Ըստ ԱՀԿ-ի՝ խոզի գրիպն արդեն դասվում է սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին
Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների համաճարակային իրավիճակը մնում է հանգիստ, դիտվում է սեզոնային բնականոն ընթացք: Իրականացվող մոնիտորինգի տվյալներով 2013 թվականի ընթացքում սուր շնչառական վարակների հիվանդացությունը 2012 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է մոտ 1,1 անգամ: Սեզոնի ընթացքում իրականացվող շաբաթական մոնիտորինգի տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ 2013 թվականի 5-րդ շաբաթվա ընթացքում նախորդ տարվա նույն շաբաթվա համեմատ նվազել է գրեթե 1,7 անգամ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
2013թ. փետրվարից հանրապետությունում շրջանառվում են գրիպի Ա (H1N1, H1N1պնդ, H2N3) և Բ տեսակները: Ինչ վերաբերում է գրիպի Ա H1N1պնդ ենթատեսակին՝ նախկինում խոզի գրիպին, ապա պետք է նշել, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական հայտարարությամբ այն այլևս չունի 2009 թվականի պանդեմիկ ներուժը և դասվում է սեզոնային գրիպի ենթատեսակների շարքին: Գրիպի յուրաքանչյուր տեսակով կամ ենթատեսակով պայմանավորված հնարավոր է հիվանդության միջին և ծանր ընթացքով դեպքերի արձանագրում, որին կարող են նպաստել բժշկին ուշ դիմելը, ինքնաբուժմամբ զբաղվելը, ուղեկցող հիվանդությունների (հիվանդների առողջական վիճակ) առկայությունը, հիմնական (քրոնիկ) հիվանդությունների կլինիկական առանձնահատկությունները և այլն:
Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն եվրոպական տարածաշրջանում դիտվում է սուր շնչառական վարակների տարածվածության շարժընթաց հարավից հյուսիս։ Հարավում իրավիճակն արդեն կայունանում է, իսկ հյուսիսում աճի միտումը դեռ շարունակվում է։ 90% դեպքերում արձանագրվում են գրիպի Ա, մնացած դերքերում` Բ տեսակները:
ՀՀ առողջապահության նախարարությունը բնակչությանը հորդորում է գրիպանման երևույթների դեպքում անհապաղ դիմել բժշկական օգնության, չզբաղվել ինքնաբուժմամբ:
Ներկայումս հանրապետությունում շարունակվում են սեզոնային գրիպի դեմ կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները, իրականացվում է սուր շնչառական վարակների և գրիպի օրական մոնիթորինգ:
ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է.
• Եթե հիվանդ եք, մնացե՛ք տանը
• Մի՛ զբաղվեք ինքնաբուժմամբ, կազմակերպե՛ք բժշկի այցը տուն
• Անհարկի, առանց բժշկի ցուցման մի՛ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք չեն օգնում վիրուսային ծագում ունեցող հիվանդությունների ժամանակ
• Մի՛ շփվեք գրիպանման երևույթներով հիվանդների հետ
• Խստորեն հետևե՛ք անձնական հիգիենայի պահպանման կանոններին
• Հագնվե՛ք եղանակին համահունչ
• Պահպանե՛ք հազի և փռշտալու վարվելակարգը
• Հաճախակի օդափոխե՛ք փակ տարածքները:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան