4-ամյա Միլենային անհրաժեշտ է օգնություն. Նրան պետք է տեղափոխեն Մոսկվա, ՀՀ-ում հնարավոր չէ լիարժեք հետազոտություն անցկացնել
Քոչարյանների ընտանիքում երեք փոքրիկ կա, 4-ամյա Միլենան միջնեկն է: 2012թ-ի օգոստոսին այս ընտանիքի կյանքի բնականոն ընթացքը կտրուկ այլ ուղղություն վերցրեց` դեպի դժվարություններ, կյանքի և մահու կռիվ, երեխայի կյանքը փրկելու հնարավոր ու անհնարին ճիգեր, որոնք այս փուլում տվել են իրենց դրական արդյունքը, բայց եթե այդ պայքարը շարունակական չլինի, ապա…. Չարտաբերենք. հիվանդությունն ու դրա դժվարարտասանելի բժշկական թերմինը` իտինոբլաստոմա` աչքի չարորակ ուռուցք ինքնին խոսուն են:
Panorama.am-ի հետ զրույցում Միլենայի հայրը պատմեց, որ հիվանդությունը ուղղակի փուլ է եկել նրանց գլխին, ընդամենը մի քանի օրվա ընթացքում: Ծնողները նկատել են, որ աղջնակի տեսողության հետ խնդիրներ կան, բայց վերջնական դրանում համոզվել են, երբ երեխան լոգանք ընդունելիս է եղել, մայրը խնդրել է, որ Միլենան աչքը փակի, որպեսզի օճառը չմրմռացնի, ինչին ի պատասխան երեխան պնդել է, թե աչքը փակ է. «Անմիջապես տարանք բժշկի, հետո տեղափոխեցինք Մոսկվա: Երեխային վիրահատեցին, աչքը հեռացրեցին…. Բժիշկներն ասացին, որ մետաստազներ չի տվել, սակայն հիվանդությունն այնպիսին է, որ դա կարող է անմիջապես չերևալ, ժամանակի ընթացքում լինել:
Ամենասարսափելին նա է, որ հիվանդությունը երկու աչքին է տարածվում… Աստված ենք կանչում, որ նման բան չլինի, երեխան հիմա աչքի պրոտեզով է»,- պատմեց հուզված հայրը: Նա տեղեկացրեց, որ փետրվարի 22-ին լրանում է վեց ամիսը և երեխային պետք է նորից տեղափոխեն Մոսկվա, քանի որ Հայաստանում հնարավոր չէ լիարժեք հետազոտություն անցկացնել, չկան համապատասխան սարքավորումներ, որոնք ցույց կտային` հիվանդությունը նահանջել է, թե, Աստված մի արասցե, մետաստազներ տվել:
Օգոստոսին երեխային Մոսկվա ճանապարհել են ողջ ազգուտակով` հարազատներն ու բարեկամները, ծնողների ընկերները ով ինչքան կարողացել է գումարայինով օգնել է: Այն ժամանակ կողմնակի օգնության չեն դիմել, սակայն այսօր խնդրի առաջ են կանգնել, քանի որ նման հետազոտությունները, այն էլ Մոսկվայում, բավականին թանկ արժեն: Ա. Քոչարյանը պատմեց, որ երեխային պրոտեզավորելու գումարը հայազգի բժշկուհի Սահակյանն է հոգացել, քանի որ այդ պահին արդեն ողջ գումարը` 8 հազար դոլարից ավելի գումար, որ տարելա էին Հայաստանից, սպառված է եղել: Հայրը ընդգծեց` բժշկուհի Սահակյանի վերաբերմունքը նրանց ընտանիքի, փոքրիկի նկատմամբ ուղղակի անգնահատելի է, առավել ևս, որ հայրենիքում նա նման վերաբերմունքի այդպես էլ կարոտ մնաց…. Թեև Ա.Քոչարյանը չցանկացավ մանրամասնել, թե ո՞ր գերատեսչությունը կամ հաստատությունն է նրանց անբարեհամբույր դիմավորել, միայն նշեց, որ մինչ օրս երեխան անգամ թոշակ չի ստանում. «Մի քանի օրից կամիսիայի համար պետք է գնանք Վանաձոր, որ տեսնենք հաստատում են երեխայի թոշակը… խնդիրը էտ 8 հազար դրամը չի, որ երեխաս պետք է ստանա: Ես ուղղակի այդպես էլ չհասկացա, թե ինչո՞ւ այսքան ժամանակ պետք է երեխան մնար, այսքան ժամանակ անցներ, նոր այդ թոշակը ստացվեր, հո Միլենայիս աչքը նորից չէ՞ր աճելու… ամոթ է ուղղակի, դրսում ավելի սրտացավ են մեր նկատմամբ, քան այստեղ»,- նշեց նա, սակայն այդպես էլ չկիսվեց բացասական էմոցիաներով:
Միլենան վիրահատվելուց հետո քիմիաթերափիայի մեկ կուրս է ստացել հենց Մոսկվայում, իսկ Հայաստան վերադառնալուց հետո ևս հինգ կուրս արդեն Երևանում: Մալայանի անվան ակնաբուժական կլինիկայում, ուր օրերս հետազոտել են Միլենային, ասել են, որ կուրսերը կարծես դրական ազդեցություն են թողել, սակայն ընդգծել, որ իրենք հնարավորություն չունեն օրգանիզմի լիարժեք վիճակը տեսնելու, ուղղակի անհրաժեշտ է Մոսկվա կամ Գերմանիա տեղափոխել, որպեսզի ժամանակ չկորցնեն ու եթե ազդեցություն դրական չի` դեմն առնեն:
Ա.Քոչարյանը նշեց, որ հիմա արդեն ստիպված է օգնություն խնդրել, քանի որ ընտանիքում միայն ինքն է աշխատում, հնարավոր ամեն ինչը ամիսներ առաջ վաճառել են, անգամ բնակարանը ու հիմա երեխային տեղափոխելու գումար չունեն: Ասաց, որ չգիտի ինչպես դիմի գործարարներին, քանի որ վստահ է, որ նրանք անպայման կօգնեն… ու առհասարակ չգիտի` ո՞ւմ դիմի. «Առողջապահության նախարարությունը խոստացել է, որ կաջակցի ավիատոմսերի հարցում և մի ծնողին ու երեխայի տոմսը կհոգա… Հաշվեհամարին այս պահի դրությամբ մոտ 150 հազար դրամ ունենք, ռուսական մի ֆոնդից էին զանգահարել հետաքրքրվում, թե ինչով կարող են օգնել… Այս պահին սա ունենք, ես միայն աղոթում եմ, որ անարձագանք չմնա հորդորս ու գումարը խոչընդոտ չի դառնա երեխայի առողջության համար»...
Քոչարյանների ընտանիքին, փոքրիկ գեղեցկուհի Միլենային օգնություն կարող եք ցուցաբերել ВТБ Հայաստան բանկի հետևյալ հաշվեհամարներին փոխանցում կատարելով.
AMD 16093014916800
USD 16093014916801
EURO 16093014916802
RUR 16093014916803
Հաշվետեր` Թամարա Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները