Կոռուպցիոն ռիսկերի կրճատմանն ուղղված միջացառումներ` ԱՆ-ում
ՀՀ առողջապահության նախարարությունը 2013թ.-ին մարզերում շահագործման է հանձնել 13 ամբուլատորիա և երկու բժշկական կենտրոն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը` հավելելով, որ առաջիկայում տեղի կունենա բուժկենտրոնների բացումը Աբովյանում և Ալավերդիում:
Նրա խոսքերով` շինարարական աշխատանքների ընթացքում տնտեսել են 1 մլն 650 հազ. դոլարին համարժեք դրամ: Այդ խնայված գումարներով, ըստ նախարարի, նախատեսում են մարզերում հիվանդանոցներ կառուցել: Մասնավորապես, 2014թ-ին կկառուցեն ևս 6 ամբուլատորիաներ, որոնցից 3-ը Տավուշի մարզում, կկառուցեն Ճամբարակի հիվանդանոցը, ինչպես նաև կվերակառուցեն Մեծամորի պոլիկլինիկան, կվերանորոգեն տասը շտապօգնության մեքենաներ և կտրամադրեն հեռավոր բնակավայրերի ամբուլատորիաներին:
Նախորդ տարին, ըստ նախարարի, աչքի է ընկել նաև դեղարտադրության ոլորտում գրանցված հաջողությամբ: 2013թ-ին հայկական դեղարտադրող ընկերություններից մեկին տրամադրվել է GMP պատշաճ արտադրական գործունեության առաջին հավաստագիրը: Ըստ Դ.Դումանյանի` ևս երեք ընկերություններ գտնվում են փաստաթղթերի պատրաստման փուլում:
Նախարարի խոսքերով` 2013 թ-ին առողջապահության ոլորտում հաջողվել է կրճատել ստվերը: Ըստ նրա, եթե 2010-ին մուտքերը կազմել էին 10 մլրդ դրամ, ապա 2013թ-ին` 31 մլրդ դրամ: Խոսքը` ստացիոնար բժշկական ծառայության, վճարովի և համավճարով բժշկական ծառայությունների մասին է: Հարկային վճարումները ոլորտի կողմից ևս աճել են 14.5%-ով` կազմելով 15 մլրդ դրամ:
«Որոշակի բուժհիմնարկներ բավականին առաջընթաց են գրանցել, բժշկական հիմնարկներից մեկը՝ Ուռուցքաբանության ազգային կենտրոնի վճարած հարկը 5 անգամ ավելացել է»,- ասաց նախարարը:
Անդրադառնալով 2014թ-ի գերակա խնդիրներին, Դերենիկ Դումանյանը նշեց, որ դրանցից առաջինը համարում է առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի կրճատումն ու բուժօգնության և բուժսպասարկման որակի բարձրացումը: Այս ուղղությամբ կիրականացվեն մի շարք միջոցառումներ, մասնավորապես` հիվանդանոցային բուժծառայությունների որակի ապահովման ռազմավարության մշակում, պետական պատվերի իրականացման գործընթացում խախտումներ արձանագրած կազմակերպությունների համար հաջորդ տարվա պետական պատվերի տեղադրման սահմանափակումների ամրագրում:
Հաջորդ գերակա խնդիրը վերաբերում է առողջապահական համակարգի արդիականացմանն ու օպտիմալացմանը: Մասնավորապես, ըստ Դ.Դումանյանի, 2014թ-ին նախատեսվում է ավարտին հասցնել Բերդի, Մեղրիի, Կապանի հիվանդանոցների շինարարությունը: Այդ բոլոր հաստատությունները նաև ապահովելու են նորագույն սարքավորումներով ու կահույքով:
Տարին կառանձնանա նաև ՀՀ-ում արյունաբանական և ուռուցքաբանական բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավման առումով, արյունաբանական կենտրոնի արդիականացման և ոսկրածուծի փոխպատվաստման նոր բաժանմունքի ստեղծման նպատակով կմեկնարկեն հիմնանորոգման շինարարական աշխատանքները: