Գ. Սահակյան. Հայ-վրացական սահմանին քաղաքացինների զննումը կշարունակվի
Կարմրուկ հիվանդության գաղտնի շրջանը 21 օր է: Հայաստանում գրանցված երեք դեպքերից երկուսի պարագայում հիվանդության հայտնաբերման օրվանից արդեն 21 օր անցել է, նրանց հետ շփված մարդկանցից որևէ մեկի մոտ հիվանդությունը չի հայտնաբերվել: Այս մասին Panorama.am-ին հայտնեց առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Հիշեցնենք, որ Հայաստանում կարմրուկի բերովի 3 դեպք էր գրանցվել, երկուսը` Վրաստանից, մեկը` Ուկրաինայից:
«Վրաստանից եկած քաղաքացիներին նայում ենք, կոնտակտավորների ուժեղացված հսկողությունը շարունակվում է»,-ասաց ծրագրի ղեկավարը:
Նրա խոսքով, հայ-վրացական սահմանին Վրաստանից եկած քաղաքացիների զննումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանում լարված համաճարակային իրավիճակ է:
Վրաստանում այս տարվա ընթացքում գրանցվել է կարմրուկի 4533 դեպք, որից 1357-ը հոսպիտալացվել են, հիվանդության հետևանքով մահվան երկու դեպք է գրանցվել ` 11 ամսական և 19 տարեկան չպատվաստված անձանց մոտ:
Հիշեցնենք. որ կարմրուկը սուր վիրուսային խիստ վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ցիկլիկ ընթացքով, արտահայտված ինտոքսիկացիայով, կատառալ և ցանային համախտանիշով: Վարակի աղբյուրը միայն հիվանդ մարդն է` գաղտնի շրջանի վերջին օրերից, ողջ կատառալ և որոշ չափով ցանավորման շրջանում: Վարակը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Վիրուսն արտաքին միջավայր է թափանցում հազալու, փռշտալու, խոսակցության ժամանակ:
Ընկալունակությունը կարմրուկի նկատմամբ չհիվանդացած և չպատվաստված անձանց մոտ համընդհանուր է՝ մոտենում է 100%-ի: Վարակվելուց 5-6 օր հետո հիվանդի ինքնազգացողությունը խանգարվում է՝ բարձրանում է ջերմությունը, սկսվում է հազ, աչքերը բորբոքվում են, լույսի նկատմամբ դառնում են ցավոտ: Մի քանի օր հետո մարմնի ջերմությունը նորից բարձրանում է մինչև 39-40 աստիճան: Հիվանդի վիճակը զգալիորեն վատանում է՝ դիտվում է ընդհանուր թուլություն, քնկոտություն, հրաժարում սննդից, ի հայտ է գալիս ցանը՝ սկզբում դեմքին, ապա տարածվելով ամբողջ մարմնի վրա: Կարմրուկից մահացությունը պայմանավորված է բարդություններով՝ վաղ հասակում հիմնականում թոքաբորբեր, կարմրուկային կրուպ՝ շնչառության կանգով, իսկ դեռահասների մոտ` Էնցեֆալիտ, մենինգիտ, էնցեֆալոպաթիա:
Նախորդող հրապարակումներ`
Ան-ը խորհուրդ է տալիս Վրաստան հանգստի մեկնելուց առնվազն 4 շաբաթ առաջ պատվաստվել կարմրուկի դեմ
Կարմրուկի երրորդ դեպքն է հաստատվել Երևանում. Վրաստանից եկողները սահմանին զննում են անցնում