«Հին Էրիվանը» որպես ՀՀԿ շտա՞բ. հարցազրույց ՀՀԿ-ական Մանվել Տեր-Առաքելյանի հետ
Մարտի 10-ին կայացած ՀՀԿ 13-րդ համագումարին, ի թիվս ԱԺ պատգամավորներ Լևոն Սարգսյանի, Մանվել Ղազարյանի, ինչպես նաև Արաբկիրի նախկին թաղապետ Հովիկ Շահինյանի, բացակայում էր նաև գործարար, «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի սեփականատեր ՀՀԿ-ական Մանվել Տեր-Առաքելյանը: Այս և մի շարք այլ հարցերի շուրջ Panorama.am-ը զրուցեց ՀՀԿ-ական գործարարի հետ:
-Պարոն Տեր-Առաքելյան, Դուք ներկա եղել ե՞ք ՀՀԿ 13-րդ համագումարին:
-Ոչ ներկա չէի, որովհետև ես հիմա էլ քաղաքում չեմ:
-Իսկ Ձեզ հրավիրե՞լ էին:
-Ինչպես միշտ, այո:
-Արդյո՞ք դրսում գործերը շատ ավելի կարևոր էին, քան կուսակցության համագումարը, առավել ևս, որ այս անգամ այն համընկավ նախնտրական շրջանի հետ:
- Դեմ չեմ, բայց, քանի որ ես դրսում էի, չէի կարող վերադառնալ, որովհետև հենց այդ օրերին նշանակած հանդիպումներ ունեի:
-Ասում են, թե Դուք նեղացած եք Հանրապետական կուսակցությունից ու այդ պատճառով է նաև, որ չեք կարևորել համագումարը:
-Գիտեք, ես ընդհանրապես հերքում եմ, որովհետև ես կուսակցության ներսում երբևէ ակտիվ գործունեություն չեմ էլ ծավալել: Ես բոլոր համագումարներին եղել եմ պատվիրակ, քաղաքում չլինելու պատճառով չեմ մասնակցել այս անգամ: Ես նեղացած չեմ:
-Այնուամենայնիվ, հետևեցի՞ք համագումարին, ՀՀԿ առաջնորդ ելույթին:
-Բնականաբար, ծանոթացել եմ մամուլից:
-Կուսակցության առաջնորդի ելույթում ի՞նչ ուղերձ կառանձնացնեիք:
-Ֆինանսա-տնտեսական հաշվետվությունը ինձ շատ հոգեհարազատ էր և ակնհայտ էր, որ իրականում 2006-ի համեմատ, բոլոր ասպարեզներում մենք աճ ենք գրացել:
Եվ ես` որպես գործարար, ֆինանսա-տնտեսական հաշվետվությունը գնահատում եմ շատ դրական և ավելի շատ ոգեշնչված եմ ապագա տարիների նկատմամբ:
-Մամուլով հայտարարել էիք, թե քաղաքական դաշտ մտնելու ցանկություն ունեք: Ձեր որոշումը շարունակո՞ւմ է մնալ ուժի մեջ, և կուսակցության համաձայնությունն ստացե՞լ եք:
-Խնդիրը այն է, որ անգամ հեռախոսով չեմ քննարկել, քանզի ես քաղաքում չեմ:
-Այսինքն մտադիր եք առաջադրվել մեծամասնակա՞ն ընտրակարգով:
-Համամասնականի առաջարկ եմ ստացել ցուցակով, սակայն այդ կազմակերպության անունը չէի ցանկանա հիմա տալ, որովհետև ես վստահ չեմ՝ կընդունե՞մ այդ առաջարկը, թե՞ ոչ: Ես կվերադառնամ և իմ թիմի հետ կքննարկեմ, կհասկանանք:
-Ձեր թիմը ո՞րն է, ՀՀԿ-ն:
-Ոչ: Իմ թիմը անձնական ձևավորված թիմ է: Ես գործարար եմ և շատ մեծ աշխատուժ ունեմ, և բնականաբար այդ աշխատուժի ներքո է ձևավորված իմ թիմը:
-Փաստորեն հնարավոր է մտնեք խորհրդարան և ոչ թե ՀՀԿ-ի, այլ մեկ ուրիշ կուսակցության համամասնական ցուցակո՞վ:
-Ես չբացառեցի դա: Ես ուղղակի ասեցի, որ համամասնականի առաջարկ եմ ստացել: Ես կուսակցությունից դուրս գալու մտադրություն չունեմ: Ուղղակի պետք է ցանկացած առաջարկ քննարկել: Ես իրավունք չունեմ միանգամից բացասական պատասխան տալ:
-Իսկ Ձեր կուսակցությունից եղե՞լ է առաջարկ ցուցակ մտնելու վերաբերյալ:
-Այն մարդը, որն իր առաջ խնդիր է դնում, որ պետք է դառնա օրենսդիրի անդամ, անձնական մտորումներից ելնելով է իր առջև այդ հարցը դնում: Ես ընդհանուր առմամբ այդ հարցն իմ առջև չեմ դրել, որովհետև ես ինձ համարում եմ գործարար: 14 տարեկանից աշխատել եմ և ես այս բիզնեսը ստեղծել եմ միայնակ և այդ իսկ պատճառով չեմ օգտագործել ոչ մի լծակ:
Երկրորդը՝ իմ անգնահատական մնալը կուսակցությունում և ուրիշ կուսակցությունների առաջարկ ստանալը, ես գնահատում եմ դա անբավարավածության նշան: Գիտեք, կուսակցությունն ինքը շատ մեծ է և եթե այս պարագայում դու նրան չհասկանաս, անհնար է, որ նա անհատական մոտեցում ցույց տա բոլորին:
-Բայց կուսակցությունը բացառել է, որ գործարարներ կլինեն համամասնական ցուցակով: Ուրեմն հնարավո՞ր է, որ ՀՀԿ-ն Ձեր թկնածությունն առաջադրի մեծամասնականով:
-Չի բացառվում, համենայնդեպս ես իմ գործառույթը տեսնում եմ: Բայց, եթե էդ պլատֆորմը համարժեք կլինի իմ գնահատականներին ես այդ նույն ուժին կաջակցեմ անձամբ՝ և իմ բոլոր լծակներով հանդերձ:
- Ասել էիք, թե մեծամասնականով առաջադրվելու համա դեռևս ուսումնասիրում եք, թե որտեղ կարող եք առաջադրվել: Ինչի՞ հանգեցիք, ո՞ր ընտրատարածքում եք առավել հայտնի:
-Գիտեք ինչ, եթե ասեմ, որ հարցումները արել էին Հրազդան քաղաքում կամ Չարենցավանում, դա սուտ կլիներ: Մեր հարցումները կատարվել էին կենտրոնին հարող ընտրատարածքներում՝ 8, 9, 10-ում: Ես նորից եմ ուզում կրկնել, դա դեռ խմորումներ են, վառարան դրված ոչ մի խնդիր չունենք:
-Մեծամասնականով առաջադրվելու պարագայում համոզվա՞ծ եք, որ ՀՀԿ-ն կստարի Ձեր թեկնածությունը:
-Գիտեք, ես այդ հարցը չեմ քննարկելու կուսակցության հետ, քանզի ես ինքս՝ իմ թիմով որոշում ենք կայացրել՝ եթե հարկ լինելի, լինի առաջարկ, ես կառաջադրվեմ:
Ես քաղաքում չեմ, ինձ ուղղակի հեռախոսով առաջարկություն է եղել համամասնական ցուցակ մտնելու և ցուցակով պատգամավոր դառնալու համար: Իսկ ես դեռ ոչինչ չեմ քննարկել:
Գիտեք ինչ, բիզնես ոլորտում ես շատ գործեր ունեմ, ու ես ինձ սպառված գործարար չեմ համարում, բնականաբար, և առաջադրվելու դեպքում էլ չեմ գտնում, որ դա իմ կյանքի իմաստն է:
Ես գտնում եմ, որ ես ավելի հաջողակ բիզնեսմեն եմ, ավելի հաջողակ տնտեսվարող, քան թե օրենսդիր: Բայց համենայնդեպս կան հանգամանքներ, որ ի վերջո ես չեմ կարող կողքից նայել, թե ոնց է այդ ամենը կատարվում: Պետք է անմիջական մասնակցություն ունենալ այն հարցերին, որոնց երկար ժամանակ լուծում չի տրվում: Դա ինձ համար կյանքի իմաստ չի, և ես չեմ գտնում, որ դրանով ես պետք է գնամ խորհրդարան, ու ինձ բավարարված զգամ, որ ես խորհրդարանում նստած եմ: Ես ինձ բավարաված եմ զգում, ես նեղացած չեմ, ոչ մի այդպիսի խնդիր գոյություն չունի, բացարձակապես:
-Եթե այնուամենայնիվ կուսակցությունը նպատակահարմար չգտնի Ձեր առաջադրումը, այդ պարագայում ակտիվորեն կներգրավվե՞ք կուսակցության աշխատանքներում, ընտրապայքարում կաջակցե՞ք ՀՀԿ-ին:
-Գիտեք, իմ ակտիվ գործունեությունը երևի բոլորն են հիշում: Փետրվարի 26-ին մոտովորապես 10.000 մարդ Լևոն Տեր-Պետրոսյանի ցույցից շուռ էր եկել դեմքով դեպի իմ շենք, և քարերով, և ձվերով ջարդեցին շենքի ամբողջ ապակիները, բայց այդ օրերին էլ, իմ ամենասուղ օրերին անգամ ես չհրաժարվեցի կուսակցությունից: Դուք գիտեք թե ինչքան դավաճանություններ, շրջադարձներ տեղի ունեցան այդ օրերին, բայց ես նորից մնացի իմ խոսքին, իմ տեսակետին, մնացի իմ այն շրջահայցությանը, որը ես ունեցել եմ:
-Պատրաստվում ե՞ք այս անգամ էլ, նախընտրական շրջանում, ՀՀ նախագահի կամ ՀՀԿ-ի մեծ պաստառները փակցնել Հին Էրիվանի շենքի պատին:
-Ասեմ Ձեզ, եթե ՀՀԿ շտաբը կորոշի, որ իմ շենքը իրենց պետք կլինի ծառայեցնել որպես այդպիսին, ես պատրաստեմ այն տրամադրելու և աջակցելու: Եթե ՀՀԿ շտաբը որոշի, որ պետք չի՝ ես ինքնաբուխ չեմ անի: