Երեխաներին A/H1N1-ի դեմ հատուկ պատվաստանյութ է հարկավոր. Նախարարությունը զգուշավորություն է ցուցաբերում

17:02 10/11/2009 » Առողջություն

Երեխաներին A/H1N1-ի դեմ հատուկ պատվաստանյութ է հարկավոր. Նախարարությունը զգուշավորություն է ցուցաբերում

Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն այսօր հայտարարեց, որ դեղորայքային ապահովման առումով հանրապետությունը պատրաստ է դիմակայել խոզի գրիպին: Հանրապետությունում այսօր մոտավորապես 7 500 չափաբաժին «Տամիֆլյու»  տեսակի դեղորայք կա:

Նախարարի երեկվա հրահանգի համաձայն, ձեռք է բերվելու շուրջ 20 հազար չափաբաժին դեղորայք:
«ԱՀԿ-ի վերլուծություններով, պահանջներով մեզ համար անհրաժեշտ 30 հազար դոզաչափը մենք կապահովենք, դա համարվում է անհարաժեշտ քանակություն` բռնկումների, համաճարակների ժամանակ»,-ասաց Հ. Քուշկյանը:

Խոսելով պատվաստումների մասին` նախարարը նշեց, որ այսօր առավոտյան խորհրդակցություն է անցկացրել խոշոր ներկրող կազմակերպությունների հետ: Այս ընկերությունները, որպես գործընկերներ, իրենց աջակցությունն են հայտնել առողջապահության նախարարությանը, որ կարճ ժամանակաշրջանում Հայաստան կներկրեն պատվաստանյութեր:

«ԱՀԿ-ի ժամանակացույցով նախատեսված էր Հայաստանին պատվաստանյութերը տրամադրել միայն հունվարին, քանի որ մեզ մոտ հիվանդության գրանցման դեպքեր չէին հայտնաբերվել: Բայց մենք խնդրեցինք նաև միջազգային մի շարք կազմակերպությունների, որ այս հարցում իրենց մոտեցումը փոխեն»,-ասաց նախարարը:

Հ. Քուշկյանի խոսքով, պատվաստանյութի շուտ ներկրման դեպքում հնարավոր կլինի ոչ թե բուժել, այլ այն, նախապես օգտագործելով, կանխարգելել հիվանդությունը:

Իսկ պատվաստանյութն առաջնային պետք է ստանան ռիսկի խմբում գտնվողները` բուժանձնակազմը, կենցաղսպասարկման ոլորտի աշխատակիցները, ապա ուսանողները:

Ինչ վերաբերում է երեխաներին, ապա նախարարությունն ավելի զգույշ մոտեցում է ցուցաբերում: Հատուկ նրանց համար ձեռք է բերվելու ուրույն չափաբաժնով արտադրվող պատվաստանյութ. դա  ավելի անվտանգ է ու կողմնակի ազդեցություն չունի:

«Մենք հիմա բանակցություններ ենք վարում այդ դեղամիջոցի ձեռք բերման ուղղությամբ երեխաների ու երիտասարդ տարիքի ազգաբնակչության համար, որ բարդություններ չունենանք»,-նշեց Հ. Քուշկյանը:

Իսկ հանդիպման վերջում, Panorama.am-ի դիտարկմանը, որ գրիպի դեպքի հայտնաբերման հենց հաջորդ օրը` այսօր, մայրաքաղաքի դեղատներում քաղաքացին չի կարողանում ձեռք բերել սեզոնային գրիպի համար նախատեսված մի շարք դեղամիջոցներ և ոչ բոլոր դեղատներում կարելի է գտնել առողջապահական դիմակներ, նախարարը նշեց, որ այսօր` ասուլիսից առաջ արդեն նախարարություն են հրավիրվել դեղերը ներկրող կազմակերպությունների ներկայացուցիչները, որոնցից նախարարը պահանջել է Երևան ներկրել համապատասխան քանակությամբ դեղորայք:


Իսկ դիմակների վերաբերյալ նախարարը նշեց, որ 7 500 դիմակ կտրամադրի «USAID» կազմակերպությունը, որը կբախշի նախարարությունը:

Բայց նա ևս մեկ անգամ շեշտեց, որ մայրաքաղաք են ներկրվելու անհրաժեշտ քանակի դիմակներ, ախտահանիչ նյութեր. խուճապի մատնվելու առիթ չկա: Դեղատներում սեզոնային գրիպի համար նախատեսված, համեմատաբար էժան արժողությամբ դեղանյութերի բացակայության պատճառը նախարարը թերևս պատճառաբանեց նրանով, որ «մարդիկ ժամանակից շուտ անհանգստացել են ու նախապես ձեռք են բերեր դեղամիջոցներ, ինչն էլ դրանց` ժամանակից շուտ սպառման պատճառ է դարձել»:

Աղբյուր` Panorama.am

Share |

Տպագրական տարբերակ

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

↓ Վերջին նորություններ
Շարունակել

Օրացույց