Կանանց առողջության պահպանման միամսյակ՝ անվճար խորհրդատվություն, հետազոտություն և բուժում
Առողջապահության նախարարությունը մարտի 8-ից ապրիլի 7-ը հայտարարում է Կանանց առողջության պահպանման միամսյակ։
Նախարարի հրամանով, մայրաքաղաքի և մարզային բժշկական կազմակերպություններում կիրականացվեն կանանց մանկաբարձագինեկոլոգիական և նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություն, հետազոտություններ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը և նշեց, որ անհրաժեշտության դեպքում` նաև բուժում, այդ թվում վիրահատություններ կիրականացվեն:
Բնակչությունը կարող է հետազոտություն անցնել քաղաքային հիվանդանոցներում, Երևանի լավագույն մասնագետները կլինեն մարզերում:
«Մենք փորձելու ենք բազմաթիվ հետազոտություններ անել, ի հայտ բերված հիվանդությունները փորձել բուժել: Սա այս տարվա առաջին միջոցառումն է: Հաջորդ այսպիսի միջոցառումը կլինի մայիսի 9-ին՝ Հայրենական պատերազմի մասնակիցների և ազատամարտիկների առողջության պահպանմանն ուղղված: Կլինի նաև միջոցառում՝ երեխաների համար»,- ասաց նախարարի տեղակալը:
Առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանի գնահատմամբ, սա շատ օգտակար միջոցառում է:
«Հանրային իրազեկման միջոցառումներ կլինեն, նաև կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ, քարոզչական, խորհրդատվական միջոցառումներ: Նյարդաբաններ, սրտաբաններ և այլ մասնագետներ կաշխատեն մարզերում»,- ասաց նա:
Երևան քաղաքի նեղ մասնագիտական բժշկական կենտրոններում, ծննդատներում կիրականացվեն հետազոտություններ, կլինիկաները կունենան որոշակի ծավալներ, եթե վիրահատության կարիք լինի, նաև դա կարվի:
Առողջապահության նախարարության ու Երևանի քաղաքապետարանի կայքում տեղադրված կլինի ժամանակացույցն ու բուժհաստատությունների ցանկը: Շեշտադրումը լինելու է տեղում բուժօգնություն կազմակերպելը:
Ըստ նախարարության ներկայացուցիչների, այս նախաձեռնությամբ ևս մեկ քայլ է կատարվում կանանց ուշադրությունը սեփական առողջության վրա կենտրոնացնելու, նրանց մոտ վարքագծային փոփոխություն սերմանելու և տարին գոնե մեկ անգամ բժշկական հետազոտման դիմելու մշակույթ ձևավորելու համար:
ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության պետ Կարինե Սարիբեկյանն էլ հավելեց, որ վերջին տարիներին մոր և մանկան առողջության պահպանման ոլորտում մեր երկրում ակնառու նվաճումներ են արձանագրվում, ինչը դրսևորվում է մայրական և մանկական մահացության ու հիվանդացության աննախադեպ իջեցմամբ, նրանց առողջության ու հետագա կյանքի որակի լավացմամբ:
Մոր և մանկան առողջության պահպանումը առողջ հասարակության և վերարտադրողականության կարևորագույն նախադրյալներից է: Միաժամանակ առողջ մայրությունը առողջ մանկության, առողջ ընտանիքի գրավականն է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան