«Օգնության ձեռք»-ը շարունակում է բուժօգնություն տրամադրել անապահովներին
«Օգնության ձեռք» նախաձեռնությունը շարունակում է անվճար բուժօգնություն տրամադրել անապահովներին: Այս անգամ նախաձեռնության անդամներն այցելել են Գյումրի: Նշենք, որ նախաձեռնության թիմը համալրված է տարբեր պրոֆիլի բժիշկներով, որոնք ապահովում են համապատասխան և անհրաժեշտ բուժզննում ու հետազոտում:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի» նախագահ Գևորգ Գրիգորյանն ասաց, որ Գյումրիում նրանց է տրամադրվել «Բեռլին» պոլիկլինիկան, որտեղ էլ բժիշկներն իրականացրել են իրենց երկօրյա հետազոտությունները:
Այցի առաջին օրը 52 բժիշկից բաղկացած խումը բաժանվել է 2 մասի, մի մասը բուժզննում է իրականացրել ծերանոցում, մյուս մասը` պոլիկլինիկայում, որտեղ հետազոտվել են «Թռչունյաց տան» և Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցի երեխաները: Ի դեպ բժիշկներին է միացել նաև «Բեռլին» պոլիկլինիկայի բուժանձնակազմը:
Գ.Գրիգորյանի խոսքերով` առաջին փուլում «Օգնության ձեռք» նախաձեռնության թիմը նախնական բուժզննում է իրականացրել` անապահովների համար ապահովելով առաջին բուժօգնություն: Իսկ ավելի լուրջ հետազոտվելու և բուժվելու կարիք ունեցող հիվանդները ընդգրկվել են երկրորդ փուլ:
«Այսինքն` հետագայում կապահովենք հիվանդի լիարժեք բուժումը, եթե իհարկե` հովանավորներ գտնենք»,- ասաց նա:
Շուրջ երկու օր տևած այցի շրջանակներում ընդհանուր առմամբ հետազոտվել է մոտ 250 մարդ:
««Օգնության ձեռք»-ը պատրաստ է իրականացնել բուժզննում բոլոր մարզերում և մայրաքաղաքում, և ցուցակագրել այն մարդկանց, ովքեր առողջական խնդիրներ ունեն: Իսկ հետագայում կգտնենք հովանավորներ, որպեսզի կարողանանք հոգալ այդ մարդկանց բուժման, վիրահատության կամ դեղորայքով ապահովման ծախսերը»,- նշեց Գ.Գրիգորյանը:
Ի դեպ, ըստ նրա, այս անգամ նախաձեռնությանը իրենց աջակցությունն են ցուցաբերել «Platinum ink» ընկերությունը, DIAGEN լաբորատորիան, «Հիմալայա» դեղագործական ընկերությունը, ԿՀՄԻԲԱԿ-Երևան ախտորոշիչ կենտրոնը, Zambon Pharma, Walmark - Armenia, Bon Pharm դեղագործական ընկերությունները, որոնց կողմից տրամադրված դեղորայքը անվճար տրամադրվել է հիվանդներին:
«Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ նախաձեռնության նպատակը այն է, որպեսզի այդ մարդիկ հասկանան` իրենք միայնակ ու անտեսված չեն մարդկանց կողմից»,- ընդգծեց Գ.Գրիգորյանը:
Նա նաև հայտնեց, որ իրենց նախաձեռնությանը կարող են միանալ բոլոր այն բժիշկները, ովքեր կիսում են «Օգնության ձեռք» նախաձեռնության գաղափարը:
Նշենք, որ «Օգնության ձեռք» նախաձեռնությունը կյանքի է կոչվել «Երիտասարդ բժիշկների հայկական ասոցացիայի», Պալիատիվ օգնության հայկական ասոցիացիայի և MPMS ընկերության համագործակցության արդյունքում:
Նախորդող`
«Օգնության ձեռք» նախաձեռնությունը անվճար բուժօգնություն կտրամադրի անապահովներին