Երկրի ղեկավարի մասնակցությամբ բացվեց Գավառի բժշկական կենտրոնը
Աշխատանքային այցով Գեղարքունիքում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է Գավառի բժշկական կենտրոնի բացմանը, որը ստեղծվել է Գավառի հիվանդանոցի և ծննդատան կազմավորման արդյունքում:
Նշենք, որ բժշկական կենտրոնի օպտիմալացման ու ներդրումային ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Առողջապահության համակարգի արդիականացում» վարկային ծրագրի շրջանակներում:
Ընդհանուր առմամբ, վերանորոգվել ու կառուցվել է շուրջ 3835 քմ մակերեսով տարածք, կատարվել է մասնաշենքի ամբողջական հիմնանորոգում: Կենտրոնը հագեցած է նորագույն բժշկական սարքավորումներով, բժշկական ու կենցաղային նոր կահույքով: Կենտրոնում աշխատում են 35 բժիշկներ, 69 բուժքույրեր, 60 այլ աշխատակիցներ:
Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանն ասաց, որ կառավարության ու ՀԲ-ի համագործակցության արդյունքում վերջին 2 տարվա ընթացքում 7 խոշոր բժշկական կենտրոն է բացվել ՀՀ մարզերում` Հրազդան, Իջևան, Արմավիր և այլն:
Նրա խոսքով, ՀՀ նախագահի հանձնարարականով, 2012-ին կվերանորգվեն Կապանի, Սևանի, Բերդի, Աբովյանի ԲԿ-ները, նոր հիվանդանոց կկառուցվի Վանաձորում, իսկ հաջորդ տարվա ապրիլին արդեն շահագործման կհանձնվի Գյումրիի նորակառույց հիվանդանոցը:
Ավելի վաղ առողջապահության նախարարությունից Panorama.am-ին հայտնել էին, որ նախատեսված է բոլոր ծառայությունները (բացառությամբ ինֆեկցիոն-տուբերկուլոզային) տեղափոխել քաղաքի կենտրոն` բնակչության համար առավել մատչելի վայրում գտնվող Գավառի ծննդատան մասնաշենք: Գավառի ծննդատան շենքում կլինի 80 մահճակալ, որից վիրաբուժական` 25, թերապևտիկ` 15, մանկական` 10 և մանկաբարձագինեկոլոգիական` 30:
Վարկային ծրագրի հավելյալ ֆինանսավորման շրջանակներում նախատեսվել են լրացուցիչ աշխատանքներ` շենքի երեսպատում ջերմամեկուսացման նպատակով, տարածքի բարեկարգում, արտաքին լուսավորություն, 5-մահճակալանոց ինֆեկցիոն բաժանմունքի տեղակայում տնտեսական մասնաշենքում, դիահերձարանի կառուցում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան