Հայաստանում զույգերը սեքսուալ ֆոբիաներով ապրում են տարիներ. Սեքսոպաթոլոգ
Երևանի պետական բժշկական համալսարանի սեքսոլոգիայի կլինիկայում վերջին հինգ տարիներին սեռական խնդիրների վերաբերյալ հարցերով այցելուների թիվը կրկնակի աճել է: Այդ մասին այսօր ասուլիսում տեղեկացրեց Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի անդամ, սեքսոպաթոլոգ Ռուզան Ազատյանը:
Հայաստանում սեռական խանգարումների վերաբերյալ հստակ վիճակագրության նա չի տիրապետում, և մատնանշելով իրենց կլինիկայի վիճակագրությունը տեղեկացրեց, որ դիմողների 20 տոկոսը կանայք են, 25 տոկոսը` ամուսնական զույգեր, իսկ 55 տոկոսը տղամարդիկ:
Ըստ մասնագետի, կանանց մոտ հաճախ հանդիպող խնդիրը սեռական ցանկության նվազումն է, և նրանց 35 տոկոսն է տառապում դրանից, դիմած կանանց 30 տոկոսի մոտ կա սեռական անբավարարվածություն: 20 տոկոսն է դժգոհել ցավից սեռական հարաբերության ժամանակ, իսկ 15 տոկոսի մոտ էլ գրանցվել են սեքսուալ ֆոբիաներ:
«Տղամարդկանց մոտ հիմնականում հանդիպում են վաղաժամկետ սերմնաժայթքում, սեռական թուլություն, անպտղություն», -բացատրեց մասնագետը` նկատելով, որ իրենց դիմած տղամարդկանց 30 տոկոսի մոտ վաղաժամ սերմնաժայթքման խնդիր կա:
Ինչ վերաբերում է ամուսնական զույգերին, ապա, ըստ մասնագետի, նրանց 25 տոկոսի մոտ կա սեռական աններդաշնակության խնդիր, իսկ 75 տոկոսի մոտ` վագինիզմ (կրկնվող կամ մշտական ախտաբանական վիճակ, որի ժամանակ տեղի է ունենում հեշտոցի արտաքին մեկ երրորդի ակամա ջղաձիգ կծկում՝ անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը):
Սեքսուալ ֆոբիաները, սեքսոպաթոլոգ Ռուզան Ազատյանի խոսքով, տղամարդկանց և կանանց մոտ հատուկ հիվանդության ձևով են դրսևորվում: «Սեռական կյանքից խուսափելը ֆոբիա է ու առաջանում է տագնապային վախ, որ կինը կամ տղամարդը խուսափում են սեռական կյանքից և նույնիսկ այդ մասին մտածելուց: Դա հիվանդություն է ու պարզապես անհնար է ապրել այդ հիվանդությամբ: Բայց մեր հասարակությունում կան մարդիկ, որ այդպես տարիներով ապրում են», -նշեց մասնագետը:
Սեքսոլոգ Նարինե Ներսիսյանն ասաց, որ սեռական խնդիրներ ունենալու բարդույթից հայերը քիչ-քիչ ազատվում են: «Եվ դա շատ լավ է, ու այդ ուղղությամբ մենք աշխատանքներ տանում ենք», -հավելեց մասնագետը` նկատելով, որ իրենց դիմում են նաև զույգեր, որոնք պատրաստվում են ամուսնանալ` իրենց սեռական վախերը հաղթահարելու համար:
Սեքսոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Արամ Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենք ստեղծել են sexology.am կայքէջը, որտեղ մարդիկ կարող են գտնել սեռական կյանքին վերաբերող բոլոր հարցերը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան