարցերով խորհրդական Ժան Միշել Կասբարյանն ասաց, որ երեք օղակները միասին՝ միջինը տարեկան 2400 եվրո է, որը համեմատած կովկասյան այլ երկրներում գործողների հետ ամենաէժանն է:
Ա. Ռենոն ասաց, որ ֆրանսիական դպրոցը ենթարկվում է ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, պահպանված են անհրաժեշտ բոլոր նորմերը: Դպրոցում ուսուցանվում է նաև հայոց լեզու, քաղաքակրթություն, մշակույթ:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին