Երեխաների համար նախատեսված դեղը հետ է հավաքվում դեղատներից
Առողջապահության նախարարի հանձնարարականով դեղատներից պետք է հետ հավաքվեն երեխաների համար նախատեսված «ՄԻԳ» դեղամիջոցի բոլոր խմբաքանակները: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Առողջապահության նախարարությունից:
ԱՆ հաղորդագրությունում մասնավորապես ասված է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1300-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կանոնադրության 12-րդ կետի «դ» ենթակետը, գրանցման հավաստագրի իրավատիրոջ գրությունը, ՀՀ ԱՆ «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի 2014 թվականի հոկտեմբերի 29-ի թիվ 0401126214 գրությունը` ՀՀ առողջապահության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ 2543-Ա հրամանով դադարեցվել է «Բեռլին-Քեմի (դեղաձևն արտադրող, փաթեթավորող-Ֆարմասիերա Մանուֆակտուրինգ Ս.Լ., Իսպանիա)» դեղագործական ընկերության արտադրության «ՄԻԳ երեխաների համար (իբուպրոֆեն) դեղակախույթ ներքին ընդունման, 20մգ/մլ, 100մլ պլաստիկե շշիկ և 5մլ չափիչ ներարկիչ» դեղի ներմուծված բոլոր խմբաքանակների շրջանառությունը Հայաստանի Հանրապետությունում: Նախարարի հանձնարարականով տվյալ դեղը ներմուծող դեղագործական կազմակերպությունները պետք է հանրապետության տարածքում գործող դեղատներից և բժշկական կազմակերպություններից հետ հավաքեն առկա բոլոր խմբաքանակները»: