«Ռոֆերոն-Ա»-ն շուտով կտրամադրվի լեյկոզով տառապող հիվանդներին. Panorama.am-ի հրապարակումը արդյունք տվեց
Թարթիչաբջջային լեյկոզով (волосатый клеточный лейкоз) տառապող հիվանդների համար «Ռոֆերոն-Ա» դեղամիջոցը ձեռք բերելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը դիմել է ներկրող կազմակերպություններին: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց նախարարության դեղորայքային քաղաքականության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Մկրտչյանը:
«Բոլոր ներկրող կազմակերպություններին գրություններ ենք ուղարկել, որպեսզի կարողանան առողջապահության նախարարությանը մատակարարել « Ռոֆերոն-Ա» դեղը»,- ասաց նա ` հավելելով, որ գրություն է ուղարկվել նաև ՀՀ ֆինանսների նախարարություն: «Դրական արդյունքների դեպքում մեկ շաբաթվա ընթացքում դեղի ձեռքբերման պայմանագիր կկնքվի»,- ընդգծեց Ա. Մկրտչյանը:
Ըստ նրա` այս տարվա պահանջարկը 1114 սրվակ է, սակայն նախարարությունը նախատեսում է ձեռքբերել 350 սրվակ դեղ, իսկ մնացած խմբաքանակը խոստացել է մատակարարել «Հոֆֆման լյա Ռոշե» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը: Այն տեղ կհասնի հոկտեմբերին:
Ա.Մկրտչյանը վստահեցրեց, որ իրենք մշտապես կապի մեջ են հիվանդների հետ, նրանց տեղեկացնում են, թե գործընթացն ինչ փուլում է գտնվում: «Աշխատում ենք հնարավորինս արագացնել դեղի ձեռքբերումը, բայց այս պահին դա առողջապահության նախարարությունից չէ կախված»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Panorama am-ը նախորդ ամիս անդրադարձել էր թարթիչաբջջային լեյկոզով (волосатый клеточный лейкоз) տառապող հիվանդների խնդրին, ովքեր արդեն մի քանի է ամիս է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնից չեն կարողանում ստանալ իրենց համար կենսական նշանակություն ունեցող «Ռոֆերոն-Ա» դեղամիջոցը, որը նրանց տրամադրվում է անվճար` պետպատվերի շրջանակներում:
Խնդրի շուրջ պարզաբանմամբ հանդես եկավ առողջապահության նախարարությունը` ասելով, որ 2013թ-ին ԱՆ կողմից իրականացվել է «Ռոֆերոն-Ա» դեղի գնման մրցույթ, սակայն մրցույթին որևէ կազմակերպություն հայտ չի ներկայացրել: Արդյունքում, թարիթչաբջջային լեյկոզով տառապող 45-50 հիվանդ մնացել է առանց դեղի, որը նրանց համար կենսական նշանակություն ունի:
Նշենք նաև, որ միայն մեր հրապարակումից հետո Առողջապահության նախարարությունը սկսեց համապատասխան միջոցներ ձեռնարկել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները