Պատվաստանյութերի ազդեցության, երեխաների պատվաստումների և դժբախտ պատահարների մասին
Պատվաստումներից առաջ երեխան պետք է մանրամասն զննվի, իսկ ծնողի հետ աշխատանքներ տարվեն: Սա պահանջում է Առողջապահության նախարարության սահմանած պատվաստումների չափորոշիչը:
Սակայն, ինչպես ասում է Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, նույնիսկ եթե խորը, գործիքային հետազոտություն անցկացվի, հնարավոր չէ կանխել կամ ասել` տվյալ երեխայի մոտ որևէ հետևանք կառաջանա՞, թե` ոչ:
«Պատվաստանյութն էլ է դեղորայք, իսկ ցանկացած դեղորայք կողմնակի ազդեցություններ ունի: Նաև այդ փաստը պետք է բնակչությանը հասանելի դարձնենք: Ուղղակի տարբերությունն այն է, որ դա կարող է օրգանիզմի առանձնահատկություններով պայմանավորված լինել: Մենք ոչ մի կերպ չենք կարող պարզել` արդյո՞ք երեխայի մոտ որևէ լուրջ ռեակցիա կլինի, թե` ոչ: Ամբողջ աշխարհում ոչ ոք չի կարող դա պարզել»,- Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գայանե Սահակյանը:
Անդրադառնալով վերջերս Սպիտակի պոլիկլինիկայում տեղի ունեցած դեպքին, երբ երեխան պատվաստումից մահացել էր, իսկ պոլիկլինիկայի բժշկուհուն զայրացրել էին երեխայի մահվան մասին Panorama.am-ի հարցերը, Գայանե Սահակյանն ասաց. «Այնտեղ, իրոք, խնդիրներ եղել են: Մենք` ինքներս, քննարկել ենք ձեզ տրված պատասխանը: Մենք քննադատել ենք իրեն, նա բոլոր դեպքերում նման պատասխան չպիտի տար: Բայց, հավատացեք, մենք չենք կարող բոլորի մասին այդպես ասել: Մեր չափանիշները կիրառվում են, կլինեն նաև անբարեխիղճները»:
Հիշեցնենք, որ Սպիտակի հիվանդանոցում պատվաստումից հետո 2 ամսական երեխա էր մահացել։ Panorama.am-ը փորձել էր հիվանդանոցից պարզել դեպքի մանրամասները: Սպիտակի պոլիկլինիկայի բժշկուհի Անահիտ Հակոբյանը երեխայի մահվան մասին հարցից նյարդայնացել էր ու ասել. «Երկու ամիս առաջ երեխա ա մեռել, հիմա նոր ոտքի են կանգնել: Ի՞նչ ա, եղել: Մահը գրանցված ա, հերձումն արված ա, ախտորոշումը պարզ ա, հերիք եղավ, էլի»:
Իսկ ի՞նչ է անում Առողջապահության նախարարությունը նման իրավիճակներից հետո: Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանի բնորոշմամբ, առաջինը ժամադրաման հետ կապված խնդիր կա: «Կարող են բոլորին կոնկրետ մեկ ժամի կանչել, այդ դեպքում մանկաբույժը ինչքան էլ փորձի ծնողի հետ աշխատել, խոսել, միևնույնն է, չի հասցնի: Դրա համար մենք փոփոխություն ենք մտցրել, պահանջել ենք բոլորին, որպեսզի երեխաների ընդունելության կոնկրետ ժամեր նշանակեն` կես ժամ ինտերվալով»,- ասաց նա և հավելեց, որ դա նաև հնարավորություն կտա, որ հերթեր չառաջանան պատվաստումային կաբինետի առաջ:
Այսպիսով, Գայանե Սահակյանի խոսքով, նաև բուժաշխատողը ժամանակ կունենա ծնողի հետ աշխատելու: Հիմնական նպատակն այն է, որ մանկաբույժը չասի, թե չի հասցրել: Այսուհետ նաև հսկողությունն է ուժեղացվելու. «Մենք էլ ենք հասկանում, որ դա այն հարցն է, որ մեր ուշադրությունը պետք է կենտրոնացնենք դրա վրա: Ծնող-բուժաշխատող հարաբերությունը և վստահության մթնոլորտը վերականգնենք»:
Կարդացեք նաև`
Ժամկետանց պատվաստանյութ չի օգտագործվում. Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար