Վրաց-ադրբեջանական հակասությունը Դավիթ Գարեջիի հարցում գլխացավանք կդառնա նաև Վրաստանի հաջորդ նախագահի համար. փորձագետ
Վրաստանի և Ադրբեջանի միջև Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ առաջացած հակասությունների առնչությամբ Panorama.am-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ալիկ Էրոյանցի հետ:
- Պարոն Էրոյանց, ինչպե՞ս կմեկնաբանեք վերջին օրերին վրաց-ադրբեջանական հարաբերություններում ստեղծված լարվածությունը:
-Հակասությունը, որ գոյություն ունի Վրաստանի և Ադրբեջանի միջև Դավիթ Գարեջի վանական համալիրի շուրջ, նորություն չէ և երկար տարիների պատմություն ունի. ուղղակի վերջին շրջանում առաջացած լարվածությունն ավելի ակտուալ դարձրեց այդ հարցը: Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ վրացական որոշ լրատվամիջոցներ տեղեկատվություն տարածեցին, ըստ որի` այս տարվա մայիսի 6-ին վրաց-ադրբեջանական սահմանին գտնվող Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքի մի մասն, առանց զգուշացնելու, զբաղեցրել են ադրբեջանցի սահմանապահները, որոնք արգելել են վրացի հոգևորականների և զբոսաշրջիկների մուտքը նշված վայր:
Այո, և Թբիլիսիի վրդովմունքն առաջացել է հենց ադրբեջանական կողմի նման որոշման պատճառով:
- Իսկ ի՞նչ դիրքորոշում ցուցաբերեցին Վրաստանի իշխանությունները:
-Նշեմ, որ մայիսի 14-ին Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ, կարելի է ասել, որևէ գնահատական չէր տվել ադրբեջանական կողմի այդ քայլին, այլ ուղղակի նշել էր, որ իրենք կապի մեջ են ադրբեջանցի գործընկերների հետ և պատրաստվում են տվյալ հարցը բարձրացնել Վրաստանում Ադրբեջանի դեսպանի առջև: Բացի այդ, Կալանդաձեն հայտարարել էր, որ 1921 թ.-ից Դավիթ Գարեջի վանական համալիրի տարածքի 2%-ն Ադրբեջանի տարածքում է, իսկ ադրբեջանական կողմի հետ բանակցություններն ընթանում են սահմանազատման հարցերով հանձնաժողովի շրջանակում: Նույն միտքն էր արտահայտել նաև Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Նիկոլոզ Ռուրուան:
- Հետաքրքիր է` ինչպե՞ս արձագանքեց այս իրադարձություններին վրաց հասարակությունն ընդհանրապես:
-Իհարկե, վերոնշյալ վանական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակը մեծ զայրույթ է առաջացրել վրաց հասարակության շրջանում: Կատարվածի կապակցությամբ Դավիթ Գարեջիի մենաստանի հոգևորականներն օգնության խնդրանքով դիմել էին Վրաստանի ԱԳՆ և պատրիարքարանին: Դրան զուգահեռ, ի բողոք ադրբեջանական կողմի վերոնշյալ գործողություններին, նույն օրերին Վրաստանում որոշ ՀԿ-ների և հասարակական գործիչների նախաձեռնությամբ ստեղծվել է «Պաշտպանիր Դավիթ Գարեջին» խումբը: Վերջինիս նախաձեռնությամբ` մայիսի 20 –ին Թբիլիսիում երթ է կազմակերպել, որին մասնակցել են մի քանի հարյուր մարդ: Ակցիայի մասնակիցները բողոքել են ոչ միայն ադրբեջանական սահմանապահների կողմից վանական համալիրի տարածքը զբաղեցնելու դեմ, այլ նաև վրացի պաշտոնյաներ Ն.Կալանդաձեի և Ն.Ռուրուայի` վերը նշված հայտարարությունների դեմ` համարելով դրանք անհիմն և վիրավորական: Արդեն հաջորդ օրը Դավիթ Գարեջի մենաստանային համալիրից երթ է կազմակերպվել, որին մասնակցել են շուրջ 100 հոգևորականներ և 5000 ուխտավորներ:
Մինչ այդ` մայիսի 17-ին, վանական համալիրի պաշտպանները հայտարարությամբ էին հանդես եկել` պահանջելով իշխանություններից մինչև մայիսի 31-ը` Գարեջիի սուրբ Դավիթի հիշատակի օրը, հրապարակել տվյալ տարածքի սահմանազատման և սահմանագծման հարցերին առնչվող բոլոր նյութերը:
- Ո՞րն է պատճառը, որ Վրաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում պայմանավորվել Դավիթ Գարեջիի հարցի շուրջ:
-Բանն այն է, որ կողմերից յուրաքանչյուրը պնդում է, որ նշված տարածքը և վանական համալիրն իր պատմական հողն ու իր պատմամշակութային ժառանգությունն է: Նշեմ, որ Դավիթ Գարեջի վանական համալիրի հետ կապված հակասությունն անհրաժեշտ է դիտարկել Վրաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակներում: Երկու երկրները դեռևս չեն կարողանում պայմանավորվել ընդհանուր սահմանի գրեթե 35 տոկոսի շուրջ, որի մի մասն է կազմում նաև այն տարածքը, որտեղ տեղակայված է Դավիթ Գարեջի վանական համալիրը:
Վրացական կողմը բազմիցս հայտնել է իր պատրաստակամությունը` վանական համալիրի դիմաց Ադրբեջանին զիջելու մեկ այլ տարածք, սակայն Ադրբեջանի իշխանությունները չեն համաձայնվել: Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին դեռ 5 տարի առաջ առաջարկում էր նշված մենաստանն ամբողջությամբ ընդգրկել Վրաստանի տարածքում, իսկ փոխարենը Ադրբեջանին կարող էր պատկանել ռազմավարական մեկ այլ բարձունք: Այս առաջարկը ևս մերժվեց ադրբեջանցիների կողմից:
- Բայց, ինչպես Դուք նշեցիք, այդ հարցերով արդեն զբաղվում է համապատասխան հանձնաժողովը:
-Ճիշտ է, ամեն տարի տեղի է ունենում սահմանազատման և սահմանագծման հարցերով զբաղվող հանձնաժողովի նիստը, բայց որոշակի ժամանակացույց սահմանված չէ, իսկ Դավիթ Գարեջիի հետ կապված որևէ առաջընթաց առ այսօր չկա, ավելին` այս տարի նման նիստ կամ հանդիպում դեռ չի կայացել:
- Իսկ ի՞նչ զարգացումներ կարելի է սպասել այդ հարցի հետ կապված, կկարողանա՞ն արդյոք երկու երկրները մեղմել առաջացած լարվածությունը:
-Արդեն իսկ քայլեր արվում են այդ ուղղությամբ, մասնավորապես մայիսի 20-ին ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողվին մասնակցելու նպատակով այնտեղ ժամանած Վրաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի ժամանակ Մ.Սաակաշվիլին և Ի.Ալիևը որոշակի պայմանավորվածություն են ձեռք բերել Դավիթ Գարեջիի հարցի շուրջ: Նույն օրը վրաց-ադրբեջանական սահմանին կայացել է երկու երկրների սահմանապահ գերատեսչությունների ղեկավարներ Զազա Գոգավայի ու Էլչին Գուլիևի հանդիպումը: Վերջիններս պայմանավորվել են սահմանապահների կոնկրետ վարքագծի շուրջ. մասնավորապես` ադրբեջանական սահմանապահները կվերադառնան մինչև մայիսի 6-ը զբաղեցրած եզրագիծ և թույլ կտան ուխտավորներին այցելել Ադրբեջանի տարածքում գտնվող վանական համալիր, իսկ վրացական կողմը երաշխավորել է, որ զբոսաշրջիկները չեն խորանա Ադրբեջանի տարածք:
- Կարելի է այդ պայմանավորվածությունը համարել որպես դրական միտում Դավիթ Գարեջիի հարցի վերջնական լուծման համար:
-Իհարկե ոչ, քանի որ այդ պայմանավորվածությամբ կողմերն, ըստ էության, վերադարձան այն նույն կետին, որ կար մինչ մայիսի 6-ը: Իսկ ինչ վերաբերում է հարցի վերջնական լուծմանը, ապա, կարծում եմ` այդ գործընթացը դեռ երկար կշարունակվի, և Դավիթ Գարեջիի հարցի շուրջ վրաց-ադրբեջանական հակասությունը գլխացավանք կհանդիսանա նաև Վրաստանի հաջորդ նախագահի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան