Ռիտա Սարգսյան. Աուտիզմը հիվանդություն չէ, այլ կենսակերպ է...ջարդենք այն պատը, որ մեզ այդ երեխաներից տարանջատում է
Աշխարհում այսօր 88 երեխաներից մեկը տառապում է աուտիզմով: 70 տղա երեխաներից մեկի մոտ ախտորոշվում է աուտիզմ:
Աշխարհում ամեն 20 րոպեն տեղի է ունենում աուտիզմի նոր ախտորոշում:Վերջին տվյալներով, աուտիզմի ախտորոշումն ամեն տարի 10-17-ով աճում է:
Այսօր Աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է: Այս օրը հռչակվել է 2008 թ. ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից: Ամեն տարի այս օրն աուտիզմի հարցերով զբաղվող կազմակերպություններն իրենց պետությունների կառավարությունների աջակցությամբ կազմակերպում են տարատեսակ միջոցառումներ և քննարկումներ, որպեսզի առավել բարձրացնեն աուտիզմի մասին իրազեկումը հասարակության մեջ: Այս օրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմով մեծահասակների և երեխաների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը՝ օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք:
2012 թվականից Հայաստանում գործող «Աուտիզմի ազգային հիմնադրամը» օրվա նվիրված կազմակերպեց քայլերթ՝ Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքից մինչև Ազատության հրապարակ, որտեղ անցկացվեցին մի շարք միջոցառումներ, երեխաների նկարների ցուցահանդես, կայացավ աուտիզմով հիվանդ երեխաներին նվիրված երգի շնորհանդես:
Երգի երաժշտության հեղինակը ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը: Այն կոչվում է «Աստծո հրեշտակներ»:
Երգի վերնագիրը պատահական չէ ընտրված, քանի որ տարածված արտահայտություն կա, որ աուտիզմով երեխաները Աստծո հրեշտակներն են: Երգը կատարեցին Ինգա և Անուշ Արշակյանները, «Վաղորդյան կաթիլներ» վոկալ համույթը, Չայկովսկու անվան երաժշտական մասնագիտական դպրոցի մանկական նվագախումբը. ելույթ ունեցավ «Փոքրիկ նանեներ» պարային համույթը:
«Ես փորձել եմ այս երեխաների երաժշտական կերպարը գտնել, Ավետը՝ հոգու կերպարը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռիտա Սարգսյանը:
Ավետ Բարսեղյանն էլ նշեց. «Սա երկրորդ երգ-ակցիան է տիկին Ռիտայի: Առաջինը «Պարգևիր կյանք»-ն է, որ համախմբեց երեխաներին, իսկ սա երկրորդ հրաշալի փորձն է, երաժշտությունն ուրիշ է, այլ է, իր գեղեկցությամբ, հոգևոր արժեքով շատ նուրբ երգ է ստացվել: Այս երեխաները մի առանձին մոլորակում են ապրում»:
Ռիտա Սարգսյանն ասաց, որ աուտիզմը հիվանդություն չէ, այլ կենսակերպ է. «Եթե այդքանը հասկանալով ջարդենք այն պատը, որ մեզ այդ երեխաներից տարանջատում է, նրանք անպայման կգտնեն իրենց տեղը մեր հասարակության մեջ»:
Նշենք, որ «Աուտիզ ազգային հիմանդրամը ստեղծվել է 2012 թ. ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանի նախագահությամբ:
Հիմնադրամի հիմնական նպատակն է աուտիզմ և զարգացման այլ խանգարումներ ունեցող երեխաների բուժման, կրթության և զբաղվածության ապահովումը:
Հիմանդրամի տնօրեն Լիլիթ Աթաջանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հիմնադրամին պետության կողմից անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել է Երևանի N 163 հիմնական դպրոցի ուսումնական համալիր շենքի 6-րդ մասնաշենքը՝ 900 քմ ընդհանուր մակերեսով, տրամադրվել է նաև մասնակի ֆինանսական աջակցություն դպրոցը վերանորոգելու համար, սակայն այն ավարտին հասցելու համար անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական ներդրումներ:
«Սա միակ դպրոցն է տարածաշրջանում: Դպրոցում շաբաթական 40 ժամ իրականացվում է վարքային թերապիա, սոցիալ-ադապտացիոն ծրագիր, երեխաների կյանքի և մասնագիտական հմտությունների ձևավորման և զբաղվածության ապահովման ծրագրեր»,- ասաց նա:
Լ. Աթաջանյանն ասաց, որ աուտիզմով հիվանդ երեխաների թիվը մեծ է, նաև աշխարհում է գնալով շատանում: Ըստ նրա, այս պահին դպրոց ընդունվելու համար 70 երեխա կա հերթագրված:
Հիմնադրամի տնօրենն ասաց, որ Ռիտա Սարգսյանի հետևողական աշխատանքի, ծավալած գործունեության շնորհիվ մեծ ձեռքբերումների են հասել, նաև հույս հայտնեց, որ առաջիկայում էլ առկա շատ հարցեր լուծում կստանան:
Աշխարհի տարբեր երկրներում այս գիշեր «Կապույտ լույս վառենք» խորագրով նախաձեռնություն է իրականացվելու, որի շրջանակներում տարբեր շենքեր և կառույցներ լուսավորվելու են կապույտ գույնի լույսով՝ գրավելով հասարակության ուշադրությունն աուտիզմի խնդիրների շուրջ: Այս տարի Հայաստանը նույնպես միացել է այդ նախաձեռնությանը և այսօր ժամը 20:00-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը կլուսավորվի կապույտ լույսով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում