Գազի հնարավոր թանկացման հետևանքները. «Ցեմենտի արտադրությունը կկանգնի, շինարարությունն ու տրանսպորտը կտուժեն»
«Սպառողների միության» նախագահ Արմեն Պողոսյանը համոզված է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը կբավարարի «Հայռուսգազարդ» ընկերության` գազի սակագինը բարձրացնելու վերաբերյալ հայտը:
«Մի փոքր ցածրացումով հայտը կբավարարվի: Միգուցե ներկայացրածի համեմատ 12-15 դրամ պակասի, բայց դա լուծում չի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Պողոսյանը:
Հիշեցնենք, որ «Հայռուգազարդ» ընկերությունը դիմել է հանձնաժողովին 10 հազար խմ գազի գինը գործող 132 000 դրամի փոխարեն` 221 000 դրամ սահմանելու հայտով:
Միության նախագահի խոսքով, հանձնաժողովը պետք է լինի ոչ թե որոշում կայացնողի, այլ դատավորի դերում, այսինքն լսելով ընկերության ու սպառողների ուսումնասիրությունները, հիմնավորումներն ու արգումենտները, որոշում կայացնի, ոչ թե հանդես գա սեփական ուսումնասիրություններով:
ՀԿ նախագահը գիտի, որ գազի գինը որոշվում է Կրեմլում, սակայն, նրա դիտարկմամբ, մեր երկիրը պետք է ուղիներ փնտրի ու գտնի տնտեսության կարևորագույն` էներգետիկայի ոլորտում կոմպեսացնելու և սեփական քաղաքակությունը վարելու համար:
«Ես կարծում եմ թռիչքը մեծ է, շատ չարդարացված, մենք պետք է գտնենք շռայլությունները, որոնց հետևանքով գազն այդչափ թանկանում է: Մոսկվայում մի գին է սահմանվում, իսկ մեր երկրի սահմանից մինչև մեր տուն հասնելը բավականին մեծ ծախսեր կան և այդտեղ կա շռայլություն»,-բացատրեց Պողոսյանը:
Խոսելով գազի որակի և գազի սակագնի միջև համապատասխանելիության մասին, միության նախագահն ասաց, որ քաղաքացիներից տրտունջներ շատ է ստանում խնդրի վերաբերյալ` «չհիմնավորված, ասում են, իմ ճաշը դանդաղ է եփվում»: Պողոսյանն ասաց, որ «Հայռուսգազարդ» ընկերության համաձայնությամբ կարող է ցանկացած տեղում չափել գազի կալորիականությունը, մի անգամ փորձել է, եղել է նորմայի սահմաններում:
«Այստեղ առեղծվածային բաներ չկան, կարող ենք մի անգամ էլ փորձել: Պետք է նախաձեռնող լինի, ես ձանձրացել եմ արդեն»,-խոստովանում է միության նախագահը:
Ինչ վերաբերում է գազի գնի բարձրացման հետևանքով հնարավոր թանկացումներին, ապա Պողոսյանը դա անխուսափելի է համարում ու թվարկում. «Գազից հետո առաջինը կթանկանա էլեկտրաէներգիան, այնուհետև կսկսվի թանկացումների շղթան, հացը, պանիրը, մի խոսքով, առաջնային սպառման ապրանքները: Նախ կփակվի ցեմենտի արտադրությունը, քանի որ այստեղ շատ մեծ է գազի օգտագործման տոկոսը, շինարարությունը կտուժի, հետո տրանսպորտը, տրանսպորտի մեծ մասն աշխատում է գազով: Այս շղթան շարունակվելու է»:
Այս ամենը, Արմեն Պողոսյանի լավատեսությամբ հանդերձ, կթանկանա 20-30 տոկոսով: