Ս. Հակոբյան. Առողջ սեռական կյանք և հետագայում առողջ ընտանիք ունենալու համար կարևոր է սեռական կրթությունը
Սեռական կյանքի մասին խոսելը երկար տարիներ արգելված, նույնիսկ ամոթալի է եղել մեր հասարակության մեջ: Դա երբեմն պայմանավորված էր էթնիկ առանձնահատկություններով, ինչպես նաև այս խնդիրների թյուր պատկերացումներով, որոնք, ցավոք, այժմ էլ լայն արմատներ ունեն: Մինչդեռ, ըստ մասնագետների, հարկավոր է, որ երեխաների սեռակրթությունը սկսվի հենց վաղ տարիքից:
Սեռական առողջությունը մարդու ընդհանուր առողջության մի մասն է, որից մեծապես կախված է կյանքի որակը։ Հարկ է նշել, որ տարեցտարի մեծանում է այն երիտասարդների թիվը, ովքեր ավելի շատ են ուշադրություն դարձնում իրենց սեռական առողջությանը, հաճախ են հետազոտվում, ինչպես նաև փորձում են այս կամ այն հարցերի շուրջ խորհրդակցել բժիշկների հետ:
Panorama.am-ի հետ զրույցում Երևանի պետական բժշկական համալսարանի Սեքսոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսապաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար, բժշկական գիտությունների թեկնածու Սևադա Հակոբյանը նշեց, որ ի տարբերություն նախորդ տարիների, ներկայում սեռական դաստիարակության ուղղությամբ հսկայական աշխատանք է տարվում և անհամեմատ ավելի լավ վիճակում ենք գտնվում: «Կարող ենք ասել, որ սեքսուալ հարցերով խորհրդատվության դիմող այցելուների ընդհանուր քանակը վերջին տարիներին անհամեմատ աճել է, ինչը ուրախալի է»,- ասաց Ս. Հակոբյանը:
Սեքսապաթոլոգի խոսքերով` դա մի շարք գործոններով է պայմանավորված, մասնավորապես, ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացմամբ, ինչպես նաև այն հանգամանքով, որ այսօր մեր երիտասարդներն առավել վաղ տարիքում են սկսում ապրել սեռական կյանքով: Ըստ տվյալների` տղաները սեռական կյանքով են ապրում 18, իսկ աղջիկները` 19-20 տարեկանից: «Այստեղ ևս կարևոր է գրագետ սեռական կյանքի իմացությունը, որը հնարավորություն է տալիս խուսափել ինչպես անցանկալի հղիությունից, այնպես էլ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններից: Այսինքն` առողջ սեռական կյանք և հետագայում առողջ ընտանիք ունենալու համար կարևոր է սեռական կրթությունը»,- ընդգծեց Ս.Հակոբյանը` հավելելով, որ մարդը սեռապես առողջ է այն ժամանակ, երբ բավարար գիտելիքներ ունի, այսպիսով, լինում է առավել պաշտպանված:
Բժիշկը նաև նկատեց, որ ամուսնական զույգերը վերջերս սկսել են ավելի հաճախ այցելել սեքսապաթոլոգներին` կարևորելով իրենց սեքսուալ կյանքի այս կամ այն որակական հատկանիշի դերը ընդհանուր ընտանեկան կյանքում: «Ի ուրախություն մեզ, ինչպես ամուսնության պատրաստվող երիտասարդ զույգերն են դիմում, այնպես էլ հասուն տարիքում գտնվող ամուսնական զույգերը: Եթե ամուսինները առաջ գնահատում էին միայն զուտ սեռական կյանքի ֆիզիոլոգիական տեսանկյունը, ապա ներկայում մեծ առաջընթաց կա` նրանք կարևորում են սեռական կյանքի փսիխոսեքսուալ բավարություն ստանալը: Իսկ դա նշանակում է, որ այս մոտեցումով առավել ներդաշնակ և ամուր են դառնում ընտանիքները»,- ասաց Սևադա Հակոբյանը:
Ինչ վերաբերում է սեռական կրթությանը, ապա նա նշեց, որ այսօր ԵՊԲՀ-ի մագիստրատուրայում որպես գիտություն դասավանդվում է «Սեքսապաթոլոգիա» առարկան, ինչը հնարավորություն է տալիս ձեռք բերել համապատասխան գիտելիքներ: Բացի դրանից, ըստ Ս. Հակոբյանի, նաև ակտիվ երիտասարդների, ուսանողների շրջանում կազմակերպել են հանրային քննարկումներ, անցկացվել են սեմինարներ: Նաև բացատրական աշխատանք է տարվում, լուսաբանվում է այս կամ այն հարցը, քանի որ լինում են դեպքեր, երբ սեռական կրթության բացակայությունը, ֆիզոլոգիական երևույթի սխալ մեկնաբանումը, կարող է լուրջ խնդիրներ առաջացնել: Անդրադառնալով դպրոցներում սեռական դաստիարակության վերաբերյալ դասընթացներին, բժիշկ-սեքսապաթոլոգը նշեց, որ միշտ խնդիր է առաջանում, թե ով պետք է այդ դասընթացն անցկացնի, քանի որ համապատասխան մասնագետներ չկան: «Պատրաստ ենք մանկավարժների հետ համապատասխան կրթական ծրագիր իրականացնել դպրոցներում, ովքեր մասնագիտանալով սեռակրթության հիմունքների դասավանդման մեջ կստանան համապատասխան գիտելիքներ, ինչի արդյունքում սեռական դաստիարակության դասեր կանցկացվեն նաև ավագ դպրոցներում: Համենայնդեպս, մեծ աշխատանք պետք է տարվի այդ ուղղությամբ, ինչը փորձում ենք անել»,- նշեց բժիշկ-սեքսապաթոլոգը:
Ս.Հակոբյանը նկատեց, որ մեծ աշխատանք է տարվում նաև ամուսնության պատրաստվող զույգերի սեքսոլոգիական խորհրդատվություն իրականացնելու առումով: Ս.Հակոբյանի խոսքերով` բազմաթիվ են դեպքերը, երբ ամուսնության պատրաստվող զույգերը դիմում են կլինիկա և ստանում են համապատասխան խորհրդատվություն, անցնում են գոնե մինիմալ հետազոտությունները:
Այսպիսով, սեքսապաթոլոգը հույս ունի, որ համապատասխան քայլերից հետո կհասնեն որոշակի արդյունքների և հասունացման տարիքից սկսած դեռահասները կստանան սեռական դաստիարակություն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան