Հոգեբուժարանում խախտում թույլ տված որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից. Նախարար
Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի մոտ այսօր տեղի է ունեցել քննարկում մայիսի 5-ին «Ավան» հոգեկան առողջության կենտրոնում արձանագրված մահվան դեպքի կապակցությամբ, որին մասնակցել են նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովի անդամները, ինչպես նաև «Ավան» հոգեկան առողջության և Նարկոլոգիական հանրապետական կենտրոնների ղեկավարներն ու հիվանդի հետ առնչություն ունեցած բոլոր բժիշկները։
ԱՆ լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ նախարարին զեկուցվել են հանձնաժողովի կողմից մինչև այժմ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները։ Նախարարը հետաքրքրվել է, թե հիվանդի Նարկոլոգիական հանրապետական կենտրոն դիմելու պահից սկսած կազմակերպչական և բուժական ինչ քայլեր են կատարվել։ Նա լրացուցիչ հանձնարարականներ է տվել և հստակ հրահանգել է զերծ մնալ «կոլեգիալ» քողարկումներից։ Նախարարը նաև նշել է, որ դեպքի կապակցությամբ ծառայողական քննություն իրականացնող հանձնաժողովի աշխատանքները լինելու են իր ամենօրյա հսկողության ներքո։
«Խիստ ցավալի այս դեպքի հետ կապված բոլոր քննարկումները, ձեռնարկված միջոցառումները լինելու են թափանցիկ` չխոչընդոտելով իրավապահ մարմինների աշխատանքը, և մասնագիտական, կազմակերպչական, կարգապահական կամ էթիկայի կանոնների խախտում թույլ տված որևէ մեկը չի խուսափելու պատասխանատվությունից։ Սակայն միջոցներ կձեռնարկվեն միայն հանձնաժողովի, դատաբժշկական և քննչական մարմինների վերջնական եզրակացությունից ու որոշումներից հետո»,-շեշտել է նախարար Մուրադյանը։
Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ հարազատների պատմելով, հոգեբուժարանում հոգեմետ դեղերի ներարկման հետևանքով 32-ամյա Էդգար Շատիրյանը մահացել էր:
Նախորդիվ`
«Ավան» հոգեբուժարանում ծառայողական քննություն է նշանակվել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա