Ալեքսանդր Իսկանդարյան. «Սաֆարովին Ադրբեջանին հանձնելը լուրջ հարված էր Հունգարիային»
Ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին արտահանձնելու և Ադրբեջանի կողմից նրան ազատ արձակելու, ինչպես նաև այս միջադեպի հետ կապված տարածաշրջանային գործընթացների վերաբերյալ ֆրանսիական RFI ռադիոկայանը զրուցել է Կովկասի Ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ: Ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ:
- Դժվարությամբ կարելի է պատկերացնել, որ Հունգարիան տեղեկացված չի եղել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների մասին և չի պատկերացրել, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ իր որոշումը: Այդուհանդերձ, ի՞նչ էր սա: Հունգարիայի վրիպում, 2-3 միլիարդ եվրո արժողությամբ գործա՞րք, թե՞ ինչ-որ այլ մեծ խաղի մաս:
-Ինձ չի թվում, թե սա ինչ-որ մեծ քաղաքական խաղի մաս է: Հունգարիան, իհարկե, քաղաքական ու տնտեսական իմաստով, այսպես ասած, խնդրահարույց եվրոպական պետություն է: Քաղաքական իմաստով նկատի ունեմ այն, որ Հունգարական էլիտայում` խարհրդարանում և կառավարությունում գտնվում են մարդիկ, որոնց Եվրոպայում ընդունված է վերաբերվել, մեղմ ասած, ինչպես աջ էթնո-ազգայնականներին: Այդ, ընդհանուր առմամբ, բավական էկզոտիկ երկիր է Եվրոպայի համար: Տնտեսական իմաստով Հունգարիան ճգնաժամի մեջ է` էական խնդիրներով, որոնք ինչ-որ կերպ պետք է լուծել, ինչն ընդհանուր առմամբ այնքան էլ չի հաջողվում անել:
Սա Օրբանի առաջին ոչ կոմպետենտ լուծումը չէ: Ես կարծում եմ, այստեղ երեք տարրերի համադրություն գոյություն ունի:
Առաջին տարրը` դա Հարավային Կովկասի տարածաշրջանի` Հունգարիայի համար փոքր նշանակություն ունենալն է: Ամեն դեպքում, չնայած նրան, ինչ ասում եք, կարծում եմ, Հունգարիայում քիչ ուշադրություն են դարձնում այս տարածաշրջանին: Եթե խոսքը վերաբերվեր Հունգարիայի հարևան Գերմանիային կամ Իտալիային, ամեն ինչ այլ կերպ կլիներ:
Երկրորդը` սա, իրոք, ոչ կոմպետենտ պահվածք է: Մարդիկ պարզապես չէին հաշվարկել: Որովհետև, կանխատեսել այն սկանդալները, որոնք բարձրացան, կարծում եմ, այնքան էլ դժվար չէր:
Եվ երրորդը` իհարկե ապացուցել հնարավոր չէ` Օրբանի կառավարության կողմից կայացված այդ որոշման և հունգարական պարտքի պարտատոմսերի` Ադրբեջանի գնելու հանգամանքի միջև կապը: Կա արդյոք այս երևույթների միջև կապ, թե ոչ, ես չեմ կարող այդ մասին վստահաբար խոսել: Կարելի է ենթադրել, որ դիվիդենտների ինչ-որ հույսեր են եղել: Այսինքն` այս իրավիճակի երրորդ տարրը ագահությունն է: Ագահության, ոչ կոմպետենտության և, կրկնեմ` տարածաշրջանի քիչ նշանակալի լինելու հանգամանքի համադրումը հանգեցրին այն որոշմանը, որը հարվածեց Հունգարիային:
- Բուդապեշտի դատավարության ընթացքում` սկսած 2004 թվականից մինչև վերջերս, հստակ ասվում էր, որ Ադրբեջանի և Հունգարիայի միջև արտահանձնման մասին պայմանագիր չկա: Եվ դա այն բանի երաշխիքն էր, որ մարդասպանը` հունգարական դատարանի որոշման համաձայն, կկրի արժանի պատիժը` ցմահ բանտարկություն: Եվ ահա, հանկարծ պարզվում է, որ Հունգարիան և Ադրբեջանը շատ հարմար պահի «վավերացրել են 1983 թվականին Եվրոպայի Խորհրդի կողմից ընդունված` դատապարտյալների փոխանակման մասին Եվրոպական Կոնվենցիան»: Ե՞րբ և ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Եվ ինչո՞ւ այդ մասին հայտնի դարձավ միայն կատարվելուց հետ:
- Կոնվենցիան ընդունվել էր 1983 թվականին: Կանոնակարգի համաձայն երեք անգամ վավերացվելուց հետո` 1985 թվականին այն մտավ ուժի մեջ և «Սաֆարովի գործի» պահին Կոնվենցիան վավերացված էր հսկայական թվով պետությունների կողմից` այդ թվում նաև Հունգարիայի և Ադրբեջանի կողմից: Հունգարիան Կոնվենցիան վավերացրել է, կարծում եմ, 1994 թվականին, իսկ Ադրբեջանը` 2001:
Խոսքն այստեղ բնավ այդ մասին չէ: Ադրբեջանը կարող էր խնդրել Հունգարիային` տալ Սաֆարովին` պատիժը Ադրբեջանում կրելու համար: Եվ Հունգարիան, այդ կոնվենցիայի օրենքի համաձայն կարող էր նրան հանձնել: Կրկնում եմ` պատիժը կրելու համար, այլ ոչ թե ազատ արձակելու: Եվ Ադրբեջանն այդ բանում վստահեցրել է Հունգարիային: Առնվազն ֆորմալ, առնվազն թղթի վրա, Հունգարիան ներկայացրել է այդ նամակը: Ադրբեջանը պետք է այնպես աներ, որ Սաֆարովը շարունակեր իր պատիժը կրել Ադրբեջանի տարածքում: Նրան ազատ արձակելու իրավունք Ադրբեջանը չուներ ոչ միջազգային օրենսդրությամբ, այսինքն` Կոնվենցիայի համաձայն, ոչ էլ իր ներքին օրենսդրությամբ: Իսկ բարոյականության մասին մենք արդեն լռում ենք:
Եվ վերջինը: Ադրբեջանը ո´չ միայն ազատ է արձակել Ռամիլ Սաֆարովին: Դա պարզապես ներման ակտ չի եղել, թեկուզ անօրինական: Նրան` իր այս ութ ու կես տարիներին հունգարիայում կալանավորված լինելու համար աշխատավարձ է վճարվել` ադրբեջանական բանակի զինծառայողի աշխատավարձ: Նրա կոչումն էլ են բարձրացրել` լեյտենանտից միանգամից մայոր: Այսինքն` այս ընթացքում նրա կոչումը պետք է բարձրացած լիներ մի քանի անգամ, որպեսզի նա հասներ մայորի: Նրան հատկացվել էր նաև բնակարան:
Այսպիսով, կենցաղային սպանության համար նրա` բանտում անցկացրած ժամանակը, հավասարեցվել է բանակում ծառայելուն: Բանտում գտնվելը հայտարարվել է փաստացի զինվորական գործուղում` բանակում ծառայելու ժամանակ: Այս ամենը ոչ մի շրջանակում չի տեղավորվում, ո´չ իրավական, ո´չ բարոյական:
Այսինքն` մինչ նրան ազատ արձակելը այն ամենը, ինչ տեղի էր ունեցել Բուդապեշտում, կարելի է ձևակերպել ինչ-որ մարդկանց միջև տեղի ունեցած ինչ-որ բան: Մարդիկ տարբեր են լինում. լինում են հանցագործներ, լինում են հրեշներ, լինում անհավասարակշիռ մարդիկ, հիվանդներ և այդպես շարունակ: Սպանել է: Աշխարհում տեղի են ունենում սպանություններ: Դրանից հետո մարդասպանները, եթե ճանաչվում են` փոխվելու ենթակա, գնում են բանտ: Սա դատարանի կողմից համապատասխան կերպով գնահատված փոխհարաբերություն է մարդկանց միջև:
Այն բանից հետո, երբ նախագահի հրամանով դեռևս օդանավի մեջ Սաֆարովին ազատ են արձակել, նրան փաստացի հերոս են հռչակել, վճարել են բոլոր այդ փողերը, տվել են բնակարանը և այլն: Դա չէր վերաբերվում Ռամիլ Սաֆարով մարդուն, այլ Ադրբեջան պետությանը: Ադրբեջան պետությունն այդպես է վերաբերվում ազգությամբ հայի սպանությանը` որտեղ էլ դա լինի:
Տեղի ունեցածը ցույց տվեց ոչ թե այն, ինչ արել է սովորական մարդը, մարդասպանը, այլ այն, թե ինչպես է դրան վերաբերում պետությունը: Ահա թե ինչում է խնդիրը: Իսկ ֆորմալ` Հունգարիան իրավունք ուներ հանցագործին հանձնելու Ադրբեջանին:
- Հայ պատգամավորները 5-րդ գումարման ԱԺ արտահերթ նիստում եկան այն եզրակացության, որ ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցեցին ԼՂ-ի` Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով գտնվելու անհնարինությունը: Այս առումով դուք ինչպե՞ս եք տեսնում դեպքերի զարգացումը:
- Տարածաշրջանում իրադարձությունների զարգացումը ես տեսնում եմ մոտավորապես այնպիսին, ինչպիսին տեսնում էի մինչև այս միջադեպը: Հայ պատգամավորները, հավասարապես ինչպես և ոչ պատգամավորները, բավականաչափ լավ են հասկանում, թե ինչ է իրենից ներկայացնում, այսպես ասած` տարածաշրջանում ընթացող գործընթացը: Միգուցե Հունգարիայից դա տեսնելը ծանր է ու դժվար: Թեև բավական էր նույնիսկ մինչև այս միջադեպը google-ում լատինատառ գրել «Սաֆարով», տեսնելու համար, թե ինչպես է Ադրբեջանը բազմիցս պնդել, որ Սաֆարովն ազատ արձակեն, թե ինչպես է Սաֆարովը հերոսացվել, թե ինչ են նրա մասին խոսում և այլն:
Հայաստանում դա ընդհանուր առմամբ բավական լավ պատկերացնում էին և ո´չ ԼՂ-ի հայությունը, ո´չ Հայաստանի հայությունը, ԼՂ-ի` Ադրբեջանի կազմի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեին: Չէ որ նրանք այս տարածաշրջանը լավ գիտեն:
Այլ հարց է, որ այդ միջադեպից հետո, տարածաշրջանից դուրս գտնվող մարդկանց համար ամեն ինչ դարձավ ավելի ակնհայտ և շատ ավելի պարզ: Հիմա հայերի մոտ հայտնվել է առանձին բանավեճ, որը կարելի է ցուցադրել, որը կարելի է քննարկել, որը շատ համոզիչ է և որը շատ դժվար է ժխտել:
Ահա այս երկրի՞ն եք դուք առաջարկում հանձնել մեր բնակչությանը: Այդ երկրի բանակը կպաշտպանի՞ ազգությամբ հայերին հնարավոր խնդիրներից: Այս պետության այս նախագա՞հը պետք է լինի այդ մարդկանց անվտանգության երաշխավորը: Ընդհանրապես այդ մասին ի՞նչ կա խոսելու: Այսինքն` պետությունը, որը սադրում և արդարացնում է այդ տեսակ հանցագործությունները, պարզապես չի կարող խոսել այդ ազգության մարդկանց` այսինքն հայերի` իրեն ուղղահայաց հպատակվելու մասին:
Ղարաբաղցիները դա ասել են նաև նախկինում. որ որևէ ուղղահայաց հպատակության մասին խոսք լինել չի կարող: Բայց այժմ դա շատ ավելի հասկանալի է և ոչ այնքան դժվար, որքան անհնարին է համաձայնել խնդրի ինչ-որ լուծումների հետ` ինչպես օրինակ` Ադրբեջանի կազմում լայն ինքնավարություն, ինչը Ադրբեջանը խոստանում է Ղարաբաղի հայերին:
Երկուսից մեկը. մի կողմից մարդը գիշերը կացնահարում է մարդուն միայն ազգությամբ հայ լինելու համար, այնուհետև ծառայում է բանակում, ստանում է կոչում, աշխատավարձ, և հերոսացվում է, մյուս կողմից էթնիկ հայերին ինքնավարություն է առաջարկվում հենց այդ նույն երկրում: Այս երկու բաներն անհամատեղելի են:
Եվ տեղի ունեցածի ուղիղ շարունակությունը ղարաբաղյան գործընթացի լճացումն է: Ուղղակի, կրկնում եմ, այդ լճացումը արտաքին հետևողի համար այսպիսով դառնում է ավելի ակնհայտ:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին