Վերելակի պոկվելու հետևանքով տուժածների վիճակը ծանր է
Նախօրեին Դավիթաշենի կամուրջի մոտ` Սասնա-Ծռեր փողոցի 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակը պոկվել-ընկնելու հետևանքով տուժածների վիճակը շարունակում է մնալ ծանր:
«Նրանք ունեն բազմաթիվ կոտրվածքներ ու սալջարդեր: Մենք պայքարում ենք նրանց կյանքի համար»,-Աբովյանում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը:
ԱԻՆ արտակարգ ալիք լրատվական կենտրոնի տվյալներով, «Արմենիա» ԲԿ են տեղափոխվել Խաչիկ Եփրեմյան (45 տ.) և Գևորգ Սաֆարյան (60 տ.):
Հիշեցնենք, որ նախօրեին այս միջադեպի հետևանքով ևս երկու մարդ մահացել է` 1960 թ. ծնված Հ. Օհանյանը և ըստ ԱԻՆ-ի, մոտ 50 տարեկան անձը չպարզված տղամարդ:
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ա. Հայթայանը Panorama.am-ին հայտնեց, որ երկու տուժածներն էլ գիտակցություն ունեն:
«Նրանցից մեկին այսօր կվիրահատեն: Փայծաղն է վնասվել»,-ասաց Հայթայանը:
Մեր ունեցած տեղեկություններով, վիրահատվելու է 45-ամյա Խաչիկ Եփրեմյանը:
Ըստ ԱԻՆ-ի, դեռևս չբացահայտված հանգամանքներում նորակառույց շենքի 17-րդ հարկից բեռնատար ինքնաշեն վերելակը, որը գրանցված չէ ԱԻՆ ռեեստրում և չի անցել փորձաքննություն, բեռներն իջեցնելու պահին պոկվել և ընկել է վերելակի հորանը:
Ոստիկանության հաղորդմամբ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 157 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Նշենք, որ Աբովյանում այսօր առողջապահության նախարարը վարչապետի հետ մասնակցում է «Տոնուս-Լես» ընկերության սննդի և դեղերի անվտանգության փորձագիտական նորակառույց լաբորատորիայի բացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները