Մշակվում է ՀՀ պալիատիվ խնամքի հայեցակարգ. «Մարդիկ չպետք է տանջվեն»
Հայաստանում մշակվում է պալիատիվ խնամքի հայեցակարգը, որի հիմնական նպատակն է ազատել ցավով ուղեկցվող հիվանդություններ ունեցող հիվանդներին ցավերից: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Բաց հասարակության ինստիտուտ» Նյու Յորքի Պալիատիվ խնամքի միջազգային խորհրդատու Սթիվեն Քոնները: Նա նշեց, որ ՀՀ-ում ավելի քան 3000 մարդ կարիք ունի պալիատիվ խնամքի, սակայն մի քանի պիլոտային ծրագրի շրջանակներում շատ քիչ մարդիկ են պալիատիվ խնամք ստանում:
Նրա խոսքով, աշխարհի երկրներից 57 տոկոսը տրամադրում են պալիատիվ խնամք, սակայն միայն 20 տոկոսի դեպքում է պալիատիվ խնամքն ընդգրկված առողջապահական համակարգում: Հայաստանում այդ ուղղությամբ նոր-նոր են սկսվում աշխատանքներ տանել:
Հայաստանում քաղցկեղով կամ կյանքի տևողությունը սահմանափակող այլ հիվանդություններով տառապող հիվանդներին նշանակվում է միայն ներարկելի մորֆինի հիդրոքլորիդ, որը այնքան էլ նպատակահարմար չէ: Նախընտրելի է հաբերով մորֆինի հիդրոքլորիդ, կամ ցավամոքիչ մորֆինի հիդրոքլորիդի նշանակում: «Հուսով ենք, որ Հայաստանում կստեղծվի ու կզարգանա պալիատիվ խնամքի համակարգը: Մարդիկ չպետք է տանջվեն, պալիատիվ խնամքի նպատակն է ստեղծել այնպիսի միջոցներ, որ մարդիկ խուսափեն այդ ցավից»,- ասաց Ս. Քոնները:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոնյանն ասաց, որ Հայաստանի կառավարությունը ամեն ջանք գործադրում է ապահովել հիվանդներին անհրաժեշտ բուժմամբ, խնամքով ու այս համակարգի ներդրումը նույնպես պետք է ծառայի այդ նպատակին: Նրա խոսքով, պալիատիվ խնամքի համակարգի ներդրման ուղղությամբ աշխատանքներ տարվում են, կազմակերպվում անհրաժեշտ դասընթացներ բժիշկների, բուժքույրերի համար, թե որ դեպքում կարելի է իրականացնել պալիատիվ խնամք` նշանակելով թմրամիջոց` ցավազրկման համար: Ս. Քրմոնյանը նաև նշեց, որ պալիատիվ խնամքն իր մեջ ներառում է ոչ միայն բուժական միջոցներ, այլ նաև հոգեբանական ծառայություններ, նաև ընտանիքի անդամների համար, կազմակերպչական աշխատանքներ: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում չորս պիլոտային ծրագիր է իրականացվում անցած տարվա ապրիլից:
Պալիատիվ խնամքի փորձագետ Հրանտ Կարապետյանն էլ իր հերթին ավելացրեց, որ մտավախություն չպետք է լինի, թե ցավերից ազատվելու համար թմրամիջոց նշանակելով, տվյալ հիվանդը կարող է դառնալ թմրամոլ: