«Եթե այսպես շարունակվի մինչև 2060թ-ը Հայաստանում չի ծնվի 93 հազար մայր»
«Սեռով պայմանավորված ընտրովի վերաբերմունքը երեխայի ծնունդին Հայաստանում շարունակում է մտահոգիչ երևույթ մնալ, որի հետևանքները կարող են լուրջ խնդիրների հանգեցնել: Մասնավորապես, աղջիկներին տղաներով փոխարինելու պատճառով Հայաստանի բնակչությունը մինչև 2060թ-ը կնվազի հավելյալ 80 հազարով` չի ծնվի 93 հազար մայր, ինչը ներկայումս կազմում է Հայաստանի 2.5 տարվա ծնունդների թիվը»,- լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:
Նրա խոսքով, վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ Հայաստանում 114 տղայի դիմաց ծնվում է ընդամենը 100 աղջիկ, մինչդեռ բնականոն է, հիշեցրեց նա, 100 աղջկա դիմաց 106 տղա հարաբերակցությունը.
«Հետազոտությունները ցույց տվեցին, որ Հայաստանում տղա ունենալու ցանկությունը միջինում վեց անգամ ավելի մեծ է` չորս անգամ ավելի շատ տղա են ուզում ունենալ քաղաքներում, իսկ գյուղական բնակավայրերում այդ ցանկությունը 10 անգամ ավելին է: Խնդիրը առավելագույնս արտահայտվում է երրորդ-չորրորդ երեխայի ժամանակ և եթե այս տեսանկյունից դիտարկենք խնդիրը, ապա հարաբերակցությունը ահռելի տարբերություն է տալիս`160-170 տղա 100 աղջկա դիմաց»,- թվարկեց Գ.Հայրապետյանը:
Նա նկատեց, որ մեր հասարակությունում աղջիկ երեխայի նկատմամբ խտրականությունը դրսևորվում է միայն մինչև ծնվելը, իսկ երբ աղջիկը ծնվում է, ապա սովորաբար ընտանիքներում ավելի շատ քնքշանքի ու սիրո է արժանանում, քան տղա երեխաները:
Սեռով պայմանավորված աբորտների դեմ պայքարի դրական միտում, ըստ Գ.Հայրապետյանի, Հարավային Կորեան է արձանագրել` անցած 15 տարիների ընթացքում 116-ից հասցնելով ցուցանիշը 107-ի.
«Սա պայմանավորված է մի շարք գործոններով` տնտեսական արագ զարգացում, ուրբանիզացիա, կանանց կրթության մակարդակի բարձրացում և կանանց դերի հավասարեցում աշխատաշուկայում, աբորտների քրեականացում և մեծ տուգանքներ, և այլն: Բայց այս ամենը կարող է աշխատի միայն այն համակարգում, որտեղ արդարադատության համակարգը ավելի վստահելի է աշխատում, իսկ մեր պես երկրներում ես մտահոգություն ունեմ, որ աբորտների սահմանափակումները կբերեն կոռուպցիայի աճին և եթե մենք այդ քայլին պետք է գնանք, ապա պետք է նաև շատ լավ մտածենք, թե որոնք են լինելու այն մեխանիզմները, որոնցով կարողանանք դա հսկողության տակ պահենք: Այլ կերպ ուղղակի կունենանք բավականին լուրջ չարաշահումներ թե բժշկական ծառայություն մատուցողների, թե իրավապահ մարմինների կողմից»,- ընդգծեց Գ.Հայրապետյանը:
Նա նաև ուշադրություն դարձրեց այն հանգամանքի վրա, որ մեր երկրում անգամ աբորտների վիճակագրությունը հնարավոր չէ հստակեցնել, քանի որ դեռևս դեղատներում հեշտությամբ կարելի է ձեռք բերել հայտնի դեղամիջոց, որը տնային պայմաններում վիժման համար են օգտագործում: