Մալայանի կենտրոնն ինքնագործունեությամբ է զբաղվա՞ծ. ԱՆ-ն վստահեցում է` երեխաների բուժումն անվճար է (Լրացված)
Այսօր մեր գործընկեր Արման Սուլեյմանյանը Մալայանի անվան ականաբուժական կլինիկայում տհաճ փաստի առաջ է կանգնել. Նրա մանկահասակ երեխայի բուժման համար գումար են պահանջել: Ինչպես Panorama.am-ին փոխանցեց Սուլեյմանյանը, նրանք Մալայանի անվան կլինիկայում ակնաբույժներին ներկայացրել են նաև երեխայի բուժման համար առողջապահության նախարարության տրամադրած անվճար բուժման համար նախատեսված հավաստագիրը, սակայն` ապարդյուն:
«Մենք մոտեցանք նաև կենտրոնի տեղակալին, որը մեզ ցույց տվեց Առողջապահության նախարարության նամակը, որտեղ սևով սպիտակի վրա գրված է` «Հիշեցնում ենք, որ բուժումը կարող է կազմակերպվել նաև վճարային համակարգով»», -մեզ հետ զրույցում պատմեց վրդովված ծնողը:
Մեր հարցմանն ի պատասխան, Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Անահիտ Հայթայանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ կատարվածը թյուրիմացություն է: «Նման բան գոյություն չունի, մենք այս պահին պարզում ենք, թե ինչ թուղթ են ցույց տվել, քիչ ուշ պարզաբանումներ կտանք: Բայց ասեմ, որ կարգում փոփոխություն չի եղել` մեր երկրում 0-7 տարեկանները շարունակում են բժշկական ծառայություն ստանալ պետպատվերի շրջանակներում», -փոխանցեց տիկին Հայթայանը:
Մեր հարցին, թե ակնաբուժական կլինիկայի ղեկավար Մալայանը կպատժվի՞, տիկին Հայթայանն ասաց, որ այդ հարցին չի կարող պատասխանել:
ԼՐԱՑՈՒՄ` Ավելի ուշ ԱՆ լրատվական ծառայությունից հայտնեցին նաև, որ Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում Արման Սուլեյմանյանի հետ կապված դեպքի կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի հանձնարարությամբ ստեղծվել է հանձնաժողով, որի կատարած համակողմանի ուսումնասիրության արդյունքների մասին կտեղեկացնեն։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա