Սուրեն Քրմոյան. Դեղի ստեղծման պրոցեսից մինչև օգտագործումը մենք կանոնակարգելու ենք
Դեղերի մասին նոր օրենքը շատ կարևոր նշանակություն ունի: Այս մասին Առողջապահության ոլորտի արդի խնդիրների վերաբերյալ սեմինար-քննարկման ժամանակ ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
Նա նկատեց, որ երկար ժամանակ է, ինչ նախկին օրենքը գործում է, իսկ այս ընթացքում ի հայտ են եկել մի շարք լուրջ մարտահրավերներ, գանգատներ կան` դեղերի ահաբեկչություն, կողմնակից ազդեցություն:
«Բժշկությունն ու դեղագիտությունն են զարգացել: Մենք ինչո՞ւ ենք փորձում դեղերն ավելի մանրամասն կանոնակարգել, քանի որ դա յուրահատուկ ապրանք է»,- ասաց Սուրեն Քրմոյանը:
Առողջապահության նախարարությունը հաճախ ահազանգեր է ստանում, որ կան չգրանցված դեղեր կամ ազդեցությունն այլ է լինում. «Մենք ասում ենք՝ փորձագիտական ներուժ է անհրաժեշտ: Նոր օրենքով պետք է սահմանվեն անվտանգությունը, որակը և արդյունավետությունը: Մենք պետք է ֆիքսենք կողմանակի ազդեցությունը: Դեղն այն ապրանքն է, որ տեղափոխման, ոչնչացման, պահպանման հատուկ կարգեր ունի: Դեղի ստեղծման պրոցեսից մինչև օգտագործումը մենք կանոնակարգելու ենք»,- ասաց Սուրեն Քրմոյանը:
Նախարարության աշխատակազմի ղեկավարը նաև նշեց, որ նոր օրենքը հիմնված է պատշաճ գործունեության ստանդարտների վրա՝ դեղերի մշակում, մանրամեծածախ վաճառք, կիրառում և այլն:
Անդրադառնալով Թմրամիջոցների մասին օրենքին, նա նշեց, որ դրանում ևս փոփոխություն է նախատեսվում: «Թմրամիջոցների սպառումը բժշկական նպատակներով շատ ցածր է: Շատ լավ է, որ բժշկական ոլորտից ապօրինի դաշտ չեն գնում թմրամիջոցները, բայց եթե մարդն ունի առողջապահական խնդիրներից ելնելով դրանք օգտագործելու անհրաժեշտություն, նրան պետք է հասանելի լինի»,- ասաց Սուրեն Քրմոյանը:
Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը ևս նշեց, որ այս ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ. «Առաջինը դեղերի գների հստակեցումն է, մենք առաջարկում ենք, որ վերին շեմը սահմանափակվի, որպեսզի ազգաբնակչությանը մատչելի գնով մատակարարվեն դեղերը»:
Նախարարը նկատեց, որ մեր տեղական արտադրողներից մեկը պատշաճ արտադրության հավաստագիր ստացավ, ինչը նշանակում է, որ մեր հանրապետությունում արտադրվող դեղամիջոցը համանապատասխանում է եվրոպական չափանիշներին: «Հանրապետությունը դեղորայքային ոլորտում միջազգային հեղինակություն է ձեռք բերում: Առաջիկայում ևս մեկ ընկերություն է դիմել հավաստագիր ստանալու»:
Դումանյանն ընդգծեց, որ պետք է դեղը պաշաճ ձևով հասնի դեղատուն և վաճառվի: Դեղատոմսերով դուրս գրվող դեղորայքի ցանկը ևս պետք է կանոնակարգվի: