Առողջապահության ոլորտում կոռուպցիայի վերահսկման աշխատանքները շարունակվում են
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանի մասնակցությամբ բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման նպատակով ստեղծված հանձնաժողովը հերթական հանդիպման ժամանակ հաստատել է իր աշխատակարգը, գործառույթների վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով և դիտարկումներով, ինչպես նաև հստակեցրել հանդիպումների ժամանակացույցը: Այս մասին տեղեկացնում են առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Օրակարգում ընդգրկված հարցերի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը ներկայացրել է առողջապահական հաստատությունների վարկանիշային մակարդակների սահմանման չափանիշները, որոնց հիմքում ընկած են բուժօգնության իրականացման, մատուցվող բժշկական ծառայությունների որակի և անվտանգության, կադրային ներուժի գնահատման, սարքավորումներով հագեցվածության և սպասարկման պայմանների բարելավման, ինչպես նաև ֆինանսատնտեսական գործունեության գնահատման ցուցանիշները:
Որպես բժշկական օգնության որակի և կոռուպցիոն ռիսկերի վերահսկման միջոցառումներ` ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը ներկայացրել է բժշկական կազմակերպություններում իրականացված մշտադիտարկման արդյունքները:
«Նպատակը հիվանդանոցներում բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման գործընթացի նկատմամբ շարունակական վերահսկողություն սահմանելն է, բուժօգնության որակը և մատուցվող ծառայություններից բնակչության գոհունակությունը գնահատելը, խնդիրներ առաջանալու դեպքում դրանց լուծմանն աջակցելն ու ինչպես բնակչության, այնպես էլ բուժաշխատողների համար պարզաբանումներ կատարելը», - ասաց փոխնախարարը:
ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն իր խոսքում ընդգծել է, որ բժշկական երկրորդ կարծիքի ինստիտուտի ներդրումը նպատակ ունի պաշտպանել թե բուժօգությունից օգտվողների, թե բժիշկների իրավունքները:
«Երկրորդ կարծիքի ինստիտուտի ներդրումը հնարավորություն կտա բարդ և դժվար ախտորոշվող հիվանդությունների ախտորոշումն ու բուժումն առավել արդյունավետ իրականացնել, ծանր և կասկածելի իրավիճակներում համատեղ լուծումներ գտնել, ինչպես նաև նվազեցնել սխալվելու հավանականությունը»,-նշեց նախարարը:
ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հանձնաժողովի անդամների քննարկմանը ներկայացրել է հղիության ախտաբանության համավճարի ներդրման հարցը:
Հանձնաժողովի անդամները կոռուպցիոն ռիսկերի վերահսկման և ստվերայնության կրճատման կարևոր գրավական են համարել զսպող մեխանիզմների կիրառումը, միևնույն ժամանակ նկատել, որ հղիության ախտաբանության համավճարի ներդրման հարցում պետք է հստակեցնել մեխանիզմները:
Հիշեցնենք, որ միջազգային և տեղական հասարակական կազմակերպությունների, կրթական հաստատությունների և արհմիությունների ներկայացուցիչներից կազմված հանձնաժողովը հասարակական հիմունքներով գործող խորհրդատվական մարմին է, որը տարբեր հարցերի, մասնավորապես` առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի գնահատման, վերահսկման և նվազեցման, իրական կոռուպցիոն օղակների և ռիսկերի, դրանց իրական պատճառների և մեխանիզմների, գումարների ոչ նպատակային, անարդյունավետ ծախսման, փոշիացման դեպքերի հայտնաբերման, հաղթահարման մեխանիզմների և տարբերակների մշակման ու իրականացման ուղղություններով հանդես է գալու առաջարկություններով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան