Դ.Հարությունյան. ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովը Սաֆարովի գործը կքննարկի նոյեմբերին
ԵԽԽՎ իրավական և մարդու իրավունքների հանձնաժողովը «Սաֆարովի գործը» կքննարկի հաջորդ իր նիստում, որը կկայանա նոյեմբերին Փարիզում: Այս մասին Ստրասբուրգում Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով նախօրեին կայացած վեհաժողովի Բյուրոի նիստը ասել է ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
«Բյուրոն առաջարկել է Իրավական հանձնաժողովին մտածել այս հարցի շուրջ, որը վերջնական տեսք կստանա ավելի ուշ: Մեր հանձնաժողովի անդամները ևս զբաղվելու են այդ հարցով ու, կարծում եմ, այն կհնչի այսպես` «Իրավունքների չարաշահման փորձերի կանխումը Ստրասբուրգյան կոնվենցիայի շրջանակում»: Հենց այս թեմայի շրջանակում էլ կդիտարկվի նաև Սաֆարովի գործը»,- տեղեկացրել է Դ.Հարությունյանը:
Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք բարձրացվելու է Հունգարիայի և Ադրբեջանի միջև կայացած գործարքի հարցը , Դ.Հարությունյանը ընդգծեց, թե կասկածում է, որ այդ հարցը կմտնի օրակարգ:
Հիշեցնենք, 2004 թ-ին ադրբեջանցի մարդասպան Սաֆարովը Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Համագործակցություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում անցկացվող անգլերենի դասընթացներին քնած ժամանակ կացնով սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին և հունգարական արդարադատության կողմից դատապարտել ցմահ ազատազրկման: 2012թ-ին Հունգարիան արտահանձնեց նրան Ադրբեջան, որտեղ այդ երկրի նախագահը նրան ներում շնորհեց ու ազատ արձակեց:
Սաֆարովի արտահանձնման կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների և բոլոր պաշտոնական շփումների դադարեցման մասին:
Սաֆարովի արտահաձնումն ու ազատ արձակումը դատապարտել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Պետքարտուղարությունը, Ռուսաստանի և Ֆրանսիայի ԱԳ գերատեսչությունները, ԵԽ-ն, ԵՄ-ը, ՆԱՏՕ-ն, ՀԱՊԿ-ը և միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ: Սեպտեմբերի 13-ին Եվրախորհրդարանը Սաֆարովի գործով բանաձև է ընդունել:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան